Հայոց բանակով հպարտանալու հերթական առիթն ունեցանք: Կրկին գործով ապացուցվեց, որ ունենք մարտունակ բանակ: Օդաչուների աճյունները վերադարձնելը նախարար Սեյրան Օհանյանի և ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի համար պատվի խնդիր էր: Եվ այդ խնդիրը լուծվեց պատվով:
Հայկական կողմի դիվանագիտական ջանքերը արդյունք չէին տալիս, քանի որ Բաքվում դրանք ընկալվում էին որպես թուլություն և ավելի լկտիացնում ալիևյան շրջապատին: Ստեղծված իրավիճակում` անպատժելիությունն ավելի սանձարձակ ու լկտի կդարձներ հակառակորդին: Հետևաբար ուժի ցուցադրությունն անհրաժեշտություն էր:
Կատարվածի հոգեբանական նշանակությունն ահռելի է: Նաև շնորհիվ այդ գերազանց իրականացված գործողության Բաքվում պետք է զգան իրենց բանակի թուլությունը: Ընդ որում դրանում պետք է համոզվեն առաջին հերթին շարքային անդրկովկասցի թուրքերը, համոզվեն, որ սահմանից այն կողմ հզոր բանակ է կանգնած, որի հետ ավելի լավ է գործ չունենալ: Եվ իհարկե մեր հասարակությունն էլ համոզվեց, որ հզոր բանակ ունի:
Տարիներ շարունակ մարզվելով, խրամատային մարտերում թրծվելով հայոց բանակի հատուկ ստորաբաժանումները դարձել են փորձառու և պրոֆեսիոնալ` ունակ լուծելու բարդագույն մարտական խնդիրներ: