Վերջերս «Առաջին ալիք»-ի վերանվանված Հանրային հեռուստատեսության նկատմամբ այս շաբաթ ուշադրությունը անհավանական մեծ էր: Նախ՝ այդ տխրահռչակ նախագիծը, և հետո՝ նախագահի այցը Հ1: Ու քանի որ սկսեցին խոսել պետական բյուջեի հաշվին ապրող մեր երկրի միակ հեռուստաալիքի թերություններից, կարծում էի, թե մի շատ կարևոր խնդիր ևս քննարկման թեմա կդառնար: Սակայն այդ մասին ոչ մի բառ: Խոսքը Հ1-ի կադրային քաղաքականությանն է վերաբերում: Ես հրաշալի հասկանում եմ, որ կան մարդիկ, անհատներ, ովքեր, տարիներ շարունակ լինելով ալիքի էկրանային դեմքը (ի դեպ՝ խոսքը բավականին պրոֆեսիոնալ մարդկանց մասին է), կարող են և պիտի՛ տասնամյակներ շարունակ մնան հեռուստաալիքի էկրանին: Սակայն երբ մի ողջ հավերժություն դու չես տեսնում ոչ մի թարմ դեմք ու նոր նախագծերում դու անընդհատ տեսնում ես նախորդ նախագծերից արդեն ձանձրալի, հոգնեցնող ու ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, ակամայից սկսում ես մտածել, որ այս հեռուստաալիքում «մենք մերոնցով յոլա ենք գնում» ոճով են աշխատում:
Ի՞նչ է նշանակում տարիներ շարունակ չունենալ ոչ մի նոր հաղորդավար(ուհի), մեկնաբան, այն էլ այն դեպքում, երբ որպես Հանրային հեռուստատեսություն՝ քո հարկի տակ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր ուսանող է պրակտիկա անցնում: Հանրային հեռուստատեսություն ես, ոչ թե մասնավոր ինչ-որ հեռուստաալիք, և ի սկզբանե կոչված ես բավարարելու հասարակության պահանջները, լինել նրա խոսափողն ու նաև կրթել նրան: Իսկ ո՞վ պիտի կրթի այսօրվա սերնդին Հանրայինի դեմքերից՝ լուրերի գլամուրային մեկնաբա՞նը, ում ճչացող, վառ դիմահարդարումն ու մեր իրականության գորշ լրահոսն այնքան կոնտրաստային են դառնում, թե՞ նա, ով իր սոցէջում սեփական երեխայի մորը դանակով խփելու սպառնալիքներ է տարածում, իսկ առավոտյան բարի լույս է մաղթում մեզ: Դե իսկ երրորդն էլ երեկոյան բարության, կարեկցանքի, հիվանդ երեխաներին օգնելու կոչ է անում եթերից, հետո գնում տուն ու օրվա անհոգ, շռայլ ու գլամուրային լուսանկարները ներբեռնում համացանց՝ կարծես հաստատելով, որ եթերում արտասվելը իր մասնագիտությունն է և ոչ թե զգացմունքային պոռթկումը: Իսկ որքան կիրթ ու պատրաստ կադրեր կան, որոնց մուտքը հեռուստատեսության աշխարհ ուղղակի փակ է միայն նրա համար, որ մասնավոր ալիքի դեպքում նրանք չունեն ապագայում ինչ-որ մեկի սիրուհին դառանու հեռանկար և կամք, իսկ Հանրայինի դեպքում էլ՝ նախորդ երկուսը՝ գումարած նաև ՄԵՋՔ: Որքան ցավալի է, երբ տեղեկանում ես, որ ամիսներ շարունակ փորձաշրջան անցած, սեփական հրաշալի գաղափարներով կիսված ու իրեն փայլուն դրսևորած պետական ԲՈՒՀ-ի լրագրող-շրջանավարտը չի ընդունվում աշխատանքի այն պատճառաբանությամբ, որ նա չի համապատասխանում «Հանրայինի պահանջներին», և նրա փոխարեն եթեր է վերադառնում մի հաղորդավարուհի, ով դեռ 10 տարի առաջ էր իրեն սպառել, ու եթերից նրան դիտելիս միայն լարվածություն ես զգում, երբ տեսնում ես այդ հաղորդավարուհու վախեցած ու ապշած աչքերը:
Ես ուղղակի կցանկանայի տեսնել մեկին, ով վերջին 3 տարում (այսինքն՝ Մարգարիտա Գրիգորյանի գործադիր տնօրեն դառնալու պահից) ընդունվել է աշխատանքի Հ1-ում, բայց չունի թիկունք և հովանավոր: Կարծում եմ՝ չի գտնվի նման մեկը… Ահա թե որտեղից է պետք սկսել բարեփոխումներն այդ հեռուստատեսությունում, այլ ոչ թե տարին մեկ գերհագեցած տեխնիկա ձեռք բերել միայն նրա համար, որ ձեր հոգնած, ձանձրալի ու ոչ պրոֆեսիոնալ դեմքերը պայծառ երևան: Վերջիվերջո մոռանալ պետք չէ, որ մեր հասարակությունը լիարժեք իրավունք ունի պահանջներ ներկայացնելու այդ հեռուստաալիքին, քանզի լավ գիտեք՝ ՛՛նա, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը՛՛: Իսկ տվյալ պարագայում Հ1-ի հավաքարարից մինչև գործադիր տնօրեն իրենց աշխատավարձի համար պարտավոր են մեր հասարակության ամեն մի անդամին, որովհետև բյուջեն, որից սնվում են իրենք, իսկ խոսքը 15 մլն-ից ավելի դոլարի մասին է, մեր բոլորիս կիսադատարկ գրպաններից է լցվում:
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: