Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը: Հունվարի 14-ի չվերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի ավիացիոն շուկայում:

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

Ավանդույթի համաձայն՝ Հայաստան նոր ավիաընկերության մուտքը նշանավորվել է ջուր ցողելու արարողությամբ: Վայրէջք կատարած օդանավն անցել է ջրային կամարի տակով:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրեց հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ: Մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

Դեկտեմբերի 16-ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել»,- նշել է Ռադոն: