Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակն ամենախայտաբղետն է մնացած բոլոր քաղաքական ուժերի ցուցակներից: ՀՀԿ-­ն  ավագանու 65 տեղերի համար ներկայացրել է 195 հոգուց բաղկացած ցուցակը:

Մենք բազմիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս ցուցակին, սակայն այն այնքան բազմազան է, որ այս անգամ էլ Yerevannews.am-ը կանդրադառնա դրա ևս մեկ մասին։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Երևանի  թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ նախագահը ստացել էր ավելի պակաս ձայներ, քան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պարզ է, որ թիվ 1 ընտրատարածքի համար պատասխանատու էին  Մանվել Ջավադյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, բայց դա նրան չի ազատում պարտավորված լինելու զգացումից: Սա, իհարկե, մտահոգիչ է եղել ՀՀԿ-­ական վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի համար, թե  ինչպես կարող է Տարոն Մարգարյանի հայրենի համայնքում նման ցուցանիշ գրանցվեր:

Երևանի Ավագանու ընտրությունները Ջավադյանի համար լուրջ հնարավորություն է ապացուցելու համար, թե ինքն այս անգամ  ինչի է ընդունակ Տարոն Մարգարյանի համար։ Եթե Սերժ Սարգսյանի պարագայում հարցն այդքան էլ անմիջական չէր, ապա նույնը չենք կարող ասել Տարոն Մարգարյանի հարցում, քանի որ նրա և Ջավադյանի հարաբերությունները վեր են ամեն տեսակ կուսակցական հարաբերություններից:  

Այս մտավախությունն է պատճառը, որ Ջավադյանն իր բոլոր թիմակիցներին իր գլխավորությամբ  ներգրավվել է այս ընտրական գործընթացում: ՀՀԿ-­ի ավագանու ցուցակի 22-րդ տեղում է հենց Մանվել Ջավադյանը: Ցուցակում են հայտնվել նաև նրա  երկու տեղակալները՝ Արարատ Մարկոսյանն ու Սամվել Ղումաշյանը, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 140 և 157­-րդ տեղերը:  Ջավադյանը չի բավարարվել իր տեղակալներով և ընտրական գործընթացների մեջ է ներգրավվել իր աշխատակազմի անդամ Գագիկ Սերոբյանին, ով ՀՀԿ ցուցակի 125-րդ տեղում է: Ավան վարչական շրջանի ղեկավարի ներկայացուցիչների շարքն է համալրում նաև Ավանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահ Սամվել Ղումաշյանը: 

Ուշագրավ է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանը եղել է սիրված թաղապետ ու ամենայն հավանականությամբ կհավաքի բավականին պատկառելի ձայներ: Նման պարագայում, սակայն մեկ դեպքում կարող է Մանվել Ջավադյանի հետ կապված խնդիրներ առաջանան, երբ  Տարոն Մարգարյանը չընտրվի քաղաքապետ արդեն հարց կլինի, թե Մանվել Ջավադյանը կշարունակի պաշտոնավերլ Ավան վարչական շրջանում, թե՝ ոչ: