17-ամյա մարզիկ Էրիկ Խաչատրյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ատամներով քաշելով 5 ավտոմեքենա:
Նա նշեց, որ երկար է պատրաստվել հաղթանակին.
«Մոտ 2 տարի պարապում էի, վերջապես սահմանեցի ռեկորդ: Եթե մարզիկ ես, ապա ոչ մի դժվարություն պետք է չլինի, և ամեն բան հաղթահարելի է: Որոշեցի ատամներով քաշել, քանի որ մազերովն արդեն գրանցված ռեկորդ էր: Ես ատամներով քաշել եմ 11 տոննա քաշով 5 ավտոմեքենա»:
Էրիկ Խաչատրյանը նշեց, որ այդ հաղթանակին հասել է իր մարզիչների շնորհիվ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ինքը հասնի իր նպատակներին:
Մեր այն հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել այդ ամենը, մարզիկը պատասխանեց, որ սա հավանաբար Աստծու կողմից տրված պարգև է.
«Մենք պետք է թշնամիներին էլ ապացուցենք, որ հայ ազգը ուժեղ է ոչ միայն պատերազմական իրավիճակում, այլև սպորտի ոլորտում: Միշտ ռեկորդներ եմ սահմանելու և նվիրելու զինվորներին: Նոյեմբերի 20-ին մասնակցելու ենք Լեհաստանում և Գերմանիայի կայանալիք ուժային եռամարտի առաջնության աշխարհի գավաթին»: