Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ՊԵԿ նախագահին հրահանգել է կրկին ծառայության ընդունել ՊԵԿ աշխատող Հայկ Մարտիրոսյանին, ում աշխատանքից ազատելու հրահանգ էր տվել ամիսներ առաջ՝ ՀՀ դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
«Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:
Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով:
Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»: