Վատիկանի խոսնակի համաձայն, Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հրապարակայնորեն հրաժեշտ կտա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդներին փետրվարի 27-ին՝ իր պաշտոնական հրաժարականի օրվա նախօրեին:
 
Խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ այդ օրը հովվապետը «հավատացյալների հետ վերջին հանդիպումը» կանցկացնի Սուրբ Պետրոսի հրապարակում: Վատիկանի համաձայն, սպասվում է, որ նոր հովվապետն ընտրված կլինի մինչև այս տարվա Սուրբ Հարության տոնը:
 
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը նախօրեին հայտարարել է իր գահից հրաժարական ներկայացնելու մասին:
 
Բենեդիկտոս XVI-ի կողմից արված հայտարարության համաձայն, գահին նա կմնա մինչև փետրվարի 28-ը:
 
Հովվապետն ասել է, թե լքում է գահը, քանի որ վերջին մի քանի ամսվա ընթացքում զգալիորեն թուլացել է՝ «այն աստիճանի, որ պետք է ճանաչեի ինձ վստահված հովվական առաքելությունն իմ կողմից պատշաճ կերպով կատարելու անկարողությունը»:
 
Այս ամսվա վերջ Հռոմի պապի կողմից գահը լքելուց հետո Սուրբ Պետրոսի գահը կմնա թափուր, կարդինալների գաղտնի ժողով կհավաքվի՝ նոր Պապ ընտրելու համար:
 
Հռոմի Բենեդիկտոս XVI պապն իր հայտարարության մեջ ասել է, որ կշարունակի «նվիրված ծառայությունը եկեղեցուն՝ աղոթելուն նվիրված կյանք վարելու միջոցով»:
 
85-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կդառնա մի քանի դարի ընթացքում Հռոմի առաջին պապը, որը հրաժարվում է իր գահից: