ՍԻԼՎԱ

 

Ճամպրուկդ հեռուները
միանման ու նախկին է դարձնելու. Դե՛ն նետիր այն գնալուց առաջ

****

Հարսանիքի էի հրավիրված: Գիտեի՝ բացառություն չէր լինելու, քանի որ 3-րդ բաժակից հետո խնդրելու էին <<մի լավ բան>> կարդալ: Հենց այդպիսի մի բան էի գրում, երբ եղբայրս զանգեց:

- Տա՞նն ես:

- Հա, տանն եմ: Ինչա՞ եղել:

- Կգամ, կասեմ,- անջատեց հեռախոսը:

Եկավ երեկոյան՝ զանգելուց վեց ժամ անց: Մտավ ննջարանս, երբ պատրաստվում էի պառկել:

- Ի՞նչ ես անում,- անհանգիստ էր:

- Քանի՞ ժամ առաջ ես ինձ զանգել:

- Մի քանի: Լավ եղանակա, արի դուրս գանք, մի քիչ քայլենք:

Եղբորս առաջարկը զարմացրեց, որովհետև ես և նա մինչ այդ օրը երկուսով երբեք չէինք զբոսնել:

- Դուռը փակի ու ասա, իմանամ, ինչ ա՞ եղել:

- Չէ, արի դուրս գանք,- վճռական էր պատասխանը:

- Լավ, իջի, գալիս եմ:

- Արագացրու, մի ժամ չսանրվես,- ասաց ու դուրս եկավ:

Եղբայրս՝ Վիգենը, հորաքրոջս որդին էր: Ավելի ճիշտ՝ հորաքրոջս ամուսնու որդին, ում հարազատ մոր պես մեծացրել էր այն օրից, երբ դարձել էր Վիգենի հոր երկրորդ կինը: Ինձնից երեք տարի մեծ էր Վիգենը, կլոր(ինչպես ես էի ասում`շաբլոն) դեմքով, հագուստին և արտաքինին քիչ ուշադրություն դարձնող, իսկական հայ ավանդական ընտանքի մեծ որդի, ում նյարդայնացնում էր արդի երիտասարդության հագուկապն ու պահվածքը:

Շենքի բակում չգտա Վիգենին, զանգեցի, պարզվեց, որ ինձ սպասում է մոտակայքում գտնվող դպրոցի բակում, որտեղ այդ ժամերին սովորաբար սակավամարդ է լինում:

- Քեզ չե՞մ ասել`մոտս պիվա չխմես,- դեմքի լուրջ արտահայտությամբ կատակեց Վիգենն`ինձ մեկնելով գարեջրի շշերից մեկը:

- Ասել ես,- վերցրի շիշն ու բացեցի փականը:

- Բա ի՞նչ կա-չկա, գործ-մործ ունե՞ս:

- Հա, ունեմ,- կարճ պատասխանովս փորձեցի հասկացնել, որ ժամանակն է սկսելու բուն խոսակցությունը:

Լռեց: Դադարից հասկացա, որ լուրջ բան է ուզում ասել:

- Նարեին սիրու՞մ ես,- գարեջրի շշի պարունակությունը մեկ շնչով կես գցելուց հետո հարցրեց`առանց դեմքիս նայելու:

- Հա, շատ եմ սիրում:

Նարեն Վիգենի հարսնացուն էր, ում իսկապես սիրում էի:

- Ինչի՞:

- Որովհետև լավ աղջիկա: Շնորքով, համեստ:

- Վե՞րջ, էդքանը՞:

- Համենայն դեպս Սիլվայից հազար անգամ լավնա,- կռահելով զրույցի ենթախորքը`ինքնագոհ պատասխանեցի:

Վիգենը ժպտաց, ծիծաղեց` հետզհետե ավելի բարձր, հետո կտրուկ լրջացավ և դառը ժպիտը դեմքին`շրջվեց իմ կողմ:

- Մյուս անգամ Սիլվայի մասին չխոսաս:

- Նարեն Սիլվայից հազար անգամ լավնա Վիգեն,- շեշտեցի բոլոր բառերը՝ նայելով Վիգենի աչքերին:

- Խու՞լ ես, թե՞ ապուշ: Ասեցի`Սիլվայի մասին չխոսաս:

- Ուշքի արի Վիգեն: Մի շաբաթից հարսանիքդա:

- Չենք եկել ստեղ, որ գլխիս ճառ կարդաս:

- Բա ինչի՞ ենք եկել:

- Որ հասկանաս ինձ:

Նման արտահայտություն երբեք չէի տեսել Վիգենի դեմքին: Պատասխանեց համարյա բղավելով:

- Հերս ու մերս մի կողմից, քո հերը`մյուս... սաղ խոսքները մեկ արած պաշտում են Նարեին, իսկ ինձ շան տեղ չեն դնում,- շարունակեց նույն տրամադրությամբ:

- Սիլվայի՞ն ես սիրում:

- Հա, Սիլվային եմ սիրում:

Ձայնի մեջ սարսափ կար, աչքերին`եռացող արցունք:

- Սիլվան քածդ չէ՞ր:

- Երդվում եմ, եթե մի անգամ էլ տենց բան ասես, կթաղեմ քեզ հենց ստեղ:

