Եթե կա որևէ բնական ռեսուրս, որի պակասը չունի հայոց լեռնաշխարհը, դա իհարկե ջուրն է: Սակայն ինչպե՞ս է ստացվում, որ հայ գյուղացին իր այգիները ջրելու համար ջրի պակաս ունի: Ջրի խնդիր չունեցող Հայաստանում գյուղացին չի կարողանում ջրել իր հողակտորը, հետևաբար բերքը չորանում է, գործարանները հրաժարվում են մթերել, իսկ գյուղացին հանապազօրյա հացը վաստակելու համար թողնում է իր հայրենիքն ու գնում «խոպան»: Հետո էլ որոշ պաշտոնավորներ ինքնագոհ պատմում են այն մասին, որ բոլոր պայմանները կան Հայաստանում նորմալ ապրելու համար:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ հարակից հողակտորը, որը պատկանում է որևէ ազդեցիկ մարդու, ռեգուլյար ջրվում է, իսկ հասարակ գյուղացու հողակտորը՝ ոչ:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ գյուղատնտեսության նախարարը շրջում է Հայաստանի ողջ տարածքով, ծանոթանում հայ գյուղացու խնդիրներին, բայց չի նկատում մայրաքաղաքին շատ մոտ գտնվող Արտաշատի գյուղերի խնդիրները, որտեղ բազմաթիվ գյուղացիներ անկարողությունից ու անզորությունից հայտնվել են վատ ու հուսահատ վիճակում:
«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը հրաժարվում է նույնիսկ ամենաէժան գնով գնել ծիրանն ու մթերել՝ լիակատար անհույս վիճակում թողնելով գյուղացիներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախարարի գլխավորությամբ պետք է ի վերջո լրջորեն աջակցի նաև հասարակ գյուղացուն. «աջակցելն» այս դեպքում կլինի մինիմալ պայմաններ ապահովելը:
Եվ որն է մեր երկրում մեր իսկ արտադրողներն ունենալու առավելությունը, եթե տեղական արտադրողը ձերք չի մեկնելու իր գյուղացուն։ Ցավալի է, որ տեղական արտադրողը հասարակությանն ընկալում է զուտ սպառող՝ չգիտակցելով, որ իր «ձեռք մեկնումով» կավելանա իր սպառողի թիվն ու վստահությունը։
Անուշ Զոհրաբյան