Վերջերս պաշտպանության նախարարությունում և զորքերում կազմակերպված հավաք-պարապմունքների շարքի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վեր հանեց «քողը» «Հրամանատրում առաջադրանքով» եզրույթի վրայից` որպես պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում հայոց զինուժի համար ի հայտ բերված նոր նախաձեռնություն: Թեև այս նախաձեռնության մասին հիշատակվել էր դեռևս անցյալ տարի` պաշտպանության նախարարության տարածած մի շարք մամուլի հաղորդագրություններում, սակայն հավաք պարապմունքների հիշատակված շարքը դարձավ այս նոր հայեցակարգն անձնակազմին առավել հանգամանալից` ռազմագիտական մակարդակով մատուցելու առաջին հարթակը:
Սակայն որոշ լրատվամիջոցներ, թյուրըմբռնելով «Հրամանատրում առաջադրանքով» եզրույթի էությունն ու իմաստը, շտապեցին այն որակել որպես բանակում վերահսկողության և հաշվետվողականության իջեցմանն ուղղված քայլ, որը կարող է հանգեցնել ինքնակամության և թողտվության թե՛ խաղաղ ժամանակաշրջանում և թե՛ պատերազմական իրավիճակում:
Սույն հոդվածը նպատակ ունի ցրել «Հրամանատրում առաջադրանքով» հայեցակարգի շուրջ ստեղծված հակասական պատկերացումները` երեք գլխավոր հարցերին պատասխանելու միջոցով բացահայտելով դրա իրական էությունը, նպատակները և օգտագործման հեռանկարները:
Այս հարցերի շուրջ է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» թղթակից, լեյտենանտ Բագրատ Մովսեսյանի զրույցը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պաշտպանական քաղաքականության պլանավորման բաժնի պետ, գնդապետ ԺԻՐԱՅՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ:
ՀԱՐՑ 1. ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ «ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ», ԱՅՆ ԷԼ «ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ»
«Հրամանատրում» եզրույթը (տերմին) ընդգրկում է հրամանատարական գործառույթների իրականացման ամբողջ շրջանակը, ներառելով գործողությունների (մարտի) պլանավորման, նախապատրաստման, վարման և դրանց արդյունքների վերլուծության ու դասերի քաղման գործընթացները: Այսինքն` «հրաման արձակելը» կամ «հրամայելը» հանդիսանում է այս եզրույթի միայն սկզբնական, այսպես ասած՝ մեկնարկային տարրը, իսկ «հրամանատրումը» ընդգրկում է ղեկավարման ու կառավարման ամբողջ հայեցակարգը: Պարզաբանման համար պետք է նշել, որ խոսքը ռուսերեն «командовать» և անգլերեն «to command» բայերի մասին է` համապատասխանաբար՝ «дать команду» և «give (issue) a command» արտահայտությունների փոխարեն:
«Հրամանատրումը» գալիս է փոխարինելու նաև փոխկապակցված, բայց և առանձին հասկացություններ համարվող «ղեկավարում» (հրամանատարի պատասխանատվությունը) և «կառավարում» (շտաբի պատասխանատվությունը) եզրույթներին, որոնք այժմ նորովի են իմաստավորվում մեկ միասնության մեջ` ներառելով և՛ հրամանատարի, և՛ շտաբի գործունեության դաշտը:
