Պատերազմում մարդիկ հերոսանում են, պատերազմից հետո՝ երբեմն մոռացվում, այնինչ՝ պատերազմը հաղթահարածների նկատմամբ գնահատանքը ևս պետք է բարձր լինի, ուշադրությունն ու հոգատարությունը չպակասի:
Նորիկ Բեգլարյանը, ով 1994 թվականին Օմարի լեռնանցքում ճակատագրական վիրավորում ստացած 48-ամյա Գուրգեն Բեգլարյանի որդին է, բոլորից միայն մեկ խնդրանք ունի՝ օգնել փրկել հոր կյանքը:
«Հայրս ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել է ՄՀՈՋ-ի կամավորական ջոկատում: Օմարի լեռնանցքում վիրավորվել է, գլխի մեջ 12 բեկոր (ասկոլկա) էր մնացել: Դրանից հետո Գերմանիայում վիրահատություն ենք իրականացրել, վիրահատության մի մասը՝ մեր, մյուս մասը՝ Վանո Սիրադեղյանի անձնական միջոցներով: Չնայած 6 տարի Գերմանիայում բուժում ստանալուն` ուղեղին մոտ գտնվող բեկորնորը չկարողացան հանել, իսկ դա էլ իր հերթին տարիներ անց իրեն զգացնել տվեց մարմնի տարբեր հատվածներում` ուռուցքների տեսքով, նախ` երիկամի շրջանում, հետո՝ ոտքի, ապա՝ թոքի: Ու այս բոլորը 5-7 տարիների ընդմիջումներով»,-մանրամասնեց Նորիկ Բեգլարյանը:
Այս ամենի հետևանքով հեռացվել է ազատամարտիկի երիկամներից մեկը, ձախ թոքը՝ ամբողջությամբ և սրտի՝ պերիկարդը: Օրերս էլ իմացան, որ նորից ուռուցք ունի:
«Լյարդից վերև բժիշկները նկատել են 2 նոր ուռուցք, ևս մեկը կասկածում են սիներակի մոտ: Սանկտ Պետերբուրգում պետք է հատուկ հետազոտություն անցկացնել, որը այդ ուռուցքներից մեկը կա՛մ կհաստատի, կա՛մ կժխտի»,-պատմեց նա:
Գուրգեն Բեգլարյանը պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է: 1994 թվականից անգործունակ է: Երեք որդիներից ավագը՝ Նորիկը, գրքեր է գրում, բայց այսօր ստիպված է այլ աշխատանք կատարել: Կրտսեր որդին դպրոցական է, միջնեկը՝ պարտադիր ժամկետային զինծառայող: Տան աշխատող ձեռքը Նորիկն ու մայրն են: «Ես հպարտ եմ հորս մեդալներով, բայց մեդալը կյանքի և առողջության որակը չի բարելավում: Պետությունը խոստացել է լուծել Սանկտ Պետերբուրգում բուժման մեկնելու միայն ճանապարհածախսը, բայց դե ճանապարհածախսով մարդուն չես փրկի»,- ասաց նա:
Սանկտ Պետերբուրգում պետք է անցնի հատուկ հետազոտություն, որի արժեքը մոտ 1000 դոլար է, դրանից հետո պետք է հաբեր ընդունի: Ըստ հետազոտության պատասխանների՝ կնշանակվի այն դեղահաբը, որը նրան կօգնի: «Բայց մեկ ամսյա կուրսը սկսվում է 1500 դոլարից, ըստ բժշկի՝ ամենաքիչը 8-10 ամիս պետք է օգտագործի: Դիմել եմ ու դիմում եմ բոլորին, խնդրում եմ օգնեք, Աստված թող բոլորիդ ծնողներին առողջություն և երկար տարիների կյանք տա»,-նշեց որդին:
Որդին ազատամարտիկ հորն օգնելու ու նրա կյանքը փրկելու համար հաշվեհամար է բացել ու հայցում է մարդկանց բարեսրտությունը:
11500645581655 AMD
11500187010070 USD
11500337877178 EUR
11500705375053 RUB
Նրա հետ կապվելու համար կարող եք զանգահարել 093678868 հեռախոսահամարով: