«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նկատմամբ։
Մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ստացել Լևոն Յոլյանի վերաբերյալ։ Դիմումը վերաբերում է Լևոն Յոլյանի կողմից դստեր համար գնված թանկարժեք բնակարանին, որը ոչ Յոլյանի, ոչ էլ նրա հետ փոխկապակցված անձի՝ դստեր՝ Աննա Յոլյանի հայտարարագրում արտացոլված չէ։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը թանկարժեք բնակարանը Աննա Յոլյանի համար գնել է Բուզանդի 107 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքի 12-րդ հարկում «Դակռուս» ՍՊԸ-ից։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 242,5 ք/մ է:
Բնակարանի շուկայական արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Գործարքը կարծես թե տեղավորվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակում։ ԿԿՀ-ից, սակայն, հրաժարվեցին վարույթի հետ կապված որևէ տեղեկություն փոխանցել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: