Բաքվի պաշտպանության նախարարն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում «հրահանգներ է տվել կապված հայկական զինված ուժերի կողմից հնարավոր սադրանքները կանխելու հետ: Պաշտոնական Բաքվի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանագծման ու սահմանազատման գործընթացները սկսելու կոչերի ֆոնին ադրբեջանա-հայկական սահմանին տեղի են ունենում միջադեպեր», ասվում է Բաքվի գերատեսչության հայտարարության մեջ։

Բաքուն չի թաքցնում բախումներ հրահրելու եւ Հայաստանին «սահմանազատման հանձնաժողով» ստեղծելուն հարկադրելու իր մտադրությունները: Ռուսաստանի հովանու ներքո նման «եռակողմ» հանձնաժողովը կարող է մեծ ձեռքբերում դառնալ Բաքվի համար։ Սա կարող է Հայաստանի համար վերջնականապես փակել միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ և ՄԱԿ դիմելու հնարավորությունը։


Մոնիտորինգի միջազգային մեխանիզմների բացակայությունը Բաքվին հնարավորություն է տալիս իրականացնել ռազմական գործողություններ եւ դա պայմանավորել Հայաստանի «սադրանքներով»: Բաքուն, արդարացնելով 2020 թվականի աշնանը Արցախում կատարած իր գործողությունները, հայտարարում է, որ դրանք հրահրվել են հայկական կողմից: Միջազգային մոնիտորինգի առկայության դեպքում Բաքվի գործողությունները կորակվեին որպես ագրեսիա:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ առաջարկած միջազգային մոնիտորինգի մեխանիզմներն ակտուալ են դառնում: Բաքվին և Մոսկվային հաջողվել էր չեզոքացել այս օրակարգը, քանի որ, ինչպես ասել է Ալիևը, միջազգային մեխանիզմների առկայությունը կնշանակեր Արցախի սահմանների ճանաչում: Իր հերթին, դա կփակեր ռուսական զորքերի ճանապարհը դեպի Արցախ։

Այն համառությունը, որով Երևանը չի դիմում ՄԱԿ և ԵԱՀԿ և չի պահանջում միջազգային մոնիտորինգի մեխանիզմներ, վտանգավոր է դառնում:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/19/655995/