«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 2-ին: Իվետա Մուկուչյանն այս տարի եվրատեսիլյան բեմում կկատարի “LoveWave” ստեղծագործությունը, որի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան և Սթեֆանի Քրաթչֆիլդ:
Ինչպես “LoveWave” տեսահոլովակում, այնպես էլ «Եվրատեսիլ-2016»-ի ողջ նախապատրաստական և մրցութային ընթացքում Իվետա Մուկուչյանը կհամագործակցի Kivera Naynomis նորաձևության տան հետ: Ինչպես բեմական, այնպես էլ նշանակալի միջոցառումների որոշ հագուստները կստեղծվեն վերոնշյալ նորաձևության տանը:
Ի դեպ, սա նրանց առաջին համագործակցությունը չէ: 2013 թ-ին Իվետան տվյալ ապրանքանիշի Red Collection հավաքածուն ներկայացնողներից մեկն էր:
Kivera Naynomis նորաձևության տան հիմնադիր, գլխավոր դիզայներ Արևիկ Սիմոնյանի խոսքով՝ «Եվրատեսիլ-2016»-ի շրջանակներում Kivera Naynomis-ի հետ աշխատելու վերջնական որոշումն, իհարկե, ուրախացրել է իրեն. « Իվետան իր կերպարով շատ համահունչ է մեր բրենդին, նա լավագույնս մարմնավորում է Kivera Naynomis կնոջ նկարագիրը, բացի այդ միշտ էլ հաճելի է աշխատել դրական էներգետիկայով օժտված, շփման մեջ բաց ու թեթև մարդու հետ, ինչը ևս գնահատելի է մեր բրենդի համար: Մենք էլ մեր կողմից կանենք ամեն ինչ՝ լավագույն արդյունք ստանալու համար».- նշում է Արևիկ Սիմոնյանը:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին ևս շատ ոգևորել է այս համագործակցությունը: «Վստահ եմ, որ ապահով ձեռքերում եմ և հույս ունեմ, որ հանդիսատեսին դուր կգան նաև իմ հագուստները»- նշում է Իվետան:
Երգչուհի Իվետա Մուկուչյանի և Kivera Naynomis-ի եվրատեսիլյան համագործակցության առաջին արդյունքը կարող եք տեսնել “LoveWave” տեսահոլովակում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):