Զինված ուժերի կառուցվածքի հետագա կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու, ղեկավարումը կոորդինացնելու, մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով, մի քանի ուղղություններով ստեղծվեցին բանակային զորամիավորումներ` համախմբելով համապատասխան տարածաշրջանների զորամասերի գործունեությունը:

Կոմպլեկտավորվեցին կենտրոնական ապարատի վարչությունները, բաժիններն ու ծառայությունները, կայացան հրետանու, հակաօդային պաշտպանության, օդուժի զորատեսակները, կազմավորվեցին հետախուզության, կապի, ինժեներական զորքերը, որոնք կատարեցին իրենց վրա դրված խնդիրները պատերազմի ժամանակ, այժմ էլ մարտունակ են և պատրաստ պաշտպանելու Հայրենիքի սահմանները:

Տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ բարձրացել է սպաների և զինվորների մարտական պատրաստվածության մակարդակը, բարելավվել բարոյահոգեբանական մթնոլորտը, ամրապնդվել կարգապահությունը: Եթե 1995թ-ին Հայկական բանակում զոհվել, սպանվել և մահացել է 324 զինվոր, ապա 2001թ-ին` 56: Իհարկե, մեր փոքրաթիվ ազգի համար դա էլ մեծ թիվ է, սակայն նման նվազումը ցուցանիշ է տարվող աշխատանքի արդյունավետության:

Մարտական պատրաստականությունն ու մարտական պատրաստությունն ընդգրկել են Զինված ուժերի կյանքի ու գործունեության բոլոր ոլորտները: Այս առումով առաջնային են եղել ցանկացած պահի զորքերի` խաղաղ ժամանակաշրջանի հաստիքներից պատերազմականի կազմակերպված անցման, ինչպես նաև, մարտական առաջադրանքները կատարելու նպատակով մշտական տեղակայման վայրերից արագ և հակառակորդի հետախուզական միջոցներից աննկատ դուրս գալու խնդիրները:

Այս առումով բանակաշինության երրորդ փուլը բավականաչափ հագեցած է ջոկից մինչև մարտական զորամիավորման մակարդակով հաստիքային զենք ու զինամթերքի օգտագործմամբ, պլանային բազմաթիվ ուսումնամարզական, ճամբարա-դաշտային, հրամանատարաշտաբային հավաքներով:

Տանկային ուղեգծերում, հրացանահրետանային հրաձգարաններում, տակտիկական ուսուցման դաշտերում ամենօրյա գործնական պարապմունքների շնորհիվ ամրապնդվում է զինվորների` ուսումնական դասարաններում ստացած տեսական գիտելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվում բանակային զորամիավորումների` բարդ կլիմայական պայմաններում և գիշերային ժամերին մարտական գործողություններ վարելու ունակությանը:

Կարևոր նշանակություն է տրվում հրամանատարական կազմի օպերատիվ մտածելակերպի զարգացման, ստեղծված իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու, նպատակաուղղված որոշումներ կայացնելու, տեղանքում աշխատանքները կազմակերպելու, իրենց ենթակայության տակ գտնվող կազմավորումները մարտի ժամանակ կառավարելու ուսուցման գործընթացին: