Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը դեռ պատրաստ չէ օգոստոսին տեղի ունեցած Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո:
Հայաստան - Պորտուգալիա խաղի մեկնարկից մեկ օր առաջ ստադիոնի խոտածածկը դեռ մշակում են:
Խոտածածկի որոշ հատվածներ անմխիթար վիճակում են` խոտը ոչ լիարժեք է աճել կամ չի աճել: Այս պահին «Հանրապետականում» ընթանում են խոտի հնձման եւ մշակման աշխատանքներ:
Նշենք, որ Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները նախախաղային մարզում «Հանրապետականում» չեն անցկացնելու: Այս մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ ՀՖՖ-ն:
Երկու հավաքականներն էլ սեպտեմբերի 5-ի երեկոյան նախախային մարզումը կանցկացնեն Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։