Արցախի Հանրապետության կառավարությանը կից ստեղծված՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման փաստով պայմանավորված, որոշում է ընդունել մարտի 23-29-ի գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-7-ը ներառյալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հետագա որոշումները կընդունվեն և կհրապարակվեն՝ համաճարակաբանական հսկողության պահանջներին համապատասխան:

Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը քննարկում է բաց թողնված պարապմունքները լրացնելու խնդիրն ուսումնական ծրագրի բեռնաթափման և ուսումնական գործընթացի ռեժիմի փոփոխությամբ լուծելու հնարավորությունները:

«Ստեղծված իրավիճակում կարևորում ենք բոլորի և յուրաքանչյուրի համարժեք վարքագիծը՝ համաճարակի տարածումը կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում՝ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Հորդորում ենք առաջնորդվել առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունների կողմից հրապարակված ուղեցույցներով:

Հիգիենայի սահմանված կանոններին հետևելը զգալիորեն կնվազեցնի գրիպի, կորոնավիրուսային վարակի և այլ սուր շնչառական վիրուսային վարակի և դրանց հետագա տարածման ռիսկը:

Շարունակեք հետևել պաշտոնական հաղորդագրություններին Արցախի Հանրային հեռուստատեսությամբ և ԿԳՍ ու ԱՆ նախարարությունների կայքէջերով և ֆեյսբուքյան էջերով:

Մաղթում ենք բոլորիդ առողջություն»- տեղեկացնում է ԿԳՍ նախարարությունը:

Ավելացնենք, որ Արցախի Հանրապետության տարածքում սուր շնչառական ուղիների հիվանդությունների և համաճարակաբանական ընդգծված ֆոնի պատճառով Արցախի տարածքում գործող բոլոր հանրակրթական հաստատություններում փետրվարի 21-22-ը, այնուհետև 25-29-ը՝ բոլոր նախակրթարաններում և այն դպրոցներում ու մասնագիտական հաստատություններում, որտեղ դասերից բացակայությունների թիվն անցել է թույլատրելիի սահմանը, դադարեցվել են ուսումնական պարապմունքները:


Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Առողջապահության նախարարությունը համատեղ այս որոշումն ընդունել են՝ հիվանդությունների հետագա տարածումը կանխելու նպատակով, միաժամանակ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի ներթափանցման ռիսկերը:

Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, հանրապետությունում վերջին օրերին նկատվել է սուր շնչառական հիվանդության դեպքերի նվազման միտում, ինչն արձանագրվել է նաև բուժհաստատություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի թվի նվազմամբ:

Այս ընթացքում մանկապարտեզներում, դպրոցներում և ուսումնարաններում իրականացվել են ախտահանման, օդափոխման և շենքերում ջերմային ռեժիմի կարգավորման լրացուցիչ աշխատանքներ: