«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք՝ «սխոդկա», որին, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնակցելու են քրեական աշխարհի մի քանի տասնյակի հասնող ներկայացուցիչներ, ի դեպ՝ նաև օտարազգի։
Մասնավորապես, մեր աղբյուրը փոխանցում է, որ գողական «սխոդկային» ներկա են լինելու ռուսական քրեական աշխարհի որոշ հայտնի դեմքեր, ինչպես նաև վրացի և եզդի «օրենքով գողեր»։
Հավաքի հիմնական նպատակը ՀՀ կառավարության կողմից նախատեսված հայտնի օրինագիծն է, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։
Սա լուրջ անհանգստություն է առաջացրել քրեական աշխարհում, քանի որ նման զարգացումները նրանց համար անակնկալ են եղել։
Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում այս թեման բավական ակտիվ քննարկվում էր հանրային օրակարգում, ըստ որի՝ ՀՀ-ում «օրենքով գողերի» և այլ քրեական հեղինակությունների նկատմամբ նախատեսվում է կիրառել լուրջ քայլեր, այսինքն՝ այս ուղղությամբ իրականացվելու է հստակ պետական քաղաքականություն։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ քրեական աշխարհի «հսկաները» տեղում փորձելու են հասկանալ, թե սա ինչպես կարող է ազդել իրենց վրա, և իրենք ինչպես կարող են իրենց հետագա ներկայությունն ապահովել ՀՀ տարածքում։
Թերթին փոխանցել են նաև, որ «սխոդկան», նախնական տեղեկություններով, նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ թե կոնկրետ որում, մեզ չհաջողվեց պարզել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: