Շուրջ 2 տարի, 503 սերիա, երկուշաբթիից-ուրբաթ, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի «Արմենիա» հեռուստաընկերությունը ցուցադրեց «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը: Այն ամենադիտվողն էր, ամենավարկանիշայինը, ամենահետաքրքիրը, ամենաքննադատվողը, ամենասիրվածը…Մի խոսքով հետաքրքիր բոլոր առումներով` գովեստից մինչև քննադատություն, թույնից մինչև ծաղիկներ…
Քննադատում էին ասելով, որ չեն նայում, քննադատում էին իրենց համարելով «բարձր արվեստի ջատագով»` բայց քննադատում էին գռեհիկ, անգրագետ, անհիմն ու հայհոյախառն ոճով, ցուցադրելով իրենց անդաստիարակությունն ու երկերեսանիությունը:
Ցուցադրելով շատ հաճախ իրենց նախանձը, շահագրգռվածությունը, լրագրողական խորամանկությունը, սերիալի վարկանիշային «հետույքին» տզրուկի նման կպնելու միջոցով ինքնահաստատվելու մեծ ցանկությունները:
Եթե մեկն ամերիկյան տափակ, անճաշակ, կիսատկլոր աղջիկներով համեմված «բոյեվիկներ» է նայում` կարելի է, իսկ սերիալներ, որոնք ավելի իրական, կենցաղային ու դաստիարակչական են` ոչ: Քաղքենիական դաստիարակությամբ ու կեղծ, ցուցադրական «մտահոգությամբ», բարձրաճաշակ երևալու ձգտումով պետք է քարկոծել «Հարազատ թշնամին» ու հատկապես` ֆիլմի պրոդյուսեր, սցենարիստ և տաղանդավոր ու միաժամանակ փխրուն Դիանա Գրիգորյանին ու նրանք դա անում էին ինքնամոռաց ու լկտի:
Ֆիլմերը, երաժշտությունը, արվեստն առհասարակ բազմաժանր է ու բազմաոճ, և լավ է, որ այդպես է…Լավ է, որ յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչը որ իրեն հոգեհարազատ է կամ տվյալ պահին հաճելի ու անհրաժեշտ…Բոլորը դասական երաժշտություն չեն կարող սիրել, այդ երաժշտությունը հասկանալու համար նաև երաժշտական կրթություն, մանկուց ներարկված, ձևավորված երաժշտական ճաշակ պետք է ունենալ, ուստի մարդիկ տարբեր իրավիճակներում լսում են այն, ինչ իրենց պետք է տվյալ պահին, ինչի կարիքն ունեն, ինչն անհրաժեշտ է իրենց տվյալ հոգեվիճակում ու հոգեհարազատ է: «Հարազատ թշնամի» սերիալին քննադատող` թույն ու հայհոյանք շպրտողներին շատ խելացի, գրագետ, հիմնավորված, բոլոր` գուցե որոշ դեպքերում տեղին և նաև շատ հաճախ հիմար քննադաություններին Դիանա Գրիգորյանը կարողացավ խտացված, հետաքրքիր, գեղեցիկ, խելացի ու տրամաբանական ֆինալ մատուցել…Նա կարողացավ իրեն բնորոշ տաղանդով ամեն ինչ դնել իր տեղը` իր գնահատականներով, իր մեկնաբանություններով, իր արժևորումներով, դաստիարակչական մտքերով վերջնականապես ու հիմնավոր պատասխանել իրեն, սերիալին քննադատող «բարձրաճաշակներին ու սերնդի դաստիարակությամբ մտահոգներին»: Սա մի իրական հաղթական ավարտ էր, շքահանդես, գեղեցիկ ու խելացի մտահղացում…
Եվ պատահական չէր այն մեծ, աննախադեպ, ռեկորդային վարկանիշը, որն ապահովեց այդ ֆիլմի վերջին սերիան…
Ապրե′ս Դիանա, այդպես էլ շարունակի…Քննադատում և հայհոյում են նրանց, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում, ստեղծում են, արարում, ովքեր տաղանդավոր են…Այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի, նախանձները, չարակամներն ու հիմարներն են շատ գուցե…Սիրով սպասում ենք քո նոր նախագծերին, քո նոր ֆիլմերին…Քեզ սիրողներն ու համակրողները ավելի շատ են` հաստատ շատ են, անկասկած…Համոզված եմ…
Իսկ քեզ «դատողներին» Աստված կդատե, նրանց մնում է իրենց մեջից չարը վեր առնեն…
Ռոբերտ Մելքոնյան-Facebook