Մեկ տարի առաջ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված երկվորյակները Գյումրիի «Երեխաների տանը» չեն ապրելու։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Երեխաների տան» փոխտնօրեն Աննա Գևորգյանը։
«Երեխաները մեզ մոտ չեն տեղափոխվել, նրանք հավանաբար կապրեն մայրաքաղաքի «Երեխաների տանը», մեզ չեն հայտնել, որ մեկ տարեկան տղաները վերադառնալու և շարունակելու են ապրել մեզ մոտ»,- ասել է Գյումրիի «Երեխաների տան» փոխտնօրեն Աննա Գևորգյանը։
Ավելի ուշ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը հայտնել էր, որ մեկ տարեկան երեխաներին ստիպված են հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:
«Մայրը ծնողվարական հմտություններից գրեթե ամբողջությամբ զուրկ է: Երեխաները կապրեն Գյումրիի «Մանկան տանը»»,- հայտնել էր Սոնա Մարտիրոսյանը:
Նախարարության սոցաշխատողները գնացել են մոր վարձակալած բնակարան, իրավիճակին ծանոթանալուց հետո եկել են այն եզրակացության, որ կենսաբանական ընտանիքում չգտնվելը երեխաների լավագույն շահից է բխում: Պարզվել է նաև, որ երկվորյակների մայրը վարձակալած տանը ապրում է մի տղամարդու հետ, որը փոքրիկների կենսաբանական հայրը չէ, սակայն վերջինիս ամուսինն է: Նույն տանը բնակվում է նաև երեխաների տատիկը՝ մորական կողմից:
Հիշեցնենք, որ երկվորյակ եղբայրները 2018 թվականի հոկտեմբեր ամսից ապրում էին Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողած փոքրիկների մայրը Մասիս քաղաքի 19-ամյա բնակչուհի էր, որը հրաժարվել էր իր երեխաներից և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին: Երեխաներից հրաժարվելու որոշումն էլ մայրը նոտարական կարգով էր վավերացրել։