ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է 2-ի լույս 3 –ի գիշերը «Կանազի» զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպը:

 

«Պատասխանատվությունը յուրաքանչյուրի պարտականությունն է...

... ՙԿանազի՚ զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպը նոյեմբերի 2-ի լույս 3 –ի գիշերվանից ի վեր դարձավ համացանցի ՙհիթը՚: Գրում են այս մասին գրեթե բոլորը` ձգտելով վայրկյան առաջ իրար հաղորդել ՙհիթային՚ տեղեկությունը: Համացանցային լրատվամիջոցների եւ առանձին անհատների անհատական էջերում հայտնված տեղեկատվության առաջին աղբյուրը օգտատեր Մհեր Ղալեչյանն է: Բանն այն է, որ առաջինը նա է գրել իր էջում, որ զինվորական հոսպիտալի մոտ աննորմալ դեպքեր են կատարվում: Ապա ավելացրել, որ տեղի բնակիչները պատմել են.... Ապա հաջորդեցին արդեն պաշտոնական մեկնաբանություններ, թե ինչ է տեղի ունեցել: Բայց այս ամենը դարձյալ մի շարք խորհրդածությունների տեղիք տվեց: Նախ սկսենք Մհեր Ղալեչյանի հրապարակած տեղեկատվությունից: Այն, որ նա ահազանգել է ինչ –որ բանի մասին դրական է: Սա խոսում է պաշտպանական կառույցի նկատմամբ հասարակական ուշադրության մասին, ինչը ինքնին ողջունելի է եւ համապատասխան կառույցներին ստիպում է առավել սթափ ու զգոն լինել, ավելի լավ աշխատել: Բայց մի քանի նկատառում այդ հրապարակման մասին:
1. Մհեր Ղալեչյանը իր անձնական էջի հրապարակման մեջ խոսում է մի մարդու տեսանկյունից, որ ոչ թե, ասենք, Մոզամբիկում է, այլ զինվորական հոսպիտալի մոտ, քանի որ գրում է ներկա ժամանակով: Հետեւաբար նրա տեքստում պետք է տեսնեինք , թե երբ ասվում է ՙհոսպիտալի մոտ ինչ-որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում՚, ապա ինչ է տեսել տեքստի հեղինակը, ինչ էր կատարվում այդ պահին: Մինչդեռ նման նկարագրություն, թե ինչ է տեսել հեղինակը չկա: Փոխարենը գրված է` ասում են, որ .... ու առանց կոնկրետացման, թե ովքեր են այդ ականատեսները, նրանց անունից գործողությունների մի ողջ շարք նկարագրում` ՙհոսպիտալից 5 զինվոր է դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են՚: Ավելին ապա տեսնում ենք, թե մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, փող տվել վարորդին, որ տանի զինվորներից մեկին: Առանձնապես մեծ ջանք չի պահանջվի հասկանալու, որ այս ողջ գործողությունների շարքը չի կարող վայրկյանների ընթացքում տեղի ունենալ:
Եվ այս ամենից հետո հրապարակման մեջ գրվում է, որ գոնե այս եղանակով լուրը տարածվի ու ՊՆ –ն պարզաբանի, թե ինչ եղավ այդ զինծառայողների հետ: Ըստ այս հրապարակման զավեշտական իրավիճակ է առաջանում: Ստացվում է, որ ականատեսները կանգնել ու նայել են, թե ինչպես է այս ամենը տեղի ունենում: Այս մասին չեն ահազանգել, ավելին օգնել, որ զինծառայողը փախչի, այսինքն օգնել հանցագործություն իրականացնի: Եվ հիմա ականատեսներին, այդ թվում հրապարակման հեղինակին հետաքրքրում է, թե ՊՆ –ն ինչ կպարզաբանի:
Այստեղ հարց է առաջանում, եթե նման աննորմալ դեպքի ականատես եք` անկախ նրանից սովորական քաղաքացի, թե լրագրող, ապա ինչու այդ մասին չեք ահազանգում պատկան մարմիններին, որպեսզի նրանք գան եւ պարզեն թե ինչ է եղել,եթե դուք էլ չեք կարողացել կանխել նրանց փախչելը, ապա գոնե օգնեք, որ հնարավոր հանցագործությունը կանխվի: Չէ, որ հանցագործությանը աջակցելը եւս հանցագործություն է: Ավելին` մեկը իր գործը համարում է միայն սոցցանցում այդ մասին պատմելը եւ հեռահար արձագանքների սպասելը, մյուսը` տաքսի կանգնեցնում ու մի բան էլ վճարում զինծառայողի փոխարեն, որ փախչի:
2.Դեպքից հետո համացանցում ավելի շատ տարածվեցին առաջին աղբյուրի հայտնած տեղեկությունները, որոնք հիշեցնում ենք` հիմնված էին ՙասում են, որ...՚ վարկածի վրա: Ըստ դրա` իբր 5 զինծառայողներ են փախել: Այս տեղեկատվությունը մնաց միայն ասում են, թե մակարդակում, եւ պաշտոնապես չհաստատվեց. պաշտոնապես հաստատվեց, որ 4 զինծառայող է փախուստի դիմել, սակայն համացանցային լրատվամիջոցների մեծ մասի վերնագրերը հենց այդպես էին` հոսպիտալից 5 զինծառայող է փախել: Ավելին` դա գրվում էր, ոչ թե որպես նախնական վարկած, կամ ականատեսների տեսանկյունից, այլ որպես կայացած փաստ: Բացի դրանից, անգամ այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ արդեն առավոտյան 4 զինծառայողներից 3 –ը վերադարձվել էին, 5 զինծառայողի ՙփախչելու մասին վերնագրերը՚ նորից տիրապետող էին:
3. Սովորաբար բամբասանքներին եւ ասեկոսեներին տեղ է մնում, երբ լռում են պաշտոնական աղբյուրները: Դա այդպես է ողջ աշխարհում: Մինչդեռ տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը բավական արագ էր թարմացվում, համենայն դեպս, այդպես էին համացանցային թարմացումները: Սոցիալական ցանցերն այսօր հնարավորություն են տալիս տեղեկատվությունը ավելի արագ փոխանցել ժամանակակից միջոցներով: Նույն այդ ժամանակակից միջոցների առկայությունը եւ բազմազանությունը թույլ չի տա իրականությունը թաքցնել, հետեւաբար պաշտոնական տեղկատվության նկատմամբ անհարկի է թերահավատությունը: Եթե նկատի ունենանք նաեւ այն, որ դրա այլընտրանքը այս դեպքում ասեկոսեներն ու ՙասում են, թե..՚ վարկածը: Եթե պաշտոնական է տեղեկատվությունը, հետեւաբար կոնկրետ մարդ պատասխանատու է, եթե նա սխալ անի, դուք կարող եք պահանջել նրանից իր սխալի պատասխանատվությունը ստանձնել եւ ուղղել: Իսկ եթե ասեկոսեի կամ ՙասում են, թե..՚ -ի տարբերակն է, ով է պատասխանատու այդ տեղեկատվության համար, ոչ ոք: Արդյունքում ստացվում է, որ եթե ինչ-որ չեղած բանի մասին տեղեկատվություն է տարածվում, կամ ուռճացվում է, բայց դրա հետեւանքով մարդկանց հեղինակությունն է տուժում, ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Այդ է պատճառը, որ պետք է պարզապես ճշտել տեղեկատվությունը:

4. Այս ամենի մեջ մանրուք թվացող մի բան էլ ուշադրություն գրավեց: Զինծառայողներին վերադարձնել օգնել են նրանց ծնողները: Այստեղ մի քանի փաստ արձանագրեք: Ծնողը ոչ միայն չի մղում իր երեխային խուսափել ծառայությունից, այլեւ այս դեպքում պարզապես պարտադրում է, որ նա իր պարտականությունը կատարի: Եվ ի տարբերություն ՙհոգատար՚ ձեւացած ականատեսների, որոնք տաքսի են կանգնեցնում, որ նա փախչի` նպաստելով, որ նա սխալ գործի, այլ աջակցում են, որ նա զերծ մնա այդ սխալից: Այս դեպքը եւս մեկ անգամ փաստում է մի հանգամանք, որ այս գործընթացում կողմնակի միջամտությունը շատ հաճախ ավելի շատ անհիմն աղմուկ է առաջացնում, քան օգնում լուծել խնդիրները: Սա ամենեվին չի խոսում այն մասին, որ պետք է թուլանա նման դեպքերի նկատմամբ հասարակական ուշադրությունը, բայց այս դեպքում ստացվում է մի բան, որ գործնականում ծնողների եւ պատկան մարմինների աշխատանքի շնորհիվ է վերականգնվել բնականոն վիճակը, իսկ մյուս մեկնաբանությունները, ՙականատեսների՚ մտահոգությունները շատ հաճախ նմանվում են փոթորիկ են մեկ բաժակ ջրում:
5. Այն, ինչ կատարվել է ներսում միայն քննությամբ պետք է պարզվի: Սա է աշխարհում ընդունված կարգը: Իսկ որպեսզի պատկան մարմինները հաշվետու լինեն հասարակությանը եւ բացառվեն նման խնդիրները հասարակական ուշադրությունը բնականաբար պետք է մեծ լինի: Բայց հասարակական ուշադրությունն այս դեպքում չի նշանակում անհիմն վիրավորանքներ ու ատելության խոսքեր շռայլել ում պատահի: Այլ խնդրով միշտ հետաքրքվել ու առկա հարցերի դեպքում դրանք կոնկրետ ուղղել ու պատասխաններ ստանալ:
6. Չգիտեմ այս մասին ինչպես են մտածում պատկան մարմինները, բայց եթե տեղեկատվության բնագավառում այսպիսի թափանցիկություն կա անգամ այդպիսի բնագավառներում, ինչպիսին պաշտպանական կառույցն է, նշանակում է հասարակության յուրաքանչյուր անդամի համար նաեւ հնարավորություն է խնդիրների լուծման գործընթացին մասնակցել: Իսկ դա նշանակում է ոչ թե չճշտված տեղեկություններ տարածել ու սպասել, թե ով հետո կպարզաբանի, այլ անմիջապես ահազանգել ու ճշտել տեղեկությունը: Դրանով միանգամից մի քանի գործ արած կլինեք` նախ ճիշտ տեղեկատվություն կհրապարակեք, կկանխեք ասեկոսեների եւ բամբասանքների տարածումը, կխուսափեք հասարակությանը ապակողմնորոշելուց, տեղյակ կպահեք պատկան մարմիններին հնարավոր խնդրի մասին` միաժամանակ նրանց ցույց տալով, որ դուք տեղյակ եք խնդրին ու հետեւելու եք դրա լուծմանը:
7. Մեր շուրջը տեղի ունեցած ամեն ինչի համար մենք բոլորս ենք պատասխանատու` անկախ մասնագիտությունից: Պատասխանատվությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է»: