Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էր նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգում ներառված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը (ինքնառաջադրմամբ):
Այնուհետև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ զարգացման ծրագիրը, հակիրճ խոսեց այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են բուհի զարգացմանը:
«ԵՊՀ-ում ընթացող ռեֆորմները և այդ ասպարեզներում տարվող քաղաքականությունն անհրաժեշտաբար պետք է կապվեն բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների և սոցիալական հավասարության արժեքների հետ, ինչը պահանջում է ուսանողների, դասախոսական կազմի, վարչակազմի, գործատուների, կառավարության և այլ շահակիցների ակտիվ ներգրավում այդ գործընթացներում»,- ելույթում նշեց Արամ Սիմոնյանը:
Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվեց ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:


