Բարոյագետները ձգտում են ապացուցել մեզ, որ խիղճը մարդկային վարքի ամենահզոր գործոններից է: Այժմ, երբ բանականության ու խղճի դժոխային տանջանքները անիծյալ առասպել են համարվում, շատերը խղճի մեջ են տեսնում այն երաշխիքը, որ մարդկային ցեղին պիտի ստիպի ընթանալ ազնվության ճանապարհով:
Վիպասաններն ու դրամատուրգները մեզ նկարագրել են այն տառապանքները, որ բաժին են ընկնում չար հոգիներին. նրանք վառ գույներով պատկերել են հանցավոր հոգու ապրած անձկությունն ու անքուն գիշերները, ցույց են տվել, թե այն ինչպես է թունավորում ամեն հաճույք, մինչև կյանքն այն աստիճան անտանելի է դառնում, որ մերկացումն ու պատիժը վրա են հասնում իբրև երանելի թեթևացում: Ես հաճախ եմ մտածել, թե որքանով է դա ճշմարիտ: Բարոյախոսները պիտի դանակ սրեն, նրանց գործն այդ է, պիտի բարոյական չափանիշներ առաջ քաշեն: Նրանց թվում է, որ եթե նույն բանը բավական հաճախ կրկնեն, մարդիկ ի վերջո կհասկանան:
Կարծում են, որ երբ որևէ բանի գոյությունը ցանկալի են համարում, ապա դա բավական է, որ այդպես լինի: Նրանք մեզ համոզում են, թե մեղքը, ոճիրը մահվամբ է հատուցվում. մենք շատ լավ գիտենք, որ միշտ այդպես չի լինում: Իսկ ինչ վերաբերում է գրական գործիչներին` դրամատուրգներին ու վիպասաններին, երբ սրանց ձեռքը ցնցող նյութ է ընկնում, օգտագործում են` առանց երկար-բարակ մտածելու` համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ:
Այսպիսով. Մարդու բնության վերաբերյալ որոշ ըմբռնումներ, փաստորեն, ընդհանուրի սեփականությունն են դառնում և սկսում ինքնին ակնհայտ համարվել: Հենց այդպես նկարիչներ դարեր շարունակ ստվերները սև էին անում, և մինչև որ իմպրեսիոնիստները չնայեցին անաչառ աչքով ու չնկարեցին ստվերն ինչպես որ կա, մենք չգիտեինք, որ այն իրականում գունավոր է: Երբեմն ինձ թվում է, թե խիղճը հավանաբար բարոյական բարձր զարգացման արդյունք է, այնպես որ տարածվում է միայն բարոյապես անթերի մարդկանց վրա, ովքեր անընդունակ են նման արարքի, որի համար ստիպված լինեին լրջորեն զղջալ…
Սիրարփի Մարգարյան