Թավշյա հեղափոխության հաղթնակը լուծեց կարևոր մի խնդիր՝ ռեստավրացրեց քաղաքականությունը ու պատահական չէ, որ վերջին շրջանում ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնցից ոմանք փորձում են ձևակերպել հեռանկարային նպատակներ։ Մի կողմից՝ նախահեղափոխական քաղաքական համակարգը կոլապսի մեջ է, մյուս կողմից՝ նորաստեղծ քաղաքական կուսակցություննները տակավին գտնվում են ձևավորման փուլում և դեռևս, ըստ էության, պատրաստ չեն լրջորեն մասնկացել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Ներքաղաքական հակասությունների այս համատեսքտը լրացվում է այն փաստով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը դեռևս գործող խորհրդարանի կողմից երկու անգամ տապալվեց, ինչը նշանակում է, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններն անցկացվելու են հին ԸՕ-ով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով։

Իհարկե, տեսականորեն օրինական ընտրությունների անցկացման համար առաջնային նշանակություն ունեն ոչ այնքան օրենսդրական հիմքերը, որքան՝ քաղաքական կամքը։ Որևէ մեկը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի թիմն իսկապես հետամուտ է, որ Հայաստանում ներդրվի օրինական ընտրությունների անցկացման մոդելն ու, օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունները միանգամայն օրինական էին՝ չնայած անցկացվեցին գործող ԸՕ-ով։ Մյուս կողմից՝ երևանյան ընտրություններն անցկացվեցին բաց համամասնական ցուցակներով ու չէր գործում, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը, որը շատերի կարծիքով՝ որևէ կապ չունի մրցակցային ընտրությունների հետ ու կոչված է ընդամենը քրեաօլիգարխիկ համակարգի մենեջմենտի ու վերարտադրության ապահովմանը։ Այս իմաստով գրեթե ակնհայտ է, որ հին օրենսգրոքով արտահերթ ընտրությունների անցկացումն, ըստ էության, կենսունակության շանս է ճգնաժամի մեջ գտնվող կուսակցական հին համակարգի համար ու փակում է մուտքը խորհրդարան նոր ուժերի համար, որոնցից շատերը հեղափոխության համատեքստի հետևանք են։ Այսքանով հանդերձ՝ առաջիկա ընտրությունները չեն ստեղծում ինստիտուցիոնալ հիմքեր՝ նոր կայուն համակարգ ձևավորելու համար, մանավանդ որ ռեյտինգային համակարգը մեծացնում է ռիսկերը, որ անգամ կառավարող ՔՊ-ն իր դռները պետք է բացի նախկին համակարգի ներկայացուցիչներից շատերի համար, որոնք տարիներ շարունակ ընտրական ծառայություններ են մատուցել, այսպես կոչված, քրեաօլիգարխիայի համար։

Մյուս կողմից՝ խիստ էական է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակին խոստացել էր արտահերթ ընտրությունները կազմակերպել նոր ընտրական օրենսդրությամբ։ Սա Նիկոլ Փաշինյանի երեք կարևոր խոստումներից մեկն է, որն, ըստ էության, ձախողվել է։ Այս փաստն ինքնին հեղափոխության թիմի անկարողության դրսևորում է կամ՝ տագնապալի ազդանշան, որ հեղափոխությունը շեղվել է իր օրակարգային առաջնահերթություններից մեկից։ Սա որոշակիորեն թուլացնում է առաջիկա ընտրությունների քաղաքական բաղադրիչը, լեգիտիմությունը, մանավանդ՝ պահպանված ԸՕ-ն ակնհայտորեն ռեստավրացիայի որոշակի հնարավորություններ է ստեղծում հին համակարգի ուժերի համար։

Եվ վերջապես՝ դեկտեմբերի 9-ի ընտրություններն էմոցիոնալ են լինելու օբյեկտիվորեն, ինչը բնորոշ է հետհեղափոխական իրականությանը։ Քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքերի բացակայության հետևանքով նոր խորհրդարանը ձևավորվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հենքով, ինչը ենթադրում է, որ հասարակության էլեկտորալ տրամադրությունների բնական սեգմենտացիայից հետո նոր խորհրդարանը կարող է հայտնվել լեգիտիմության դեֆիցիտի փաստի առաջ։ Սրան նպաստում է այն հանգամանքը, որ չբարեփոխված ԸՕ-ի ու հեղափոխական էյֆորիայի հետևանքով նոր խորհրդարանից դուրս է մնալու քաղաքական պոտենցիալ, որն ակտիվ է պահելու փողոցը՝ դրանից բխող հետևանքներով։

Սա հիմք է տալիս մի շարք փորձագետների ու քաղաքական ուժերի պնդել, որ դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք խորհրդարանն անցումային է լինելու ու արդեն երկու-երեք տարի հետ առաջանալու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։ Ինչքան էլ քաղաքական պերմամանենտ լարվածությունն անցանկալի երևույթ է, սակայն նման կանխատեսումները հիմնազուրկ չեն, մանավանդ տակավին անհայտ է, թե ինչպիսի պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը նոր համակարգի կայացման, զարգացման, դրա բովանդակության վերաբերյալ։ Համենայն դեպս, հուսանք, որ շուտով մեկնարկող քարոզարշավի ժամանակ մենք կլենսք գոնե այս հարցերի պատասխաննները ու առհասարակ՝ այն մասին, թե ինչ պատկերացումներ ունի վարչապետը քաղաքական և ընտրական ինստիտուտների զարգացման ու առաջիկա տարիներին նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու հանարավորության մասին։

 Նյութի աղբյուրը՝ 1in.am