Լռեցինք երկուսս էլ: Սիլվային էլ էի շատ լավ ճանաչում: Խելացի, բանիմաց, պետական համալսարանի մագիստրատուրան կարմիր դիպլոմով ավարտած մեկն էր, ով բազմաթիվ մարդկային արժանիքներ ուներ, մի քանի անգամ ավելի շատ, քան Նարեն: Անբացատրելի հմայք ուներ Սիլվան, ժպտերես էր, մարդամոտ: Կարճ ասած`չքնաղ աղջիկ, ում հնարավոր չէր չսիրահարվել առաջին հայացքից և չսիրել հետո, երբ կճանաչեիր նրա արժանիքներն ու որակները:

Ինձ ու Սիլվային Վիգենը սրճարանում ծանոթացրեց:

- Եթե էս աղջկան ձեռքիցդ բաց թողնես, ուրեմն անուղեղ ես,- ասացի Վիգենին, երբ Սիլվան առանձնացել էր մի քանի րոպեով:

- Քիչ գիտես, քիչ էլ խոսա,- պատասխանեց՝ ոտքը ոտքին գցելով:

- Այսի՞նքն:

- Այսինքն`տուն տանելու չի:

- Պոռնիկա՞:

- Չէ, այ դեբիլ: Նորմալ աղջիկա: Դաժե շատերը կարան տուն տանեն ու խերի մեջ կորեն, բայց ես հաստատ չեմ տանի:

- Ինչի՞:

- Որ մի քիչ ուղեղդ աշխատացնես, կջոկես ինչի:

Սկսեցի աշխատեցնել ուղեղս: Ընդհանուր առմամբ հասկացա Վիգենի ասածը: Հասկացա Վիգենի և նրա նմանների մտածելակերպը, որոնց համար հակառակ սեռի արժանիքները կուսաթաղանթի առկայությունից են սկսվում և դրանով էլ ավարտվում: Այդ երևույթն անվանում եմ <<Ինքնախաբեություն>>: Ո՞ր մեկը չգիտի, թե ինչ կյանքով է ապրում այժմյան աղջիկների մեծամասնությունը:
Անկողին կիսելը նորմալ երևույթ է դարձել ողջ քրիստոնեական աշխարհում: Դարն է այդպիսին: Մեր նահապետական երկրում նույն դարն է, սակայն երևույթը հիմնված է ստի վրա: Աբսուրդի հասնող հորինվածքներ բացակայող թաղանթի մասին… թել-ասեղով վերանորոգված օրիորդներ… օրիորդներ, որոնք օրիորդ չեն մարմնի մնացած մասերից և այլն: Ստում են գրեթե բոլորը: Ստում են շրջապատում, կողակցին, իրենք իրենց: Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ զրուցում էին ոչ թե իրար դուր գալու համար, այլ՝ անկեղծ:

Մոլորված ազգ դարձանք: Եվրոպա-ռուսա-թրքախառն ազդեցությունը մոլորեցրեց մեզ այն աստիճանի, որ կորցրեցինք ուղղությունը, որով ճախրելու էին անկախ Հայաստանն ու անկախ սերունդը: Այժմ ուղղությունները շատ են, ընտրությունը`մեծ: Կողք-կողքի ապրում են հայեր, որոնք ոչ մի կապ չունեն իրար հետ, կամ էլ հետզհետե մեծացող երամներով, ճախրելու փոխարեն, չվում են անվերադարձ: Բարությունն արդեն դիֆիցիտ է: Հայն ատում է անծանոթ հային, որովհետև իրենից լավ է ապրում… կարող է սիրել մի երկիր, որտեղ երբևէ չի եղել: Մեր հայրենիքը, ասես, դրախտավայր է դարձել միայն անօրեն հարուստների և հնդկապարսիկների համար, որոնք անարգել վայելում են մեր ամեն ինչը՝ այդ թվում և հայ դիցուհիների ինքնակամ մարմնահոգետվությունը: Պառակտվում ենք այն նույն արագությամբ, որով հմուտ մսավաճառը մասնատում է հավի վերջույթներն ու գլուխը:
Հետևանքներից մեկն էլ ժամանակի մեջ կանգ առած վիգենների առկայությունն է:
Որքան էլ լավը լինի հայկական նահապետիզմը, միևնույն է այլևս չկա: Հոսանքին հակառակ քայլողներ եղել են, իսկ ժամանակին՝ ոչ: Հնարավոր է դոփել տեղում, բայց մեծ է ինքնախաբեության զոհը դառնալու հավանականությունը:

Սիլվան օրիորդ չէր և այդ մասին տեղեկացրել էր Վիգենին մինչ անկողին հասնելը: Նշանակում է՝ անկեղծ խոսել էր մի բանի մասին, որը կարող էր բաժանման պատճառ դառնալ:


2.

- Խնդրում եմ էլի, եթե Վիգենը կողքդա, անունս չտաս,- ասաց Սիլվան հեռախոսով, երբ դպրոցի բակից տուն էի վերադառնում:

- Վիգենը կողքս չի, Սիլվա:

- Ո՞նց ես:

- Լավ:

- Իսկ ես լավ չեմ:

- Զգում եմ:

- Խոսե՞լ ես հետը:

- Հա, քիչ առաջ գնաց:

- Իսկ ինձ հետ չե՞ս ուզում խոսել:

- Ե՞րբ ու որտե՞ղ:

- Տաքսի նստի արի իմ տուն, կդիմավորեմ:

- Դիմավորելու պահն ավելորդ էր:

- Կգաս չէ՞:

- Ամենաշատը կես ժամից քո տանը կլինեմ:

- Շնորհակալ եմ:

Անջատեցի հեռախոսն ու կանգ առա: Ուզում էի մտածել, բայց հասկացա, որ արդեն խոսք եմ տվել և պետք է գնամ:
Բաց դռան առջև սպասում էր Սիլվան, երբ դուրս եկա վերելակից: Ժպտաց և ներս հրավիրեց:
Սքանչելի ժպիտ ուներ: Ռոմանտիկներին դուր է գալիս, որ աղջկա այտերին փոսիկներ են գոյանում ժպտալիս: Բաց շականակագույն մազերը հավաքած-կապած էին գլխի ետնամասում, բայց մի փոքրիկ փունջ ընկել էր ճակատի վրա: Չգիտեմ՝ հատուկ էր ազատ արձակել այդ փունջը, թե`ոչ, բայց լրացնում էր դեմքի գեղեցկությունը, հատկապես այն պահերին, երբ մատներով տանում էր ականջի ետև: Կանացի նրբագեղության անկրկնելի օրինակ էր Սիլվան: Բոլոր ժամանակների հանճարեղ նկարիչների համատեղ աշխատանքի արդյունքը: Ամառային թեթև զգեստ էր հագել(աղջիկները շորիկ են ասում), որը հազիվ հասնում էր ծնկներին, իսկ վերնամասի բացվածքը՜… Բազմաթիվ և բազմազան շպարից միայն թույլ վարդագույն շրթներկ էր օգտագործել: Մատները սլացիկ էին, եղունգները՝ նրբորեն մշակված և զուրկ քսուկից: Նուրբ էր մարմնի ամեն մի հատվածը, նուրբ էր մաշկը, ժպիտը, էությունն՝ ընդհանրապես: Նաև ձայնը, աչքերը, որոնց մեջ այնքա՜ն խորություն կար, իսկ խորությունն այնքա՜ն լի էր կանացի իմաստությամբ:
Թող բոլոր անթաղանթները նրա նման լինեին, և մարդկության հոգսը կպակասեր առնվազն կրկնակի:
Ես, իհարկե, ստեցի Վիգենին, երբ դպրոցի բակում ասացի, որ Նարեն հազար անգամ լավն է Սիլվայից: Գուցե հակառակն էր ճիշտ… գուցե:

Հյուրասենյակի բազկաթոռին նստելուց ընդամենը երկու րոպե անց սեղանը լի էր տարատեսակ մրգերով, խմորեղենով, հյութերով և խմիչքով:

- Խնդրեմ,- սուրճի բաժակը դիմացս դնելով ասաց Սիլվան և նստեց մյուս բազկաթոռին:

- Շնորհակալ եմ, - պատասխանեցի և ձեռքս տարա գրպանս:

- Կներես, մոռացել էի,- արագ վեր կացավ, անցավ խոհանոց և վերադարձավ մոխրամանը ձեռքին:

Ծխախոտ վառեցի և սուրճից կում արեցի. տաք էր ինչպես սենյակի օդը, որի շիկացումից ներսումս անսովոր, բայց հաճելի անհանգստություն էի զգում: Նրա ներկայությունն էր պատճառը:

- Ինձ էլ տուր:

Ծխախոտ էր ուզում: Տուփից մեկն առանձնացրի և մեկնեցի նրան: Վերցրեց:

- Չծիծաղես վրաս:

- Չեմ խոստանում:

- Վատն ես,- ասաց, ծխախոտը դրեց բերանն ու փոքր ինչ առաջ եկավ:

Վառեցի նաև նրա ծխախոտը: Հենվեց բազկաթոռի հենակին, գլուխը մի փոքր ետ գցեց և սկսեց ծխել: Երկու մատներով ծխախոտը բռնել էր համարյա մեջտեղից, սահմանափակվում էր ծուխը բերանը քաշելով և էլեգանտորեն դուրս փչելով: Այնպես դանդաղությամբ և մաս-մաս էր դուրս փչում, ասես խոսելիս լիներ երկար մտածելով: Սիլվան նայում էր առաստաղին, իսկ ես նայում էի նրան: Նայում էի այնպես հիացած, որ քիչ էր մնում հաճոյախոսությունների պարս դուրս թռցնեի: Սահմանափակվեցի ընդամենը մեկ՝ էժան բառով:

- Սազումա:

- Լավ վիսկիա, մի բաժակ խմիր,- հայացքով ցույց տվեց սեղանի անկյունում դրված վիսկիի շիշը:

- Նոր եմ գարեջուր խմել, չեմ ուզում խառնել:

- Եղբո՞րդ հետ:

- Հա:

Հոգոց հանեց և փոքրիկ դադարից հետո մտահոգ խոսեց:

- Քո համար էլա չէ՞ անհասկանալի, թե ոնցա ինձ նման աղջիկը սիրահարվել… անունն էլ չեմ ուզում տալ:

- Վիգենն էլա տանջվում Սիլվա:

- Ամենադժվարը դրա նմաններին սիրահարվելնա… ստանդարտ արտաքին ու ոչ մի շարմ… ասում ես տանջվումա՞:

- Հա, շատ:

- Ինչի՞:

- Որ վատա վարվում քո հանդեպ:

- Չէ՜, տանջվումա, որովհետև սիրումա ինձ… չէ՞:

- Չգիտեմ, էդ մեկն իրեն պետքա հարցնեիր:

- Հարցնեի՞… էդքա՜ն ցածրանայի՞:

- Ի՛նձ ինչի՞ հարցրիր:

Հարցս ցածրացնող էր: Փորձեց ծուխը թոքերը քաշել, սկսեց հազալ, կոտրեց ծխախոտը մոխրամանի մեջ, հյութ խմեց ու շարունակեց:

- Ի՞նչ ունի էդ աղջիկը, որ ես չունեմ… տե՞սք, խե՞լք, մակարդա՞կ, գիտելի՞ք… չէ՛, հիշեցի… սուտ խոսելու ունակություն:

- Էսքան ժամանակ նման բան չեմ նկատել,-ասացի:

- Չես էլ նկատի… ախպերդ էլ չի նկատի էնքան ժամանակ, մինչև մի օր սուտը չբացահայտվի… այ էդ ժամանակ գլխին կտա, բայց ուշ կլինի: Հաստա՜տ ուշ կլինի…

Սիլվան նման չէր իրեն: Շարունակում էր խոսել, քննադատել ու վիրավորել եղբորս, անհասկանալի մեղադրանքներ հնչեցնել Նարեի հասցեին, համեմատել իրեն և Նարեին՝ շեշտելով իր բազում առավելությունները: Առաջին անգամ էի նյարդայնացած ու գինովցած տեսնում նրան, բայց չզարմացա:
Վիրավորված էր, ինչպես ասում են, մինչև հոգու խորքը: Խորքից էլ այնկողմ: Որքան շատ էի լսում Սիլվային, այդքան շատ էլ բացասականություն էի զգում Վիգենի հանդեպ, իսկ Նարեն պարզապես ընկնում էր աչքիցս, չնայած մեղավոր չէր:
Սիլվան սկզբում լցրեց աչքերը, հետո՝ բաժակները: Մի կողմ դրեցի սկզբունքս և սկսեցի խմել:
Չէի ուզում վիսկին գարեջրի հետ խառնել, բայց խառնեցի: Չէի ուզում լսել այն ամենն, ինչ ասում էր Սիլվան, բայց լսում էի առանց ընդհատելու: Չէի ուզում ատել Վիգենին, բայց այդպես ստացվեց:
Աշխարհը դաժան և նողկալի դարձավ: Չզգացի՝ ինչպես թրջվեցին աչքերս: Բաժակ բաժակի, ծխախոտ ծխախոտի ետևից: Սենյակը սկսեց պտտվել շուրջս: Հանկարծ վեր կացավ ու դուրս վազեց սենյակից: Քիչ անց գնացի ետևից և լողասենյակի կիսաբաց դռան արանքից տեսա նրան՝ զուգարանակոնքին հենված: Ներս մտա:

- Կանգնի, սառը ջրով լվացվի, կդզվես:

- Ձեռքս թող ու դուրս արի ստեղից:

- Ամաչելու բան չկա Սիլվա, կանգնի:

- Գնա, ես կլվացվեմ:

Ուշադրություն չդարձրի ասածին և օգնեցի վեր կենալ:

- Ինչի՞ պտի սենց լիներ… ախր ու՞մ համար եմ տանջվում:

Սկսեցի սառը ջուր շփել դեմքին:

- Պահարանին դրված ծաղկեփունջը նկատեցի՞ր:

- Ըհը:

- Չլսեցի:

- Հա, ասում եմ, նկատեցի:

- Մեր տնօրենի սանիկնա նվիրել: Շատ խելացի ու հարուստ տղայա…լսեցի՞ր ինչ ասեցի:

- Լսեցի:

- Ահագին ժամանակա սիրահետումա ինձ էդ տղեն: Մի քանի անգամ փորձելա խոսել հետս, բայց կոպիտ պատասխանել եմ ու… ի՞նչ ես անում:

- Վիզդ եմ թրջում, գլուխդ իջեցրու:

Սիլվային մի փոքր սթափեցնելուց հետո, ինքս էլ լվացվեցի և տեսա, որ նստել է լողասենյակի հատակին:

- Նստի, մի ամաչի:

Նստեցի:

- Դու շատ լավն ես,- գլուխը դրեց ուսիս:

- Դու էլ:

Լռեցինք: Զգացի, որ քնում է:

- Ստեղ մի քնի, արի տանեմ սենյակ:

- Չեմ քնում,- ասաց և փակեց աչքերը:

Ժպտացի, հետո գլուխս հենեցի պատին: Բռնեց ձեռքս:

- Սառել են մատներդ:

Առավ մատներս երկու ափերի մեջ և ամուր սեղմեց:

- Շնորհակալ եմ, որ եկար:

Քնեց՝ գլուխն ուսիս, մատներս՝ ափերի մեջ: Ստիպում էի ինձ արթուն մնալ և մտածել:

Խղճում էի բոլորիս. ինձ, Սիլվային, Վիգենին, Նարեին: Խղճում էի բոլոր սիրողներին, որոնք մենակ են: Խանդում էի բոլոր սիրվածներին, որոնք մենակ չեն: Չորսս էլ մեղք էինք, բայց տարբեր ու յուրովի: Սերերը զուրկ էին լիարժեքությունից: Զզվելի էր ապագան, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու:

Արթնացա հեռախոսիս զանգից: Դանդաղ բացեցի աչքերս ու նորից տեսա նրան: Ցրտից ամբողջ մարմնով սեղմվել էր ինձ, իսկ ձեռքս գցել էր ուսը: Դողում էր: Զգուշությամբ վեր կացա, որ չարթնացնեմ: Գրկեցի և տարա ննջարան: Հեռախոսիս զանգը դադարեց և թույլ տվեց լռության մեջ նայել արդեն անկողնուն քնած Սիլվային: Աստված իմ, մի՞թե տեսնում ես այն, ինչ ես եմ տեսնում: Խոնավությունից մազերը գանգրացել ու կիսով չափ ծածկել էին դեմքը: Հայացքս հասավ պարանոցից ներքև ու կտրուկ շրջվեց: Ապագան ներկա դարձավ: Պետք է գնայի… առավել ես, որ հեռախոսիս զանգը կրկնվեց:

Զարմացա, երբ էկրանին կարդացի զանգողի անունը: Նարեն էր: Ձևացրի, իբր քնից եմ արթնանում և պատասխանեցի:

- Ալո:

- Կներես, որ արթնացրի, բայց շատ եմ անհանգստանում: Վիգենը…

- Վիգենը կողքս քնածա, Նարե:

- / հանգստացավ՝ խոր հոգոց հանելով / Դա էի ուզում իմանալ: Լավ, քնիր: Նորից կներես, բարի գիշեր:

- Բարի գիշեր:

Պարզից էլ պարզ էր, Վիգենը տուն չէր գնացել: Երկու տարբերակ կար, թե որտեղ կարող էր գիշերել: Կամ մեր տանը, կամ՝ Սիլվայի: Վերցրի նաև ծխախոտս և հնրավորինս անձայն բացեցի մուտքի դուռը: Տեսածս ավելի քան անսպասելի էր: Վիգենը մեր տանը չէր: Վիգենը փռված-քնած էր Սիլվայի բնակարանի շքամուտքում: Խոսուն տեսարան էր: Դուրս եկա բնակարանից և փակեցի դուռը: Ձայնից Վիգենն արթնացավ:

- Ովա՞, էդ ովա՞,-հարբած էր:

- Ես եմ, Վիգեն:

- Դու՞… չջոկի դու տնի՞ց դուրս եկար:

- Կամաց խոսա ու վեր կաց գնանք:

- Մի րոպե հլը: Դու Սիլվայի՞ տնից դուրս եկար:

- Հա, Վիգեն, Սիլվայի տնից դուրս եկա: Իսկ հիմա վեր կաց գնանք:

Օգնեցի Վիգենին վեր կենալ:

- Ինձ հլը մի բան ասա:

- Արի, ստեղից գնանք: Ճանապարհին ինչ ուզես, կասեմ:

- Ձեռս թող հլը:

- Վիգեն, մի գոռա, խայտառակ չես:

- Խայտառակը դու ես այ… ի՞նչ էիր անում Սիլվայի տանը:

- Խոսում էինք:

- Խոսու՞մ էիք:

Այդ պահին Սիլվան բաց արեց դուռը: Միաժամանակ ոտքից գլուխ նայեցին միմյանց: Սխալ կասկածները պատեցին Վիգենի ուղեղը:

- / երկու ձեռքով փակեց դեմքը / Արա՜:

- Ի՞նչ ես անում ստեղ, Վիգեն: Ինչի՞ ես եկել:

- Եկել եմ քեզ տենամ, այսինքն՝ ձեզ:

- Պահո՜, խանդումա,- քմծիծաղ տվեց Սիլվան՝ նայելով ինձ:

- / առաջ գալով / Իրավունք չունե՞մ:

- / կտրեցի Վիգենի ճանապարհը / Սիլվա ջան, խնդրում եմ էլի, ներս անցի: Ես ու Վիգենը հիմա կգնանք:

- Մինչև էս հարցը չպարզենք, ոչ մի տեղ էլ չենք գնալու:

- Էս ինչա՞ վիճակդ, ի՞նչ հարց այ ալկաշ,- դեպի Վիգենը քայլեց Սիլվան:

- Սիլվա, ես քեզ բան խնդրեցի, չէ՞,- ասացի:

- / հրելով ինձ / Դու հլը էն կողմ գնա: Քո հետ ես հետո կխոսամ:

Զսպելով զայրթույթս մի կողմ քաշվեցի:

- Թող խոսա, տենանք ինչա ասելու,- Վիգենից մեկ քայլ հեռավորության վրա կանգեց Սիլվան և ինքնավստահ սպասողականությամբ նայեց աչքերին:

- Վրիցդ շան հոտա գալիս, Սիլվա:

- Գիտեմ… հետո՞:

- Խմա՞ծ ես:

- Հա:

- Ծխե՞լ ես:

- Հա՜:

Ամեն հարցը տալիս Վիգենը կես քայլ մոտենում էր Սիլվային: Այժմ նրանց սանտիմետրեր էին բաժանում: Վիգենը դադար վերցրեց, որից ես էլ, Սիլվան էլ հասկացանք, թե ինչ հարց է պատրաստվում տալ: Հույս ունեի, որ դադարը կօգնի Վիգենին մտածել և հասկանալ, որ այդ հարցը տալ պետք չէ: Այդ զազրելի թեման շրջանցել էր պետք մեկընդմիշտ: Ամենայն հավանականությամբ այդպես էլ կլիներ, եթե Սիլվան նույնպես ավելի երկար մտածեր:

- Հը՞, ինչի՞ լռեցիր: Ուզու՞մ ես հարցնես՝ ես ու ախպերդ սեքս…

Սիլվան չհասցրեց խոսքն ավարտել, իսկ ես հասցրեցի փակել աչքերս և չտեսնել ապտակը, որի ձայնից դժվար չէր կռահել ուժգնությունը: Նմանատիպ ապտակ ինքս էլ ստացա, երբ փորձեցի մի կողմ քաշել Վիգենին:

- Շնորհակալ եմ Վիգեն: Ինձ համար արդեն հեշտ կլինի,- ասաց Սիլվան ժպտալով արցունքների միջից:

Սիլվան նաև ներում խնդրեց ինձնից և տուն մտավ: Վիգենը ծնկեց և սկսեց արտասվել: Ինքս էլ հուզվեցի և նստեցի աստիճաններին: Քիչ անց Սիլվան զանգեց ինձ և հայտնեց, որ տաքսին մեզ է սպասում: Ես ու Վիգենը լուռ հեռացանք:


3.

Ծափահարություններն ավարտվեցին, դատարկվեցին ինձ համար բարձրացված բաժակները: Ռեստորանի պարտեզ դուրս եկա, տեղավորվեցի նստարանին և ծխախոտ վառեցի: Մոտեցավ նա, ում ամենաքիչն էի սպասում: Ինչպես բոլոր աղջիկներին, նրան նույնպես անչափ սազում էր հարսի զգեստը: Մոտեցավ, նստեց կողքիս:

- Համ բանաստեղծությունդ էր լավը, համ էլ դու հրաշալի արտասանեցիր:

- Շնորհակալ եմ:

- Իմ փոխարեն գուցե շատերը չհասկանային, բայց ես հասկացա ասածիդ իմաստը:

- Ուրախ եմ:

- Ուրախ չես… ոչ էլ Վիգեննա ուրախ:

Հուզվեց, բայց շատ արագ կարողացավ սթափվել:

- Ես գիտեմ, որ դու էլ, Վիգենն էլ շատ կուզեիք, որ իմ փոխարեն հիմա նա լիներ… ես քեզ մի բան կասեմ, որը եղբորդ էլ կարող ես փոխանցել… ամեն ինչ անելու եմ, որ երկուսդ էլ ինձ ավելի շատ սիրեք ու մոռանաք նրան:

Մինչ այդ չէի նայում Նարեին, բայց երբ հայացքը զգացի, շրջվեցի և տեսա վճռական աչքերը: Կտրուկ վեր կացավ, ինձ մեկնեց ձեռքը և ժպտալով ասաց:

- Շատ ես ծխում: Արի գնանք պարենք:


Տասնհինգօրյա մեղրամիսը նորապսակներն անցկացրին Բուլղարիայում, որտեղից ամենաշատն ինձ էին նվերներ բերել: Ընդհանրապես, Նարեն ամեն կերպ աշխատում էր կատարել խոստումը և սիրել տալ իրեն: Շա՜տ ուշադիր էր իմ նկատմամբ: Առանց ինձ ոչ մի տեղ չէին գնում, առանց իմ ներկայության ոչ մի հյուր չէին ընդունում: Այնքան էր շռայլում ինձ ուղղված գովեստները, որ նրա բոլոր ընկերուհիներն ու ազգականները սիրահարվել էին ինձ: Չեմ թաքցնի և կասեմ, որ այդ ընթացքում աղջիկների ուշադրության պակաս չունեի, բայց սիրել այդ բազմաթիվ աղջիկներից որևէ մեկին, այդպես էլ չկարողացա:

Որքան շատ էր ջանում սիրել տալ իրեն, այդքան շատ սիրում էինք Սիլվային: Մոռանալու մասին չէինք էլ մտածում, չնայած ո՛չ ես, ո՛չ էլ Վիգենը, թեկուզ առանձին, չէինք խոսում Սիլվայի մասին: Նույն բանը կատարվում էր նաև Նարեի հետ: Եվ դա ինքն էլ էր զգում: Պարզապես դարձել էր իր մշակած ծրագրի գերին: Հետզետե ավելի ու ավելի լավ էր գիտակցում, որ սխալ ճանապարհ է ընտրել: Երբեմն անում էր բաներ, որ ծրագրի հետ կապ չունեին, բայց բոլորս էլ ենթագիտակցորեն հակառակն էինք զգում: Կեղծ էր Նարեի ամեն մի արարքը, կամ այդպես էր թվում: Ժամանակն անցնում էր և մոտենում էր այն օրը, երբ Սիլվայի մասին պետք է բարձրաձայն խոսվեր:

Վիգենն աշխատանքի էր, երբ Նարեն զանգեց և խնդրեց, որ միասին եկեղեցի գնանք: Հենց եկեղեցում էլ Նարեն խոսեց:

- Սիլվայից նորություն ունե՞ս,- հարցրեց, երբ նստեցինք եկեղեցու նստարաններին:

Քիչ առաջ ասում էի, որ սպասելի էր այդ օրը, բայց այնքան անսպասելի էր Նարեի հարցը, որ ապուշ կտրեցի:

- Ի՞նչ:

- Սիլվայից նորություն ունե՞ս: Միայն թե չհարցնես՝ ի՞նչ Սիլվա:

- Չեմ հարցնի:

- Հիմա ի՞նչ: Նորություն ունե՞ս, թե չէ՞… Սիլվայից:

Անընդհատ շեշտում էր անունը, որն այնքան էի կարոտել, որ հաճելի էր լսել նույնիսկ Նարեի շուրթերից: Միանգամից գլխի ընկա, թե ինչու էր այդպես անում: Փոխել էր ծրագիրը: Ջնջել էր նախկինը և նորն էր գրում: Ուզում էր հաղթել ինքն իրեն, հաղթել իր վախը, հաղթել Սիլվայի անվան հետ կապված բարդույթը, որը խրվել էր կոկորդին և խանգարում էր շնչել ու հանգիստ ապրել: Այո՜, ո՛չ ես, ո՛չ Վիգենը և ո՛չ էլ, հատկապես, Նարեն այս մեկ տարվա ընթացքում հանգիստ չէինք ապրում: Իսկ մեղավորը Նարեն էր, ում արհեստական պահվածքն ուղղակի ստիպում էր հիշել չքնաղ գեղեցկուհուն, ում վերջին անգամ տեսել էի այն չարաբաստիկ օրը, երբ Վիգենը մեկ ապտակով դժբախտացրեց միանգամից չորս հոգու: Եվ հիմա այդ քառյակից ամենադժբախտը հարցնում է ինձ՝ Սիլվայից նորություն ունե՞մ, թե՝ ոչ: Մեկ տարի թաքցրած, բայց շա՜տ տեսանելի, մտատանջություններից հետո Նարեն բարձրաձայնում է մեկի անունն, ում մինչ օրս խելագարի նման սիրում է իր ամուսինը: Նարեն նոր, բայց պարտադիր սխալ էր գործում: Չէր կարող չփոխել ծրագիրը: Կխեղդվեր: Նարեն հենց սկզբում պետք է վարվեր այսպես: Պետք է ամենօրյա և հասարակ դարձներ Սիլվայի անունը: Մեզ էլ պետք է ստիպեր, որ հաճախ խոսեինք Սիլվայի մասին: Պետք է շատ էժան, անվճար դարձներ այդ անունը, ոչ թե թանկացներ և դարձներ անգին: <<Ս>>-ը տառով սկսվող յուրաքանչյուր բառ յուրօրինակ ազդեցությունն էր թողնում այս մեկ տարվա ընթացքում: Սիլվայի անունն իսկապես անգին էր դարձել մեզ համար, իսկ անձը՝ երանելի:

- Ոչ մի նորություն էլ չունեմ, - հանգիստ պատասխանեցի, չնայած ներսս տակնուվրա էր եղել:

- Ումի՞ց:

Իհարկե, պետք է տար այդ հիմար հարցը: Պետք է լսեր այդ անունը: Լսեր ինձանից, Վիգենից, շրջապատում գտնվող բոլոր ծանոթ-անծանոթներից: Բայց արդեն ուշ էր: Նարեի ծրագիրը տապալված էր ի սկզբանե: Արդեն պատրաստ չէր: Փորձեց հանգիստ լսել այդ անունը, երբ պատասխանեցի հիմար հարցին, սակայն ցնցվեց: Ես պատկերացրի, թե ինչ կկատարվի Նարեի հետ, երբ Վիգենից կլսի նույն անունը: Տասը բալանոց երկրաշարժ տեղի կունենա խեղճի ներսում, որը կփոշիացնի ամեն բան:

- Պարզա… լսի, իսկ ընկերուհուս ինչի՞ չհավանեցիր,- թեման փոխելով հարցրեց Մանեն:

- Ո՞ր մեկին:

- Գոհին:

- Գոհն ովա՞:

- Գոհարը:

- Գոհարը՞, հա՜…

Անվան կարճ տարբերակը շփոթեցրեց: Իհարկե, չէի մոռացել Գոհարին: Այն աղջկան, ում հետ անկողին էի կիսել փաբի պետքարանում: Նարեին չնեղացնելու համար գովերգեցի Գոհարին:

- Ե՞րբ ենք գնում Գոհին ուզելու,- հարցրեց ոգևորված:

- Ավելի լավա Ռուբինային ուզելու գնանք:

- Ռուբի՞ն, լսի, դու Ռուբի՞ն ես սիրահարվել:

- Ռուբինա ասա էլի: Թե չէ ես Ռուբին ճանաչում եմ: Լավ մարդա, բայց տղայա:

- Ես կմեռնե՜մ: Ռուբինա սիրահարվե՜լ:

- Չեմ սիրահարվել, ուղղակի դուրս գալիսա:

- Վայ ցավդ տանե՜մ: Ռուբն արդեն նշանվածա՜:

- Լավ չի:

- Շատ էլ լավա: Ռուբը հեչ քեզ համապատասխան չի:

- Ինչի՞:

- Մի տեսակ ուրիշա էլի: Մի խոսքով՝ մոռացի Ռուբին: Ես քեզ Էրիկայի հետ կծանոթացնեմ:

Նարեն սկսեց պատմել մոր ընկերուհու դստեր մասին, ով, ըստ Նարեի, իդեալական կին կլիներ ինձ համար, քանի որ աշխարհ տեսած աղջիկ է և առաջնահերթ կարևորում է տղաների մարդկային արժանիքներն ու հումորը: Առաջ անցնելով նշեմ, որ իսկապես աշխարհ տեսած աղջիկ էր Էրիկան: Այն էլ այնպիսի աշխարհ, որի գաղտնիքների մասին երևի չէի իմանա, եթե չծանոթանայի Էրիկայի հետ, ում անունը Նարեն, բարեբախտաբար, չէր կրճատում: Ինչևէ. հետաքրքիր աղջիկ էր Էրիկան, բայց նրա հետ էլ չստացվեց, չնայած անկեղծ էր և իմ կողմից, բնականաբար, գնահատված:

Աղջիկները տղաներից շատ են տարբերվում, իսկ միմյանցից՝ քիչ: Անցած եմ համարում այն ժամանակները, երբ նրանց, բացի տղաների ֆինանսական կարողությունից, նաև այլ բաներ էին հետաքրքրում: Մեր օրերում, թվում է թե, նոր սերնդի աղջիկների բոլոր պահանջները հնարավոր է բավարարել փողի առկայությամբ:

Նոր սերնդից մի աղջկա էի համակրում: Ասաց, որ ընկեր ունի: Հետո աշխատանքի բերումով նորից շփվեցինք: Խոսքի մեջ ասացի, թե որքան գումար եմ վաստակում: Հենց այդ պահին պարզվեց, որ այլևս ընկեր չունի, և սկսեցինք հանդիպել մինչ այն օրը, երբ պատմեց, որ նախկին ընկերը շարունակում է անհանգստացնել իրեն: Հանդիպեցի այդ տղային և իմացա, որ չի աշխատում: Եթե որոշ ժամանակ անց, ևս մեկ տղա հայտնվեր նրա կյանքում և պարզվեր, որ ինձանից շատ է վաստակում, պարզ է, թե ինչ կլիներ:
Մեկ ծաղկով, անշուշտ, գարուն չի գա: Բայց, ցավոք, ծաղիկները շա՜տ են, իսկ գարունները եկել ու չեն գնում:
<<Տղամարդը պետք է ապահոված լինի>> արտահայտությունը ճիշտ է, բայց հարաբերական և բազմակողմանի: Իմ սերնդի(կամ ավելի մեծ) աղջիկների մեծ մասի տրամաբանությունն ու պահանջները, բարեբախտաբար, տարբերվում են նոր սերնդինից: Բայց սա արդեն նոր սերնդի տղաների խնդիրն է:

4.

Գարեջրի դատարկ շշերը մեր սեղանից տանող մատուցողուհու գոտկատեղի դաջվածքը միաժամանակ երկար ուսումնասիրելուց հետո, ես ու Վիգենն իրար նայեցինք:

- Ջոկի՞ր ինչ էր նկարած,- հարցրեց Վիգենը:

- Չէ, որովհետև ընդհանուր պատկերի մի մասն էր երևում:

- Գիտես չէ՞: Սրանք հատուկ են տենց տատուներ անում: Որ տղերքի մեջ հետաքրքրություն առաջանա, թեմա սկսեն հետներն ու …

- Նարեն էսօր Սիլվայից էր հարցնում,- սխալ պահ ընտրեցի թեման շրջելու համար, բայց արդեն ուշ էր:

- Մի հատ նորից:

- Նարեն ինձ էսօր հարցրեց՝ Սիլվայից նորություն ունե՞մ, թե՞ չէ:

Վիգենը լռեց: Ծխախոտ վառեց, գարեջուր խմեց ու անհանգիստ շարունակեց :

- Ե՞րբ հարցրեց:

- Ցերեկը, որ եկեղեցի էինք գնացել:

- Ինչի՞:

- Չգիտեմ:

- Տենց միանգամից հարցրեց, հա՞:

- Հա:

- Բա ի՞նչ ասեցիր:

- Որ ոչ մի նորություն էլ չունեմ:

- Բա՜ն չեմ հասկանում:

Վիգենի լռությունն այս անգամ երկարատև էր: Չխոսեց մինչ տուն հասնելը:

- Չեմ ուզում տուն գնամ,- ասաց, երբ պատրաստվում էի մուտքից ներս մտնել:

Խղճուկ փորձ կատարեցի Վիգենին համոզելու, որ տուն գնա. չստացվեց: Հասկանում էի հոգեվիճակը: Նորից դպրոցի բակ գնացինք: Նորից տվեցինք Սիլվայի անունը: Այս անգամը նման չէր նախկինին: Ոչ մի զայրույթ և պոռթկացող էմոցիաներ: Պատճառը կարոտն էր: Սիրո անբաժան բաղկացուցիչն է կարոտը: Սիրեցյալիդ որքան հնարավոր է շուտ տեսնելու անհագ ցանկությունը: Կարոտն արտաքուստ հանգստացրել էր երկուսիս էլ: Ագահորեն օգտվեցինք այդ անունը բարձրաձայնելու ընտիր հնարավորությունից:

- Սիլվա՜… Սիլվա՜,- անընդհատ շշնջում էր Վիգենը՝ փակ աչքերով նայելով երկինք՝ ասես աղաչելով սիրո աստվածուհուն, որ ների իրեն: 

Շարունակությունը՝ այստեղ

Հեղինակ՝ Արսեն Սարգսյան