Երեկ «ժառանգություն» կուսակցության, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց «ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Այս պահին չեմ կարող մանրամասնել, համենայնդեպս համագործակցության ձևաչափեր են քննարկվել: Տարբեր հարցեր են քննարկվել»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանն ու պատասխանելով մեր այն հարցին, թե նախաձեռնողն ո՞վ է եղել ու ինչու՞ ՀԱԿ-ը չէր մասնակցում՝ ասաց. «Ես կարող եմ ասել, որ մենք չենք եղել նախաձեռնողը, այնպես, որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»: Նշենք նաև, որ քաղաքական քննարկումների շարունակական լինելը դեռ պարզ չէ:
Հովսեփ Հուրշուդյանը նաև ասաց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ «Ժառանգություն»ն առանձին բանակցություններ է վարում՝ ճշգրտելու համագործակցության օրակարգը:
Հիշեցնենք, որ «168 ժամ»-ն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ ՀՅԴ-ն ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» քննարկել են Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: