Ռուսաստանցիները Իոսիֆ Ստալինին են համարում բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաականավոր անձ: Խորհրդային բռնապետի վարկանիշը գերազանցում է անգամ ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի և նույնիսկ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի վարկանիշները:

«Լևադա» կենտրոնը ռուսաստանցիներին հարցրել է, թե ովքեր են, իրենց կարծիքով, 10 ամենաականավոր անձինք: Ամենամեծ թվով հարցվածները՝ 38 տոկոսը մատնանշել են Ստալինին, որին հաջորդում են Պուշկինը և Պուտինը՝ 34-ական տոկոսով: Այս թվերը, որ կարող են սարսափելի թվալ մարդկության քաղաքակիրթ հատվածի համար, օրինաչափություն են պուտինյան Ռուսաստանում, որտեղ տեղի է ունենում սովետական կառավարման ռեստավրացիա` իշխանության վարքի և քաղաքականության դրսևորումներում: Պատահական չէ, որ սեփական երկրի քաղաքացիների զանգվածային բռնաճնշումների հեղինակի պատվին Ռուսաստանում թանգարաններ են բացվում, կիսանդրիներ տեղադրվում: Այս ամենն իրականացվում է պետական հովանավորությամբ:


Ստալինականությունը կենսական անհրաժեշտություն է նրա հոգեզավակ Պուտինի համար, որովհետև բռնապետի անվան հետ է կապված հաղթանակի գաղափարը, խորհրդային կամ ռուսական կայսրության հզորության միֆը: Հենց այս համատեքստում է Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի օրերս հեռարձակված ֆիլմում հայտարարում, թե Ստալինի անհարկի հրեշացումը ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի վրա հարձակվելու միջոց է: «Ցույց տալ, որ ժամանակակից Ռուսաստանը շարունակում է կրել ստալինիզմից ժառանգած արատները»,- ասել է Պուտինը: Իրականությունն ու պատմական ճշմարտությունը, իհարկե, միանգամայն այլ բան են ասում: ԽՍՀՄ-ն Երկրորդ աշխարհամարտում չէր կարող ծնկի բերել նացիստական Գերմանիային, եթե չունենար արևմտյան դաշնակիցների, մասնավորապես` ԱՄՆ-ի աջակցությունը: Պատերազմի բեկումնային դրվագը կապված է ոչ թե Ստալինի, այլ Ռուզվելտի գործողության հետ, ինչի հետևանքով, ամերիկացիները բացեցին երկրորդ ճակատը` արնաքամ անելով Հիտլերի զորքերին: Բացի այդ, խիստ հարաբերական է, թե ով և ինչ է հասկանում հաղթանակ ասելով: Հեռանկարային իմաստով` Երկրորդ համաշխարհայինի հաղթանակն ինստիտուցիոնալ արժեքի վերածեցին ու սեփական քաղաքացիների անվտանգությանն ու բարեկեցությանը ծառայեցրեցին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, անգամ` պատերազմում պարտված Գերմանիան, իսկ խորհրդային կայսրությունը պարտվեց, որովհետև մսխեց հաղթանակի բովանդակությունը` այն վերածելով դատարկ պրոպագանդայի և Սառը պատերազմի գործիքի:


Սակայն պատմության արձանագրումից ավելի շատ հայաստանցիներիս պետք է մտահոգի պրակտիկ քաղաքականությանը վերաբերող մի հարց: Արդյո՞ք մեր երկրի անվտանգությանը սպառնալիք չէ դաշնակից ունենալ մի երկրի, որտեղ պետական և հանրային մակարդակով ֆետիշացվում է Ստալինը` համաշխարհային դեսպոտիզմի խորհրդանիշներից մեկը: Հարցը հռետորական չէ, որովհետև բացահայտում է մեր հասարակության արդեն ոչ թե աշխարհաքաղաքական, այլ`արժեքային կողմնորոշումները, պետության բովանդակության մեր ընկալումը: Եթե մենք համակարծիք ենք ռուսաստանցիների հետ, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը նույնիսկ չափազանց «դեմոկրատական» և «եվրոպական» է Հայաստանի համար:

http://www.1in.am/2164417.html