«Փաստ» թերթը գրում է. «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ:
Ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ ՀՖՖ նախագահն առաջին հերթին պետք է լինի «ֆուտբոլի մարդ, այսպես ասած՝ «սվոյ» մարդ:
Մյուս կողմից՝ կարևոր էին համարում այն հանգամանքը, որ նա ապաքաղաքական անձնավորություն լինի և որևէ կախում չունենա որևէ ուժից՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն:
Երեկվա դրությամբ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները հակված են այդ պաշտոնում տեսնել լեգենդար հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, որն անցած տարի մերժել էր ստանձնել այդ պաշտոնը:
Քննարկվում է նաև հայ մյուս լեգենդար ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի անունը, ում հետ կապված, սակայն, չկա միասնական մոտեցում, այսպես ասած, կոնսենսուս:
Մեր աղբյուրները պնդում են, որ շատերը հակված են ոչ շատ հայտնի, բայց ֆուտբոլային մենեջմենթի տիրապետող երիտասարդ կադրերից մեկի՝ Խորեն Քալաշյանի թեկնածությանը, որը հայկական ֆուտբոլային միակ գործակալության՝ «Լեգալ Սպորտի» համահիմնադիրներից է և ունի թիմ, ուր ընդգրկված են ֆուտբոլային աշխարհին պատկանող, ֆուտբոլից հասկացող մարդիկ, այդ թվում՝ հավաքականի նախկին խաղացող Կարեն Դոխոյանը:
Չի բացառվում, որ մինչև դեկտեմբերի 23-ը շրջանառվեն ու քննարկվեն այլ անուններ ևս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: