Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը. «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Հանրապետության Նախագահը մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այնուհետև Մայր տաճարում Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Քըրք Քրքորյանի հիշատակին
Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ հոգևոր հայրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր մենք հավաքվել ենք այստեղ խնկարկելու Հայաստանի ազգային հերոս և մեծ բարերար Քըրք Քրքորյանի հիշատակը, ով կյանքից հեռացավ մեկ շաբաթ առաջ:
Քըրք Քրքորյանը վախճանվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, երբ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում էր այդ ոճրին զոհ գնացած մեր անմեղ նահատակների հիշատակը: Հայտնի է, որ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: Բայց գուցե Քըրք Քրքորյանը իսկապե՞ս կարող էր դառնալ մեկ այլ՝ ուրիշ Հայաստանի գործարար, կյանքն առաջ մղող մեկը, կամ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն, կամ, ասենք, հայկական օդուժի հերոս օդաչու: Կամ էլ լիներ սովորական կյանքով ապրող, արժանապատվորեն իր ընտանիքի հացը վաստակող աշխատավոր այդ մեկ այլ՝ ուրի՛շ Հայաստանում:
Այս հարցադրման պատասխանը մեզ այսօր ոչ ոք չի կարող տալ: Սակայն Քըրք Քրքորյանը սփյուռքում ոչ իրենց կամքով ապրող հայ ժողովրդի բազմաթիվ դուստրերի և որդիների պես ցույց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել: Նա մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից:
Քըրք Քրքորյանի հիշատակը ոգեկոչելով՝ արժանին պետք է մատուցենք նաև Ամերիկային ու նրա ժողովրդին: Հենց այնտեղ էր, որ բացահայտվեց գործարարի նրա տաղանդը, և հնարավորություն ստեղծվեց, որ նա ծավալի իր բազմաբնույթ գործունեությունը: Եվ նրա օրինակը եզակի չէ. հարյուր հազարավոր հայերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ նոր հայրենիք, որը նրանց տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրելու և կյանքը նորովի ստեղծելու հնարավորություն:
Նա ինը տարեկանից հաց էր վաստակում, որ կարողանար օգնել ծնողներին: Նա բռնցքամարտիկ էր և օդաչու, մեքենաշինական և զվարճանքի արդյունաբերությունների մեծ դերակատար: Նա երբեք չմոռացավ իր հայկական արմատները, ինչը հեշտությամբ կարող էր անել ներգաղթյալների այդ միջավայրում:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր Քրքորյանը կանգնեց օգնության կարիք զգացող Հայաստան երկրի կողքին՝ սատարելով իր քույրերին ու եղբայրներին: Նա այնքան համեստ էր, որ երբեք թույլ չտվեց, որ իր անունով որևէ անվանակոչություն անել Հայաստանում կամ մեկ այլ վայրում: Ամենուր, որտեղ նրա հովանավորությամբ իրականացվել են բարեգործական ծրագրեր, այդպիսի առաջարկներ հնչել են, սակայն Քըրք Քրքորյանն անդրդվելի էր իր այդ սկզբունքային դիրքորոշման մեջ:
Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ հիշում և խոսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քրքորյանին, չենք մոռանալու: Մենք հիշելու ենք, որ նրա շնորհիվ Հայաստանում կառուցվեցին ու նորոգվեցին բազմաթիվ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մշակութային օջախներ, և նոր զարկ տրվեց Հայաստանի տնտեսությանը:
Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար և մենք երբեք դա չենք մոռանա: Քըրք Քըրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում:
Այն վառ է լինելու, որպեսզի կրկին ու կրկին իրականություն դառնա մեկ այլ մեծ ամերիկահայի խոսքը. «Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց և իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ չպիտի հառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով»։
Անցած հարյուր տարում հայն ու հայը հանդիպեցին և սկսեցին կերտել նոր Հայաստանը:
Հանդիպեցին Քըրք Քրքորյանը և նոր Հայաստանը. խոսեցին իրար հետ և ծաղրեցին դահիճների ստոր գաղափարները:
Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ՝ Քըրք Քրքորյան: Հանգչի՛ր խաղաղությամբ: