Մերիմակ քոլեջի գիտնականները՝ դոկտոր Լորա Քուրձելի գլխավորությամբ, պարզել են, որ մնացյալ բոլոր պայմանների հավասար լինելու դեպքում, հիշելու գիտակցված մտադրությունն ավելի լավ է աշխատում, քան հուզական արձագանքը: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Behavioral Neuroscience ամսագրում:

Հետազոտողները ստուգել են, թե որն է ավելի մեծ ազդեցություն ունենում հիշողության վրա՝ հո՞ւյզը, թե՞ դիտավորյալ ջանքերը: Մասնակիցներին ցույց են տրվել բառեր, որոնցից մի քանիսը նրանց խնդրել են հիշել, մի մասն էլ՝ մոռանալ: Որոշ բառեր ունեին բացասական հուզական ենթատեքստ, իսկ մյուսները՝ չեզոք:


Ավելի ուշ մասնակիցներին խնդրել են ցանկից հիշել հնարավորինս շատ բառեր: Պարզվել է, որ այն բառերը, որոնք նրանց հատուկ ասվել էր հիշել, ամենահիշարժանն են եղել, նույնիսկ եթե դրանք ուժեղ հույզեր չեն առաջացրել: Այնուամենայնիվ, այս խմբի հուզական բառերը մի փոքր ավելի լավ են հիշվել, քան չեզոքները:

«Մենք պարզել ենք, որ այն, ինչ գիտակցաբար որոշում ենք հիշել կամ մոռանալ, շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան տեղեկության հուզական ենթատեքստը: Մենք ավելի շատ վերահսկողություն ունենք մեր հիշողությունների նկատմամբ, քան կարծում ենք»,- պարզաբանում է դոկտոր Կուրձելը:

Հեղինակներն ընդգծում են, որ գիտակցված ուշադրությունը և մոտիվացիան կարևոր դեր են խաղում հիշողության ձևավորման գործում: Զգացմունքները միայն ուժեղացնում են այդ ազդեցությունը, բայց չեն փոխարինում դրան։

««Հիշիր սա» հրահանգն ուղեղին օգնում է նույնականացնել տեղեկությունը որպես նշանակալի և «նշել» այն՝ երկարատև հիշողության մեջ պահելու համար: Միևնույն ժամանակ, ուղեղը ճնշում է մրցակցող, պակաս կարևոր հիշողությունները, և սա նաև բարելավում է արդյունքը»,- հավելում է Կուրձելը: