Ռուբեն Վարդանյանի թեման, որպես քաղաքական գործիչ ինձ հետաքրքիր էր մինչև այնքան ժամանակ երբ նա զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը: Առնվազն ադրբեջանին տուրք չտալու համար նա պիտի մնար այդ պաշտոնում:
Պետնախարարի պաշտոնից հեռացվելով բնականաբար որպես քաղաքական գործիչ նրա մասին իմ գնահատականը փոխվելու է, մասնավորապես կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում նրա հնարավոր ակտիվացմանը:
Երեք հիմնական պատճառներով հավատացած եմ, որ նա քաղաքական այն գործիչը չէ, որի շուրջ կարելի է համախմբվել:
Ա. Ռուբեն Վարդանյանը Հայաստանում քաղաքական ակտիվություն է ցուցաբերելու իր «Ապրելու երկիր» կուսակցության շրջանակներում: Իսկ ովքե՞ր են նրա կուսակցության հիմնական դեմքերը կամ ավելի ճիշտ քաղաքական գլխավոր խորհրդատուները: «Լուսավոր Հայաստան»-ում էդմոն մարուքյանի կողմից դաստիարակված, ժամանակին կուտակայինին «դեմ», հետո նիկոլի օրոք սոցապ նախարարի պաշտոնում դրան միանգամից «կողմ», հիվանդության պատճառով քաղաքականությունից հեռացած ու քիչ անց Արցախում քաղաքականությամբ զբաղվող Մանե Թանդիլյանը և հետպատերազմյան շրջանում նիկոլի համագործակցության ձեռքը սեղմած Մեսրոպ Առաքելյանը: Այսքանը բավական է գնահատական տալու համար «Ապրելու երկիր» կուսակցության մասին:
Բ. Ռուբեն Վարդանյանն Արցախում պաշտոնավարության կարճ շրջանում ապացուցեց, որ պոպուլիզմով ոչ միայն հավասարվում է նիկոլ փաշինյանին, այլ ինչ-որ տեղ նաև գերազանցում է նրան: ինքնաթիռով Ստեփանակերտ օգնություն փոխադրելու ցանկության մասին նրա հայտարարությունը դրա վառ ապացույց է: Իսկ թե նման մակարդակի պոպուլիզմն ինչպիսի ավեր է գործել մեր երկրում, բացատրության կարիք չունի:
Գ. Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ շատ փող ունենալով ու նույնիսկ հայրենասիրությամբ չի կարելի քաղաքական լավ գործիչ դառնալ: Լավագույն դեպքում դառնալու ես երկրորդ Գագիկ Ծառուկյան ու բոլորի «ցավը տանելու ես», անգամ նիկոլի կամ արայիկի: Վկան արայիկ հարությունյանին գլխավոր հրամանատար, իսկ իրեն զինվոր անվանելը:
Ինչպես նախապես էլ գրել եմ, Ռուբեն Վարդանյանը ոչ հերոս էր ու ոչ էլ փրկիչ: Հիմա ավելացնում եմ նիկոլի ու արայիկի կողմից, թերևս անկախ իր կամքից, փչված փուչիկ էր, որ հարմար պահի պիտի պայթեցվեր: Փորձեցինք կանխել դա, քանի որ այդ փուչիկը դիմադրությունը շարունակելու համար հույսի նշույլ էր Արցախի ժողովրդի համար: Չհաջողեցինք:
Հիմա երբ փուչիկը պայթեցվել է, այդ փուչիկն ամեն գնով պաշտպանելու պատճառ ևս չկա:
Ինձ համար Ռուբեն Վարդանյան քաղաքական գործիչի էջը բացվեց ու ավարտվեց Արցախում նրա գործունեության շրջանով։