Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ մեծ սխալն էր: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսային զրույցում, փոխանցում է Mehr-ը:

Նա տարածաշրջանային պետություններին կոչ է արել միավորվել ընդդեմ Վաշինգտոնի սպառնալիքների: «Եթե մենք լռենք, ԱՄՆ-ն ավելի համարձակ ու ագրեսիվ կդառնա»,- շեշտել է նա՝ հավելելով, որ լռությունը սպառնալիքի տակ կդնի ամբողջ տարածաշրջանը: Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի ազգային ինքնիշխանությունը եւ Իրաքում ահաբեկչական ակտեր իրագործել, որոնք հակասել են այդ երկրի անկախությանը: «ԱՄՆ-ն նաեւ կատարել է այլ կառավարության դեմ կազմակերպված ահաբեկչական ակտ եւ սպանել մեր մեծագույն ու հանրաճանաչ հրամանատարին, եւ եթե մենք լռենք, մեծ սպառնալիքի հետ կբախվենք»,- հավելել է նա:

Ռոհանին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին իրանական կառավարությանը եւ ժողովրդին ցավակցելու համար՝ իրանցի գեներալի զոհվելու կապակցությամբ:

Անդրադառնալով Սիրիայում իրադարձություններին՝ Ռոհանին նշել է, որ սիրիական խնդրի լուծման ջանքերը կշարունակվեն Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդների մակարդակով: Նա նաեւ Թեհրանում Էրդողանի հետ շուտով հանդիպելու հույս է հայտնել:

Իր կողմից Թուրքիայի նախագահը ցավակցել է Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու կապակցությամբ: «Ես խորապես վշտացած եմ եւ հասկանում եմ Իրանի ղեկավարության ու իրանցի ժողովրդի զայրույթն ու ատելությունը»:

Թուրքիայի նախագահը նշել է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության վերականգնման անհրաժեշտությունը: «Օտարերկրյա միջամտությունները եւ ռազմական գործողությունները խանգարում են կայունության հասնել, եւ մենք չպետք է թույլ տանք, որ այդպիսի միջոցառումները սպառնան տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»: