Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման և քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում և սկսվում են իրականացվել: Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապահն է: Տոտալիտար համակարգից անցումը քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների` բավականին դժվար և ցավոտ ճանապարհ է, որովհետև այն ենթադրում է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ: Աշխարհի ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի, եթե հասարակությունում այդ հիմնարար փոփոխությունները տեղի չունենան»:
Այնուհետև վարչապետը Բաց կառավարման սկզբունքների վերաբերյալ ներկայացրել է մի քանի թեզ:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ չի կարող ձևավորվել քաղաքացիական հասարակություն, եթե կառավարության գործունեությունը չլինի բաց ու թափանցիկ: Վարչապետի դիտարկմամբ՝ դրա համար գոյություն ունի երկու պատճառ: «Առաջին պատճառը կայանում է նրանում, որ իշխանությունն ունի պարտադրանքի գործիք: Իշխանությունը երկրում պարտադրանքի մոնոպոլիա է և եթե նա կիրառում է այդ գործիքը՝ պետք է հասարակությունը վստահ լինի, որ այն ի չարս չի օգտագործվում: Եթե հասարակության կողմից չլինի այդպիսի վստահություն, ուրեմն այդ հասարակությունը չի կարող ապահովել զարգացում: Դա է պատճառը, որ ի սկզբանե իշխանությունների ցանկացած գործողություն հասարակության կողմից ոչ միայն պետք է լինի վերահսկելի, այլև դրվի կասկածի տակ և իշխանությունները պետք է մշտապես արդարանան, որ պարտադրանքի ինստիտուտը ճիշտ են կիրառում: Շատ հաճախ ես նկատում եմ, որ իշխանության լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակության այդպիսի վերաբերմունքից, բայց դա քաղաքացիական հասարակության կառուցման անհրաժեշտ էլեմենտ է»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը: Միաժամանակ, վարչապետն ավելացրել է, որ իշխանական լծակները՝ ֆինանսական միջոցների վերաբաշխումը, տնօրինումը և տիրապետումը նույնպես պետք է լինի արդարացի, ինչը ևս ենթադրում է, որ իշխանությունները մշտապես պետք է գտնվեն հասարակության վերահսկողության տակ:
Վարչապետի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի և դրան հասնելու ճանապարհը թափանցիկությունն է բոլոր մակարդակներում. պետք է լինել հաշվետու հասարակության առջև և վերջինս տեսնի կառավարության բոլոր գործառույթները:
«Սա վստահության ձևավորման կարևորագույն հիմքն է: Միայն թափանցիկությունը բավարար չէ՝ անհրաժեշտ է նաև հասարակության ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ այդ որոշումները տրամաբանական են, որ իր կարծիքն ազդում է իշխանության կողմից որոշումների կայացաման ընթացքում: Եթե մենք ապահովում ենք այս ամենի իրականացումը, ապա պարտավոր ենք ապահովել նաև պատախանատվություն և պրոֆեսիոնալիզմ, որը շատ հաճախ մեզանում բացակայում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների:
Հասարակությունը պետք է պատրաստ լինի մեծածավալ տեղեկատվության մեջ զանազանել ճիշտը ստից, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որ հաստատում ենք, հասնեն իրենց նպատակներին»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հանրությունը հեշտ է ընկալում սենսացիոն նորությունները և այդպիսի լուրերն էլ հիմնականում իրենց մեջ կրում են բացասական տրամադրություններ: Արդյունքում՝ մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ և ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն և մշտական դժգոհություն, որը հնարավորություն չի տալիս բարեփոխումները տանել առաջ: Վարչապետի կարծիքով՝ այստեղ է, որ գալիս է պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքի կարևորությունը:
Որպես օրինակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մտնում է աշխարհի առաջին հինգ պետությունների շարքում, որոնք պետական բյուջեի ծախսերն ամբողջությամբ դարձրել են թափանցիկ: Օն-լայն ռեժիմով աշխարհի ցանկացած ծայրից բոլոր մանրամասնություններով և փաստաթղթերով կարելի է հետևել, թե այսօր ՀՀ պետական բյուջեն ինչ ծախսեր է կատարել:
«Այս երկու տարիների ընթացքում, երբ այս համակարգը ներդրվել է, ընդամենը մեկ դեպք է եղել, որ ԶԼՄ-ներն անդրադարձել են պետական գնումներին և կասկած հայտնել՝ արդյոք այս գործարքն արդարացված էր: Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են և այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է: Այս աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալիզմ, այն ԶԼՄ-ները, որոնք իրենց առջև նպատակ են դրել զբաղվել հետաքննությամբ, բացահայտել իշխանությունների չարաշահումները, պետք է ունենան նաև գիտելիքներ և հնարավորություն՝ վերլուծելու այդ տեղեկատվությունը, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի»,- ասել է վարչապետը և ցավով նշել, որ այսօր առկա է այդպիսի պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների շատ ցածր աստիճան:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ սա ենթադրում է, որ միասին պետք է սովորենք աշխատել նոր միջավայրում, երբ տեղեկատվությունը բաց է և թափանցիկ, հասանելի հասարակության համար:«Անցումային հասարակություններում մեծ ռիսկ և վտանգ կա, երբ մարդիկ սկսում են առհամարանքով վերաբերվել նոր գիտելիքների ձեռքբերմանը: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև պատասխանատավությունը. եթե մենք գործ ունենք ոչ ստույգ տեղեկատվության հետ, որը չի համապատասխանում իրականությանը և ստվեր է գցում ազնիվ ու պատասխանատու մարդկանց վրա, պետք է լինենք հետևողական, պատասխանատվության կանչենք այն մարդկանց, ովքեր թույլ են տալիս այդպիսի ապատեղեկատվություն: Սա էլ նուրբ խնդիր է, որին մենք դեռևս պատրաստ չենք, որովհետև, այս առումով, ցանկացած գործողություն դիտարկվում է որպես ճնշում ընդդիմախոսի նկատմամբ, այլ ոչ թե օբյեկտիվ և հասկանալի ձգտում՝ հասնելու ճշմարտությանը: Այստեղ էլ դեռևս պետք է ճանապարհ անցնենք, որպեսզի լինի վստահություն նաև իրավապահ, դատական մարմինների նկատմամբ: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է կառավարության ծրագիրը և մեր գործողությունները»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ՀՀ կառավարությունը սերտորեն համագործակցում է «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում և իրենք հավատացած են, որ բաց հասարակությունը և տնտեսությունը հնարավորություն կտան երկրներին ծաղկում ապրել, լինել առավել բարեկեցիկ, անվտանգ և խաղաղ: «Սրա վրա է հիմնվում մեր աջակցությունը «Բաց կառավարման գործընկերության» ուղղությամբ: Իր գործողությունների ծրագրով Հայաստանը կարևոր հանձնառություն է ստանձնել «Բաց կառավարման գործընկերության» առաջ և ես գիտեմ, որ կառավարության կողմից այդ գործողությունների ծրագիրը հաստատվել է, որը քննարկվել և շրջանառության մեջ է դրվել: Այս գործողությունների ծրագրով առաջընթացը կարևոր է Հայաստանի համար, ինչը կօգնի, որ ՀՀ-ն բարելավի իր ցուցանիշները, որոնք դիտարկվում են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի կողմից»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Ջոն Հեֆերնը հիշեցրել է, որ մեր երկիրը նախկինում եղել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ի ծրագրի շահառու և այս աշխատանքը կարող է օգնել, որպեսզի ՀՀ-ն մասնակցի կորպորացիայի ծրագրերին:
Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությունը կներկայացնի «Բաց կառավարման գործընկերության» Հայաստանյան գործողությունների ծրագիրը և դրանով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը: