Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության առաջին իսկ օրերը վկայում են, որ երկրում արտառոց ոչինչ չի կատարվել: Չնայած ընտրություններին մասնակցում են 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք, ընտրական մրցավազքը վերածվել է «մեկ դարպասի ուղղությամբ» խաղի, որն անցկացնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Արձակուրդ ձեւակերպելով՝ նա միայնակ սկսեց այս խաղը եւ մտադիր է «սեւ-սպիտակի» դրոշի ներքո այն հասցնել հաղթական ավարտին: Դրա համար նրան միայն մեկ ֆեյք-գործընկեր էր հարկավոր, որի դերը մեծ հաճույքով ստանձնեց նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցությունը: Վերջինս զինվել էր «երկիրը կործանման տանող Փաշինյանի» կերպարով հասարակությանը շանտաժի ենթարկելու հայեցակարգով: Իրավիճակի մեջ բոլոր «ֆիշկաները» դասավորված են, եւ հասարակությանը մնում է միայն դիմանալ իրենց կյանքի այս տաղտկալի ժամանակաշրջանին:
Շատերն իմաստազուրկ են համարում հանրապետականների՝ ընտրություններին մասնակցելու որոշումը: Իսկապես, եւս մեկ անգամ համընդհանուր պարսավանքի կենտրոնում հայտնվելը, կարծես թե, նպատակահարմար չէ: Երեւանի ավագանու անցած ընտրություններում այս կուսակցությունն ավելի խելամիտ վարվեց՝ պարզապես հրաժարվեց մասնակցությունից: Ներկայիս ընտրություններում այդ կուսակցության անդամները խուսափում են նույնիսկ ընտրողների հետ հանդիպման դուրս գալուց: Ուրեմն էլ ինչ կարիք կա մասնակցել ընտրություններին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նախկին տեսքով այլեւս գոյություն չունի: Լինելով կառավարող կուսակցություն՝ այն տիպիկ իշխանական կուսակցություն էր, որը բնորոշ է շատ երկրների ավտորիտար վարչակարգերին: Հայաստանի պայմաններում այդ իշխանական կուսակցությունն իրենից ներկայացնում էր «խոշոր սեփականատերերի ակումբ», որին անդամակցությունը խիստ կանոնակարգված էր ունեցվածքային ցենզով: Այդ «ակումբում» ինչ-որ քաղաքական թեւի առկայությունը գործնականում նպատակ ուներ ապահովելու «ակումբի» հանրային պահանջմունքները: Պարզ ասած՝ ՀՀԿ-ի անդամները պահում էին մի խումբ անձանց, որոնք պետք է հատուկ ծառայություն մատուցեին խոշոր սեփականատերերին`մարդկանց ներշնչելու, որ այս «ակումբը» ժողովրդի մանդատ ունեցող քաղաքական կուսակցություն է: Նկարագրված կազմակերպչական գծապատկերը երկար ժամանակ արդյունավետ կերպով օժանդակում էր ՀՀԿ-ի գործունեությանը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս տիպի կուսակցությունը կարող է գոյություն ունենալ միայն մեկ պայմանով՝ պետական իշխանության լծակների տիրապետմամբ:
Նշված լծակների կորստի դեպքում խոշոր սեփականատերերը կորցնում են նաեւ հետաքրքրությունը երբեմնի հարազատ «ակումբի» հանդեպ: Հենց դա տեղի ունեցավ Հայաստանում այս տարվա երկրորդ կեսին: Որքան էլ ՀՀԿ-ի ղեկավարությունը եւ նրա նախկին «քաղաքական թեւը» ջանացին փրկել կուսակցությունը, խոշոր սեփականատերերն արագ ցրվեցին այս ու այն կողմ: Մեկը հլու-հնազանդ ենթարկվեց նոր կառավարության պահանջներին եւ ընդունեց խաղի նոր կանոնները, մյուսը քաշվեց ստվեր ու փորձեց ինքնուրույն պաշտպանվել ճնշումներից: «Քաղաքական թեւը» մնաց անտեր. այլեւս մարդ չկար, որին վճարովի ծառայություններ մատուցեին: Եվ միանգամայն բնական է, որ ՀՀԿ-ականների մի խումբ որոշել է ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը` օգտագործելով ՀՀԿ-ի բրենդը: Այսինքն՝ նախընտրական մրցավազքի մեջ մտել է ոչ թե նախկին ՀՀԿ-ն, այլ նրա բրենդի ներքո՝ գործիչների մի ցուցակ: Այդ գործիչների խնդիրն է փրկել ՀՀԿ-ի բրենդը՝ Ազգային ժողովում նվազագույն թվով մանդատներ ստանալու միջոցով:
Նիկոլ Փաշինյանը հենց դրան էլ սպասում էր, մանավանդ որ իշխանությունների միակ ընդդիմադրի տիտղոսին տիրապետել ջանացող ՀՀԿ-ն ինքը վերցրեց եւ ուռճացրեց Փաշինյանի կիրառած «սեւ-սպիտակի» թեզը՝ փորձելով քաղաքական մյուս ուժերին դուրս մղել ընտրողների ուշադրության կենտրոնից: Սա թեթեւացրեց Փաշինյանի դրությունը՝ նրան հնարավորությունլ տալով հանրային գիտակցության մեջ պահպանել «ժողովրդի վարչապետի՝ ժողովրդական բարիքը հափշտակողներին պատժողի» կերպարը: Վարչապետի պաշտոնակատարը միտումնավոր իջեցրեց բանավեճի մակարդակը փողոցային բառամթերքի աստիճանին՝ այդ մակարդակի իջեցնելով նաեւ ՀՀԿ անդամների հրապարակային հայտարարությունները: Եվ այդպես՝ միմյանց փոխանցելով «սեւ-սպիտակի» ապաքաղաքական ներկայացումը, նախկին եւ ներկա իշխանությունները նախընտրական քարոզարշավը դուրս բերեցին լուրջ քաղաքականության շրջանակներից: Այս բանավեճին մասնակցելու ցանկություն չունեցող մյուս բոլոր քաղաքական ուժերը մնացին լուսանցքային վիճակում: Նրանց ձայներն ուղղակի անհետացան տեղեկատվական հոսքերի լաբիրինթոսում:
Acnis.am խմբագրական