Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ իշխանություններին կոչ անելով Հայաստանում պահպանել կապի երեք օպերատորների առկայությունը։ Հայտարարությունում նշվում է, որ 2019թ դեկտեմբերի 30-ին «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը, և այդ դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն սահմանված կարգով վարույթ է հարուցել: Սույն թվականի մարտի 19-ին ՏՄՊՊՀ-ն, ելնելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում վարույթների վերաբերյալ նիստերի անցկացման հետ կապված առողջական ռիսկերից, իր N 122-Ա որոշմամբ կասեցրեց մի շարք վարույթների, ներառյալ նաև այս վարույթի ընթացքը:


Հասարակական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ իշխանություններին պահպանել շարժական կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի անմենակարևորը՝ ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական մրցակցությունը և տեխնոլոգիական զարգացումը: Անցում կատարելով քաղաքական կոմպոնենտից, խոսենք միայն տեղեկատվական անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ առաջին խնդիրը, որի առաջ Հայաստանը կկանգնի երկու բջջային օպերատոր ունենալու պարագայում, ընդհանուր կապուղիների կայունության հարցն է։ «Բնականաբար, ինչքան տեխնիկայի խտություն ունենանք, օպերատորների քանակի ավելացում, այնքան ավելի կայունությունը բարձր է։ Օպերատորների նվազումը լուրջ դեպքերի ժամանակ կայունությանը հարվածում է»,- ասաց մասնագետը։ Մարտիրոսյանի խոսքերով՝ ինչքան դաշտը մրցակցային է, այնքան գին-որակ աճը դրական է։ «Բայց կա սրա երկրորդ կողմը։ Ես համոզված չեմ, որ գործարքը արգելվի, «Բիլայնը» չի գնա սննկացման։ Կարծես թե ընդհանուր միտում է նկատվում։ «Վեո»-ները հեռանում են մի շարք շուկաներից, ինչպես ժամանակին եղավ «Օրանժ»-ի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ փոքր շուկաներում դժվար է գոյատևել, դրա համար շատ տեղերում խոշորացում է գնում, ինչը, իհարկե, լավ չէ, բայց առաջանում է շուկայի ընդհանուր տրամաբանության խնդիրներից»,- մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը։


Առաջիկայում հնարավոր գնային ու որակական փոփոխությունների մասով, Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ խոսել։ «Եթե ինձ կես տարի առաջ հարցնեիք, հնարավոր էր մտածեի այդ մասին, բայց հիմա ընդհանրապես մտածելն է անիմաստ։ Դա կախված է նրանից, թե տնտեսության հետճգնաժամային վիճակն ինչքան է տևելու, բնակչության վճարունակությունն ինչպիսին է լինելու և այլն։ Շատ լավ բաներ սպասել, դժվար թե արժի՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- ամփոփեց Մարտիրոսյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը ևս լավատես չէ այս հարցում։ Մեզ հետ զրույցում նա նշեց՝ լավ էր, որ երեք օպերատորներ էին գործում շուկայում, մրցակցությունն ինչ-որ չափով ապահովվում էր, որակի ու գնային քաղաքականության մասով ընկերությունները մրցակցում էին։ «Տեսեք, ես, օրինակ, ինտերնետ կապի մի օպերատորից հրաժարվեցի վատ որակի համար, հիմա օգտվում եմ այլ օպերատորի ծառայություններից։ Այն ժամանակ մենք ունեինք ընտրելու հնարավորություն։ Իսկ այս պարագայում երկու կապի օպերատորի միջև, օրինակ, պայմանավորվածությունները շատ ավելի հեշտ կլինեն։ Գնային, որակային առումով նույն հարթությունում կլինեն»,- մտահոգություն հայտնեց տնտեսագետը, ապա ավելացրեց՝ ազատ շուկայական հարաբերությունների տեսանկյունից ևս խնդիր է առաջանում։

Տնտեսագետի խոսքերով՝ շուկայում կապի երկու օպերատորի մնալուց հետո, սպառողները անպայման կապի որակի ու գնային փոփոխություններ պետք է սպասեն։