Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական սադրիչ հայտարարությամբ՝ մեղադրելով Ֆրանսիային Հարավային Կովկասում «լարվածության մեծացման ջանքերի» մեջ։

«Այն հավաստիացումների հետ կապված, որ Լաչինի ճանապարհը իբր Ադրբեջանի կողմից «պահվում» է շրջափակման մեջ, ինչի հետեւանքով «հայ բնակիչները բախվում են լուրջ հումանիտար ճգնաժամի», կցանկանայինք հերթական անգամ հիշեցնել, որ անհեթեթ է որպես շրջափակում պատկերացնել սահմանային անցակետի գործունեությունը, որն ստեղծվել է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցներ եւ բեռների անվտանգությունը երաշխավորելու Ադրբեջանի պարտավորությանը համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի կողմից ռազմական եւ անօրինականն տնտեսական նպատակներով դրա չարաշահումը կանխելու համար»,- նշվել է ադրբեջանական գերատեսչության հայտարարությունում։


Ադրբեջանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնում, որ «ֆրանսիական կողմը, հետեւելով Հայաստանի մանիպուլյացիաներին, չի աջակցել այլընտրանքային ուղիների օգտագործման համաձայնագրերին, որոնց աջակցել են Եվրամիությունն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Միեւնույն ժամանակ, ֆրանսիական կողմի արձագանքի բացակայությունը Հայաստանի եւ նրան ենթարկվող անջատողական ռեժիմի՝ այլընտրանքային ուղիների օգտագործման ձեռք բերված համաձայնագրի խախտմանը, վկայում է, որ այդ երկիրը ձգտում է լարվածության հետագա խորացման տարածաշրջանում։ Ֆրանսիական կողմին լավ հայտնի է, որ եթե հայ բնակիչներն իսկապես ամենօրյա պահանջվող ապրանքների կարիք ունեն, դրա համար ադրբեջանական կողմն առաջարկել է Աղդամ-Խանքենդի եւ այլընտրանքային այլ ճանապարհներ»,- նշվել է հայտարարությունում՝ դրանով իսկ բացահայտ ընդունելով, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են սովով ստիպել արցախցիներին համաձայնել Աղդամով ճանապարհի բացմանը։ «Հավատալով Հայաստանի կեղծ քարոզչությանը՝ իր հայտարարությունում ֆրանսիացի նախարարի հղումը առաքելության գնդակոծման ապատեղեկատվությանը, որը սխալմամբ գնահատվել է Հայաստանում Եվրամիության առաքելություն, մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ խաղաղության եւ կայունության հաստատմամբ տարածաշրջանում»,- հայտարարել են Բաքվում։

Գերատեսչությունում նշել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, որ «Եվրամիության ներկայացուցիչների երթուղին նախապես ներկայացվում է ադրբեջանական կողմին։ Տրամադրված երթուղով ադրբեջանական կողմը հատուկ հետեւել է նշված օրը միջազգային դիտորդների ուղեւորությանը նշանակման վայր, որը «անցել է առանց որեւէ պատահարի։ Շրջանը, ուր եկել է առաքելությունը, գտնվել է ոչ թե Հայաստանի այն կետում, որտեղ տեղի է ունեցել ենթադրվող միջադեպը, այլ պայմանական սահմանի այլ ուղղությամբ»։

Այսպիսով, Բաքվում ենթադրում են, որ ԵՄ առաքելության անդամները պատկերացում չեն ունեցել, թե որտեղ են գտնվում...