Աշխատանքային այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 11-ին Քիշնեւում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արեւելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահն անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, երկրում իրականացվող բարեփոխումներին: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախագահը խոսել է նաեւ էներգետիկ համագործակցությունը էներգետիկ թելադրանքի վերածելու՝ ադրբեջանական քաղաքականության անթույլատրելիության մասին, երբ պարտադրում են լռել ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումների բացահայտ դեպքերի ժամանակ անգամ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին՝ շեշտելով, որ փակ սահմաններն իրենց բնույթով հակասում են Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգի առանցքին:
Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաեւ համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին եւ ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարեւորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար եւ կառուցողական: Նա ընդգծել է, որ վստահ է՝ գագաթնաժողովն իր դրական ներդրումն ունեցավ ինչպես ԵԺԿ, այնպես էլ Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման ճանապարհին: «Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մոլդովական կողմին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար: Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք Երեւանում հյուրընկալեցինք համանման միջոցառում եւ շնորհակալ ենք պարոն Մարտենսին, ԵԺԿ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովների ավանդույթը եւ ձեւաչափը ձեւավորելու համար:
Գործընկեր պետությունների եվրամերձեցման գործընթացի կարեւոր բաղադրիչներից մեկը եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ գործակցությունն է, քաղաքական մշակույթի եւ ի վերջո՝ արժեհամակարգի մերձեցումը: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կարեւոր դերակատարում ունի եվրոպական ինքնության տարածման, գործընկեր պետությունների հետ համագործակցության խորացման գործում:
Այսօր մենք քննարկեցինք Արեւելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաեւ Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Մեզ համար սրանք շատ շոշափելի, կոնկրետ հարցեր են: Արդյունավետ աշխատելու համար Արեւելյան գործընկերությունը պետք է հասկանալի եւ հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք` ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Լինի դա տնտեսության առաջընթաց, անվտանգության խնդիր, քաղաքական կայունության եւ ամրապնդված ժողովրդավարության տեսքով՝ մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ինչ իրենք ստացան այս գործընթացից:
Արեւելյան գործընկերության գոյության ավելի քան չորս տարիների ընթացքում ձեւավորված համագործակցությունը ցույց է տալիս, որ այն իր մեջ պարունակում է մեծ ներուժ տարածաշրջանային համագործակցության եւ գործընկերության խորացման հարցերում: Մեր պատկերացման մեջ Արեւելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որեւէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը:
Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարեւորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առեւտուրը չի կարող լինել արդյունավետ»,-համատեղ մամուլի ասուլիսում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: