Ֆիլմերը մշտապես հուզում են մեզ սիրային ոչ իրական պատմություններով։ Մինչդեռ իրական կյանքում հարաբերությունների մեծ մասը զուրկ են ռոմանտիկայից, հուզումներից, դրամաներից ու կարճ են տևում։ Բայց կան նաև բացառություններ, որոնք ստիպում են մեզ հավատալ իրական սիրո գոյությանն ու հուզում են մեր սրտերը։ Ահա այդպիսի իրական սիրո պատմություններ, որոնք խորապես կտպավորեն Ձեզ։

Սեր, որը հաղթեց հեռավորությանը

 

Երբ Իրինա և Վուդֆորդ Մաքքլելաններն ամուսնացան, նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ միասին կարող են լինել միայն 11 տարի անց։

1970-ականների սկզբներին Իրինան ապրում էր Մոսկվայում ու աշխատում Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Հենց այդտեղ էլ նա հանդիպում է պրոֆեսոր Վուդֆորդ Մաքքելանին։ Իրինան ու Վուդֆորդը սիրահարվում են ու ամուսնանում երկու տարի անց՝ 1974 թվականի մայիսին։ Կարճ ժամանակ անց՝ օգոստոսին, Վուդֆորդի վիզայի ժամկետը լրանում է ու նա ստիպված է լինում թողնել Խորհրդային Միությունն ու վերադառնալ տուն։

Վուդֆորդը փորձում է այցելել Մոսկվա՝ կնոջը տեսնելու, բայց նրան մի քանի անգամ մերժում են։ Մյուս կողմից էլ Իրինային չեն թողնում լքել երկիրը՝ առանց որևէ հիմնավորման։ Նորապսակ զույգին օգնության են հասնում բացիկները, լուսանկարներն ու հեռախոսային զանգերը։

Շուրջ 11 տարի անց Իրինային վերջապես հաջողվում է տեղափոխվել Միացյալ նահանգներ։ 1986 թվականի հունվարին նա մեկնում է ամուսնու մոտ։ Իր սիրելին, ում նա չէր տեսել արդեն տասը տարի, անասելի ուրախությամբ է դիմավորում կնոջը։ Լրագրողները անմահացրել են նրանց հուզիչ միացումը, Իրինան էլ ավելի ուշ իրենց պատմության ու իր զգացածի մասին գիրք է գրել, որ կոչվում է «Սիրո և Ռուսաստանի մասին. 11 տարվա պայքար ամուսնուս ու ազատությանս համար» («Of Love and Russia: The Eleven-Year Fight for My Husband and Freedom»):

60 տարվա բաժանում

Աննա Կոզլովը 3 օր էր, ինչ ամուսնացած էր, երբ հրաժեշտ տվեց ամուսնուն՝ Բորիսին։ Նա մեկնում էր կռիվ՝ Կարմիր բանակի կազմում, ու կինը պետք է սպասեր նրա վերադարձին։ Մինչ Բորիսը հեռու էր տանից, Ստալինն Աննային ու նրա ընտանիքին աքսորեց Սիբիր. Աննան նույնիսկ մեկ բառ չկարողացավ ասել ամուսնուն։ Բորիսը տարիներ շարունակ փնտրել է նրան։

Աննան խելագարության էր հասել ու լրջորեն մտածում էր ինքնասպանության մասին։ Նրա մայրիկը ստիպված էր վերացնել նրանց բոլոր հիշողությունները՝ այդ թվում հարսանեկան լուսանկարներն ու նամակները։ Վերջում նա ամուսնացավ ուրիշի հետ։ Բորիսն էլ, ոչ մի լուր չունենալով նրա մասին, վարվեց նույն կերպ։

Տարիներ անցան, ու երկուսն էլ կորցրին իրենց ամուսիններին։ Հետո՝ 60 տարի անց, Բորիսի ու Աննայի հետ հրաշքի նման մի բան կատարվեց։ Աննային վերջապես հաջողվեց այցելել իրենց տուն Բորովլյանկայում։ Հեռվում մի ծեր մարդ տեսավ։ Բորիսն էր։ Նա եկել էր գյուղ՝ ծնողների շիրիմին այցելելու համար, և երբ նկատեց Աննային, վազեց դեպի նա։ Նրանք կրկնին ամուսնացան ու ապրեցին երջանիկ կյանք։

The Notebook ֆիլմն իրական կյանքում

The Notebook-ը պատմում է մի կնոջ մասին, ով տառապում է դեմենցիայով, իսկ ամուսինը նրա համար կարդում է իրենց սիրո պատմությունը, որպեսզի հիշեցնի նրան իրենց կյանքի մասին։ Ֆիլմը հիմնված է գեղարվեստական ռոմանտիկ վեպի վրա։ Ջեք և Ֆիլիս Փոթերներն այդ պատմության բրիտանական տարբերակի իրական հերոսներն էին։ 90 տարեկանում Ջեք Փոթերսը հրաժարվում է թողնել, որ դեմենցիան խլի իր կյանքի ամենամեծ սիրո կյանքը։

Ջեքը մանուկ հասակից մի օրագիր էր պահում, որտեղ տեղ էր գտել նրա ամբողջ կյանքը։ Երբ 1941 թվականի հոկտեմբերի 4-ին Ջեքը հանդիպում է Ֆիլիսին, օրագրի էջերը լցվում են նրանց սիրավեպով։ Ջեքը սիրել է Ֆիլիսին այն պահից, երբ առաջին անգամ հանդիպել է նրան։ Նա գրել է.

—Շատ գեղեցիկ երեկո էր։ Պարեցի շատ գեղեցիկ աղջկա հետ։ Հույս ունեմ՝ նորից հանդիպել նրան։

Այդ հանդիպումից մոտավորապես 16 ամիս անց նրանք ամուսնացան։ Մոտ 50 տարի ապրել են Կենտում։ Եկավ մի պահ, երբ Ֆիլիսի դեմենցիան այնքան խորացավ, որ Ջեքն այլևս չէր կարող միայնակ հոգ տանել նրա մասին։ Նա տեղափոխվեց հիվանդանոց։

Դա, սակայն, ետ չպահեց Ջեքին։ Նա ամեն օր այցելում էր կնոջը։ Ու ամեն օր կարդում էր իր օրագիրը նրա համար։ Նա սիրելիին հիշեցնում էր իրենց ընտանիքի, կենդանիների մասին լուսանկարներով։ Չնայած ամեն ինչին, Ֆիլիսը չէր մոռացել՝ որքան է սիրում Ջեքին։ Նա միշտ ուրախացել է, երբ ամուսինը եկել է տեսակցության։

Այս զույգը ծնվել ու մահացել է միասին

Լես Բրաունն ու իր կինը՝ Հելենը, ծնվել են 1918 թվականի դեկտեմբերի 31-ին։ Երբ նրանք հանդիպեցին ավագ դպրոցում, նրանք անմիջապես սիրահարվեցին։ Լեսը հարուստ ընտանիքից էր, մինչ Հելելնն աշխատավորների ընտանիքից էր։ Այսպիսով, նրանց ծնողները դեմ էին նրանց սիրոն ու միացմանը։ Երբ 18 տարեկանում նրանք ավարտեցին դպրոցը, փախան միասին։

Նրանք ապրեցին Հարավային Կալիֆորնիայում։ Ամուսիններն ամեն օր միասին էին ու նույնիսկ 90 տարեկանում ակտիվ ու առողջ կյանք էին վարում։ Իրենց կյանքի մայրամուտին Հելենը հիվանդ էր ստամոքսի քաղցկեղով, իսկ Լեսը տառապում էր Պարկինսոնյան հիվանդությամբ։ 75 տարվա ամուսնությունից հետո Հելենը մահացավ 2013 թվականի հուլիսի 16-ին, իսկ Լեսը՝ հաջորդ օրը։