Սակայն, նախ հասկանանք, թե առանձին վերցրած՝ ինչ են ենթադրում այս հասկացությունները: Պետք է նշել, որ ղեկավարումն ու կառավարումը ներառում է ինչպես ղեկավարման արվեստը, այնպես էլ կառավարման գիտությունը: Ղեկավարման արվեստը իշխանության, բնազդի, մտատեսության և փորձի ստեղծագործաբար և հմուտ օգտագործումն է որոշումների կայացման և առաջնորդելու գործընթացներում, մինչդեռ կառավարման գիտությունը բոլոր այն համակարգերն ու ընթացակարգերն են, որոնք բարելավում են հրամանատարի «ըմբռնողականությունը» և աջակցում առաջադրանքի կատարմանը:
Ղեկավարումը ռազմական բոլոր ձեռնարկների (գործողությունների) կենտրոնում է, իսկ ղեկավարման միասնականությունը կենտրոնական նշանակություն ունի ջանքերի միասնականության համար: Ղեկավարման անքակտելի մաս է կազմում հրամանատարի կողմից ենթակաների նկատմամբ ունեցած իշխանությունը (այդ թվում` առաջադրանքներ տալու իշխանությունը), ինչպես նաև դրանց հաջող կատարման համար հաշվետու լինելը: Չնայած հրամանատարները կարող են վերավստահել առաջադրանքների կատարման իշխանությունը, սակայն չեն կարող ազատվել առաջադրանքները հաջող կատարելու համար կրած պատասխանատվությունից:
Այսպիսով, ժամանակակից բարդ օպերատիվ միջավայրում հրամանատարները պետք է օգտագործեն «ղեկավարման արվեստին» մտասևեռված «առաջադրանքով հրամանատրման» հայեցակարգը, միևնույն ժամանակ, շտաբի միջոցով աջակցություն ստանալով «կառավարման գիտությունից»: Ինչ վերաբերում է «Հրամանատրում» բառի` ականջի համար առաջին հայացքից թվացող անսովորությանը, ապա այն կարելի է գտնել և Ս. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանում» (Հայկական ՍՍՌ Պետական Հրատարակչություն, Երևան, 1944թ., 3-րդ հատոր, էջ 145), և «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» (Վենետիկ, Սուրբ Ղազարի տպարան, 1837թ., հատոր Բ, էջ 133):
Իսկ այժմ պարզենք, թե ինչում է կայանում «խնդիր» և «առաջադրանք» հասկացությունների տարբերությունը: Անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն «խնդրի», որն իրենից ներկայացնում է կատարելու համար պահանջվող հստակ հանձնարարություն, «առաջադրանքը» հանդիսանում է նախապես սահմանված կամ նախակարգված աշխատանքների ամբողջական ծավալ: Միաժամանակ, առաջադրանքը ներառում է հանձնարարված և ենթադրվող խնդիրների ամբողջություն` դրանց կատարման վերջնարդյունքի պարզաբանմամբ: Այսինքն, եթե խնդիրը պահանջում է թե «ինչ» անել և «ինչպես», ապա առաջադրանքը պահանջում է «ինչ անել» և «ինչու», ենթակաների հայեցողությանը թողնելով «ինչպես անել» հարցի պատասխանը (առաջադրանքը կատարելու լավագույն եղանակների ընտրությունը):
ՀԱՐՑ 2. Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄԸ»
«Առաջադրանքով հրամանատրումը» ենթադրում է ռազմական (մարտական) գործողությունների վարում ապակենտրոնացված կերպով` հիմնված առաջադրանքներ հիշեցնող հրամանների վրա: Այն ենթականերին իրավազորում է կիրառել իրենց դատողությունը, որոշելու, թե ինչպես կատարել առաջադրված խնդիրները և օգտագործում է մարտում մարդկային գործոնը՝ շեշտը դնելով վստահության, կամքի ուժի, նախաձեռնության և ստեղծագործականության վրա: «Առաջադրանքով հրամանատրումը» պահանջում է, որ առաջադրանքը կատարելու համար բոլոր հրամանատարներն ու պետերը ցուցաբերեն կարգապահ նախաձեռնողականություն և գործեն կռվազան (ագրեսիվ) և անկախ: Հրամանատարներն ու պետերը իրենց հրամանները մտասևեռում են գործողության (մարտի) նպատակի, այլ ոչ թե առաջադրված խնդիրների կատարման եղանակների վրա: Նրանք, որքան հնարավոր է, որոշումների կայացման իրավունքը պատվիրակում են (վստահում) ենթականերին, որը նվազեցնում է մանրազնին վերահսկողությունը և իրավազորում ենթակաների նախաձեռնողականությունը կայացնելու որոշումներ, որոնք հիմնված կլինեն հրամանատարի կամքն ըմբռնելու, այլ ոչ թե մշտական հաղորդակցության վրա: «Առաջադրանքով հրամանատրման» մեջ առանցքային նշանակություն ունեն, կարելի է ասել` անկապտելի հատկանիշ են հանդիսանում հրամանատարության բոլոր մակարդակներում «հրամանատարի մտադրության» ճիշտ ընկալումը, փոխվստահությունը և ըմբռնողականությունը:
Հրամանատարի մտադրությունը նրա կողմից գործողության (մարտի) նպատակի և ռազմական վերջնարդյունքի հստակ և համառոտ արտահայտումն է, դրա միջոցով ենթականերին «իրեն միահյուսելով» ըմբռնման, առաջադրանքի և ուղղորդման միջոցով:
Համակելով «հրամանատարի մտադրության» իրականացումը, «փոխվստահությունը» այն բարոյական «ջիլն է», որն իրար է կապում տարատեղված ուժերին, դրանց առանձին տարրերին թույլ տալով համազորային ու համատեղ միջավայրում գործել որպես մեկ միասնություն` ճիշտ տեղում և ճիշտ պահին:
«Ըմբռնումը» տարբեր մակարդակի հրամանատարներին թույլ է տալիս կայացնելու արդյունավետ որոշումներ, կառավարելու ուղեկից ռիսկերը և հաշվի առնելու կատարվող քայլերի բոլոր, այդ թվում՝ չկանխամտածված հետևանքները, դրանով իսկ նպաստելով անկախ որոշումների կայացմանը և ճիշտ գործելակերպին:
Եվ ավարտելով այս հարցի պատասխանը, անհրաժեշտ է հիշատակել, որ «Առաջադրանքով հրամանատրման» հետ կապված թյուրըմբռնումներից մեկն այն է, որ այս փիլիսոփայությունը հավասարազոր է ավելի քիչ վերահսկողության: Փարատելով այս սխալ ընկալումը, հարկ ենք համարում նշել, որ իրականում «Առաջադրանքով հրամանատրման» էությունը կայանում է մի կողմից ղեկավարման ու կառավարման, մյուս կողմից` վերահսկողություն սահմանելու տարբեր ծավալների հավասարակշռման մեջ: Իսկ «հրամանատարի մտադրությունը» ինքնին հանդիսանում է վերահսկողություն սահմանելու գերհզոր գործիք:
ՀԱՐՑ 3. ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ «ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄԸ». ԵՂԵ՞Լ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐ
Չնայած այս հայեցակարգը հավասարաչափ արդյունավետ կարող է կիրառվել խաղաղ պայմաններում (զորամասերում առօրյա ծառայության, շտաբային աշխատանքի, կենտրոնական ապարատի գործունեության ընթացքում) դրա հիմնական օգուտները առաջ են գալիս ռազմական (մարտական) գործողությունների ժամանակ: Խնդիրն այն է, որ մարտը հանդիսանում է երկու «կենդանի օրգանիզմների» պայքար, որտեղ ցանկացած քայլ բախվում է հակառակորդի դիմադրությանն ու հակաքայլերին: Ֆոն Մոլտկեն ասել է, որ նույնիսկ լավագույն պլանը ի չիք է դառնում հակառակորդի հետ առաջին բախումից հետո: Այլ կերպ ասած՝ խոսքը Կլաուզևիցի հիշատակած «պատերազմի մշուշի մասին է», որը չի կարողացել «ճեղքել» նույնիսկ լավագույն զորահրամանատարների տեսողությունը: Հետևապես, եթե չես կարող լիարժեքորեն պլանավորել մարտը, ապա ինքնըստինքյան դրա ընթացքում ի հայտ կգան չպլանավորված բարենպաստ հնարավորություններ կամ սպառնալիքներ: Իսկ այս բարենպաստ հնարավորություններից օգտվելու կամ սպառնալիքները չեզոքացնելու համար դասական պատերազմավարման դեպքում պետք է հարցնել հրամանատարության կամ շտաբի թույլտվությունը, որի համար շատ դեպքերում չկա ժամանակ, կամ խափանված է հաղորդակցության (կապի) համակարգը: Ուստի՝ «Առաջադրանքով ղեկավարումը» միակ եղանակն է պատերազմի «մշուշը» եթե ոչ ցրելու, ապա առնվազն այն կառավարելու համար: Այն ավելի է կարևորվում կտրտված (օրինակ` լեռնաանտառային) տեղանքում, որտեղ որպես կանոն իրարից տարանջատ փոքր ստորաբաժանումները վարում են տարատեղված ու ապակենտրոնացված գործողություններ:
Հիմնական գաղափարն այն է, որ եթե ենթակաները որպես «ուղեցույց աստղ» ունենան հրամանատարի մտադրությունը և առաջնորդվեն դրանով, այլ ոչ թե նրա տված մանրակրկիտ կարգադրություններով (հրահանգներով), ապա կկարողանան տեղում արագ կողմնորոշվել, կայացնել ինքնուրույն որոշումներ և գործել վճռական:
«Առաջադրանքով ղեկավարման» հայեցակարգը օգտագործվել է դեռևս անհիշելի ժամանակներից, սակայն առաջին անգամ տեսական կերպով ռազմագիտության մեջ հիմնավորվել և կիրառվել է պրուսական բանակում (կոչվելով «Auftragstaktik» (Աուֆթղաքթաքթիք», որը նշանակում է «առաջադրանքով մարտավարություն»)` 18-րդ դարի կեսերին և կիրարկվել 1866թ. ավստո-պրուսական պատերազմի ժամանակ: Այնուհետև, 20-րդ դարում հայեցակարգը ներմուծվել է անգլո-սաքսոնական պետությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա) զինված ուժերում` «Mission Command» եզրույթի ներքո:
«Առաջադրանքով հրամանատրման» չկիրառման և դրա ողբերգական հետևանքների մասին պատկերացում կազմելու համար դիտարկենք 1815թ. հունիսի 18-ին կայացած Վաթեռլոյի ճակատամարտի օրինակը:
Դիմագրավելով հակաֆրանսիական 7-րդ կոալիցիային, Նապոլեոնի 120 հազարանոց բանակին սպասվում էր հանդիպում Վելինգթոնի դուքսի ղեկավարած 70 հազարանոց անգլիական և ֆելդմարշալ Բլյուխերի ղեկավարած 80 հազարանոց պրուսական բանակների հետ, որոնց նա պատրաստվում է ջախջախել անջատ: Հունիսի 16-ին Լինյիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնի բանակն առաջինը հանդիպում է Բլյուխերի զորքերին, վերջիններիս հասցնելով ծանր պարտության: Բլյուխերին հետապնդելու համար Նապոլեոնն առանձնացնում է իր զորքերի 1/3-ը (30.000)` մարշալ Գրուշիի գլխավորությամբ: Իր հրամանում Նապոլեոնը նշում է Բլյուխերին հետապնդելու, հասնելու և վերջնական ջախջախելու մանրազնին կարգը` ընդհուպ մինչև երթարշավի ուղիները (այսպիսի մանրակրկիտ խնդիրներ առաջադրելու փոխարեն Նապոլեոնը կարող է ընդամենը նշել, որ իր մտադրությունն է հասնել և ջախջախել Բլյուխերի բանակը` Բելգիայում կոալիցիոն զորքերի դեմ ընդհանուր հաղթանակ տանելու նպատակով: Իսկ «ընդհանուր հաղթանակը» իհարկե կենթադրեր նաև Վելինգթոնի անգլիական բանակի ջախջախումը, որն այս կերպ դուրս էր մնացել Գրուշիի «ուշադրությունից»):
Իրականում, այն նույն ժամանակ, երբ Նապոլեոնը Վաթեռլո գյուղի մոտ հանդիպեց Վելինգթոնի բանակին (ֆրանսիացիներ` 73.000, անգլիացիներ` 68.000), Գրուշին կորցրել էր Բլյուխերի բանակի հետ շփումը և չգիտեր, թե որտեղ է այն: Փոխանակ բանակը շրջելու Վաթեռլոյի կողմը, որտեղից շատ լավ լսվում էր սկսված մարտի թնդանոթաձգությունը, Գրուշին ապարդյուն որոնում էր Բլյուխերին, որն իր հերթին շտապում էր դեպի գլխավոր ճակատամարտի վայր: Արդյունքում` երբ ֆրանսիացիները արդեն գրավել էին պաշտպանվող անգլիացիների որոշ կարևոր բնագծեր և պատրաստ էին նրանց դիրքերը վճռականորեն ճեղքելու, աջ թևից հանկարծակի նրանց է հարվածում Բլյուխերի 50 հազարանոց բանակը: Նապոլեոնի կողմից «Հրամանատրում առաջադրանքով» հայեցակարգը չկիրառելը, իսկ Գրուշիի կողմից չկողմնորոշվելն ու ինքնուրույն որոշումներ չկայացնելը հանգեցրին ֆրանսիական բանակի գլխովին ջախջախմանը:
Օպերատիվ մակարդակից անցնելով մարտավարական մակարդակի, դիտարկենք Մաիենի (Ֆրանսիա) կամրջի մոտ 1944թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցած մարտը: Գեներալ-լեյտենանտ Ջորջ Փաթոնի գլխավորությամբ ամերիկյան 3-րդ բանակին անհրաժեշտ էր գրավել ֆրանսիական Մաիեն քաղաքը` հարավից մոտեցող բրիտանական զորքերի հետ գերմանական 7-րդ դաշտային բանակը շրջապատելու նպատակով: Գերմանացիներն իրենց հերթին պատրաստվում էին պայթեցնել դեպի քաղաք տանող երեք կամուրջները` ամերիկացիների առաջխաղացումն կասեցնելու նպատակով: Քաղաքի հետ նույնանուն գետի վրայով անցկացված կենսական նշանակության այդ կամուրջներն անխաթար գրավելը հանձնարարված էր 90-րդ հետևակային դիվիզիային` բրիգադային գեներալ ՄքԼաինի ղեկավարությամբ, որն իր հերթին առաջադրանքը հանձնարարեց հատուկ կազմավորված գնդային մարտավարական խմբին (ԳՄԽ)` գնդապետ Բարթի գլխավորությամբ: Օգոստոսի 4-ին գեներալ ՄքԼաինը դիվիզիայի շտաբում Բարթին տվեց հետևյալ առաջադրանքը. «Առաջ շարժվել դեպի հարավ և գրավել Մաիենը` հակառակորդի առաջնագծից 30 կմ խորությամբ թիկունքում ընկած մեծ քաղաքը» (նկատեք, թե որքան ցայտուն է տարբերությունը Նապոլեոնի կողմից տրված մանրակրկիտ հրամանից, և անորոշ իրավիճակի արձագանքելու համար ինչպիսի գործողությունների ազատություն է տրամադրում հրամանատարին): Առաջին հայացքից կարող էր թվալ, որ այն տեղում, որտեղ ԳՄԽ-ն պետք էր իրականացներ ճեղքում, նրան սպասվում էր բավականին թույլ դիմադրություն: Սակայն, երբ օգոստոսի 5-ին ԳՄԽ-ն առաջ շարժվեց Մաիենի ուղղությամբ, գերմանացիները ցուցաբերեցին կատաղի դիմադրություն թե՛ քաղաքի արվարձաններում, թե՛ բուն բնակավայրում և թե՛ անվնաս մնացած (մյուս երկուսն արդեն պայթեցվել էին), բայց պայթեցման համար պատրաստված միակ կամրջի մատույցներում: Եվ յուրաքանչյուր նոր իրավիճակում ԳՄԽ-ի հրամանատարն ընդունում էր ինքնուրույն որոշումներ և գործում հաստատակամ: Արդյունքում՝ օգոստոսի 5-ին, նախքան կեսգիշերը, Մաիեն քաղաքը և կամուրջը անվտանգ անցավ ամերիկացիների վերահսկողության տակ: Կամրջի գրավումը կենսական նշանակություն ունեցավ անգլո-ամերիկյան զորքերի կողմից գերմանացիներին «Ֆալաիզի պարկում» շրջապատելու համար, որի արդյունքում՝ շարքից դուրս բերվեց հակառակորդի ավելի քան 50.000 զինծառայող, ոչնչացվեց մոտ 300 զրահամեքենա:
Մեկ օրինակ ևս. մեջբերում կատարենք Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպից (թարգմանությունը` Ստեփան Զորյանի), որտեղ նա ականատեսների վկայություններով տրամադրում է ռուսների և ֆրանսիացիների միջև 1805թ. տեղի ունեցած Շենգրաբենի ճակատամարտից մի այսպիսի դրվագ. «Իշխան Անդրեյը ուշադրությամբ հետևում էր Բագրատիոնի` զորավարների հետ ունեցած խոսակցություններին ու նրա տված հրամաններին և զարմանքով նկատում էր, որ ոչ մի հրաման էլ չէր տրվում, այլ միայն իշխան Բագրատիոնն աշխատում էր ցույց տալ, թե ինչ արվում էր անհրաժեշտաբար, պատահաբար և մասնավոր, զորավարների կամքով, այդ բոլորը տրվում էր թեև ոչ իր հրամանով, բայց իր մտադրությունների համաձայն» (1-ին հատոր, էջ 296): Կարծում ենք, բերված դրվագը բացահայտում է Բագրատիոնի կողմից «Առաջադրանքով հրամանատրման» հայեցակարգի օգտագործման ցայտուն օրինակ:
Եվ վերջապես, մի՞թե Արցախյան գոյամարտի տարիներին «Առաջադրանքով հրամանատրմամբ» չէին գործում հայ կամավորական ջոկատները և նրանց փոխարինման եկած նորաստեղծ բանակի ստորաբաժանումները: Կենտրոնական ղեկավարման ու կառավարման ոչ լիարժեք համակարգի, հաղորդակցության միջոցների սակավության կամ իսպառ բացակայության և վերջապես, մրրիկային արագությամբ զարգացող իրադարձությունների միջավայրում այս հայեցակարգի հմուտ կիրառումն էր, որ դարձավ անհավասար գոտեմարտում հայոց զինուժի փառահեղ հաղթանակի գրավականներից մեկը:
Ամփոփելով սույն ակնարկը, տեսնում ենք, որ «Առաջադրանքով հրամանատրում» հայեցակարգը ոչ արտասովոր, ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծված նորույթ է, ոչ էլ այն հավասարազոր է բանակում ինքնակամության և թողտվության մթնոլորտի հաստատման: Այս հայեցակարգը կիրառել են դեռևս անհիշելի ժամանակներից` արագ փոփոխվող իրադրությունում կարգապահ նախաձեռնողականություն դրսևորելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և վճռական գործելու հարցում ենթականերին իրավազորելու համար: Կա՞ն արդյոք այս հայեցակարգին ներհատուկ ռիսկեր, կապված ենթակաների կողմից սխալ որոշումներ կայացնելու և սխալ քայլեր կատարելու հետ: Իհարկե, կան, սակայն, ինչպես ասում են, չի սխալվում միայն նա, ով չի գործում: Առաջնորդվելով հրամանատարի մտադրությամբ, նրա հետ «միահյուսված» լինելով փոխադարձ ըմբռնումով և վստահությամբ, «Առաջադրանքով հրամանատրում» դավանող զորքերը լավագույնս են պատրաստված քանակապես գերազանցող հակառակորդի հետ գոտեմարտելու և նրա նկատմամբ հաղթանակ տանելու համար: Հայոց զինուժում արմատավորվելու ուղղությամբ «Հրամանատրում առաջադրանքով» հայեցակարգը դեռ կատարում է իր առաջին քայլերը, դեռևս շատ են անելիքները, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ այս ուղղությամբ «երթարշավն» արդեն սկսված է:
Գնդապետ Ժիրայր Ամիրխանյան
Աղբյուրը Hayzinvor.am