Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2012 թվականին ոստիկանության ոլորտում կատարած դիտարկումների արդյունքը՝ զեկույցի տեսքով: Այս մասին YerevanNews.am-ին են փոխանցում ՄԻՊ գրասենյակից:
Ստորև Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:
*Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
* Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր
կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից:
* Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ
ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:
* Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական
գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:
* ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:
* 2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:
* Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի
բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության
ենթարկելու ուղղությամբ:
* Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային
ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված
ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:
* Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների
հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:
* Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:
Արձանագրված դրական զարգացումները
* Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում
ոստիկանության գործելաոճը:
* 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության
ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:
* ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն վերացվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:
* Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` տեսախցիկներ
են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:
* Ձեռնարկվել են միջոցներ համայնքային ոստիկանության ստորաբաժանումների
ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:
* 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում
շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:
* Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվեցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագիծ: