Ազգային ժողովում ժողովրդից ստացած մանդատի վերաբերյալ իր կուսակցի դողդոջուն ձայնով հարցին Նիկոլ Փաշինյանը խոստացավ մինչեւ վերջ հասցնել սկսած գործը։ Խոսքը «խաղաղ դարաշրջանի» մասին էր, բայց Փաշինյանի՝ իշխանության մնալու խոստումը ոչ միայն կուսակիցներին էր, պողպատե ոչ կուսակից մյուս մանդատակիրներին, այլեւ այդ մանդատը շնորհած կողմին (ականջը կանչի խորհրդարանի ընդդիմադիրների ու մյուս ռուսանպաստների՝ «Պուտինն ինչո՞ւ է պահում Փաշինյանին» տարակուսանքի համար։ Հիմա է՞լ չեն հասկացել, թե ինչու է պահում)։
Փաշինյանն Ազգային ժողովում, Պուտինը ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում վերահաստատեցին գործը մինչեւ վերջ հասցնելու մտադրությունը՝ Հայաստանին պարտադրվող պայմանագրեր՝ Արցախի հարցի փակում, 1921-ի Կարսի պայմանագրի թարմացում՝ հայկական հնարավոր պահանջների փակումով եւ 1921-ի ռուս-թուրքական ոճրի օրինականացմամբ, Հայաստանի տարածքային կորուստներով «դեմարկացիա»՝ լիակատար մեկուսացմամբ։ Սրանք ոչ բոլոր հետեւանքներն են, բայց այսքանը կարծես թե արդեն ընկալվում է։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը հրատապ խնդիր է։ Սա բարդ, սակայն լուծելի խնդիր է՝ քաղաքական ամբողջական գործընթացի մեջ դիտարկելու պարագային։ Խնդիրը երկու հիմնական բաղադրիչ ունի՝ 1․ «պողպատե մանդատի» արտաքին հիմքը եւ շահառուն եռակողմ ձեւաչափն է, 2․ ներքին հիմքը՝ էլեկտորատը եւ հանրության ապակողմնորոշումը։
Երկրորդ կետը մասամբ հաղթահարվել է՝ Փաշինյանը կորցնում է էլեկտորատը եւ ըստ այդմ՝ եռակողմի շահառուների ծրագրերի «լեգիտիմության» փաստարկը։ Պետք է հստակ ամրագրվի, որ Փաշինյանին ձայն չեն տվել Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի համար, եւ ցանկացած պայմանագիր չի ունենալու ներհայկական «մանդատ», ըստ այդմ՝ լեգիտիմություն։
Առաջին կետի հարցը լուրջ է, որովհետեւ բացի դրա ամբողջական ընկալման խնդրից, կա նաեւ մյուս պահը՝ ինչ է առաջարկվելու արտաքին գործընկերներին եռակողմ պայմանավորվածոթյունների փոխարեն, եթե իհարկե դրա ժամանակը Հայաստանն ունի։ Ըստ էության, արտաքին գործընկերները, միջազգային կառույցներն իրենց արձագանքներում հենց այդ ակնարկն են անում Հայաստանին։
Խնդիրը բարդ է նաեւ այն առումով, որ Փաշինյանի իշխանության համագործակցային գործողությունների արդյունքում եռակողմի շահառուները՝ Մոսվան ու Բաքուն, ստացել են Հայաստանի դեմ ռազմական ու հիբրիդային գործողությունների լիարժեք ազատություն ու հնարավորություն։
Նոյեմբերի 16-ի հարձակմամբ եռակողմ հայտարարության շահառուները փորձում են արագացնել գործընթացը, քանի որ թե արտաքին, թե ներհայաստանյան իրողությունների փոփոխության հստակ միտումներ են նկատվում։ Փաշինյանի հրաժարականի խնդիրը լուծելի է հայկական պահանջների հիմքով այս գործոնների ամբողջական հաշվառմամբ՝ դիմադրությունը հենց սա է։ ՌԴ-ն, Արեւմուտքը, Իրանը, մյուսները Հայաստանի հանրությունից հստակ ազդակներ պետք է ստանան՝ շրջանի վերաձեւման առաջիկա գործընթացներում նախաձեռնությունների ու դերակատարության հայտով։
Սուբյեկտությունից զուրկ կամ հրաժարված երկիրը չի կարող նման դեր ստանձնել։ Փաշինյանի կառավարության հայտը ընդամենը դա է՝ հրաժարում սուբյեկտությունից։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/11/19/682432/