Երեւանում հունիսի 15-ին ԴԱՀԿ աշխատակիցների կողմից բռնության ենթարկված 60-ամյա Արմեն Եղիազարյանը ուղեղի ցնցում, սալջարդեր է ստացել, իսկ ԴԱՀԿ աշխատակիցների՝ բնակարան ներխուժման փորձի ժամանակ նրա վատառողջ տարեց մոր մոտ ինստուլտ է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ին ասաց տղամարդը՝ նշելով, որ ոստիկանություն է դիմել իրեն բռնության ենթարկելու փաստով, արդեն նաեւ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։

«Ես ներքեւում էի, երբ եկան, վարչության պետի տեղակալին՝ Գագիկին հարցրել եմ՝ ինչի՞ ես եկել, նախ կորոնավիրուս է, շփման գործոն կա, հետո՝ դու այդքան մարդու հավաքել, եկել ես, գիտես՝ մայրս 88 տարեկան կին է, վատառողջ, անտեղաշարժելի, այսքան մարդ տեսնի, սիրտը կկանգնի, ինչի՞ ես 10 հոգով եկել, ասում է՝ լավ եմ արել, ինձ չի հետաքրքում։ Ես իրեն ասեցի՝ մի բարձրացեք վերեւ, ինքը հարձակվեց վրաս, խփեց գցեց։ Իսկ մինչեւ խփել գցելը ներսում՝ մուտքի մոտ 10 հոգով հարձակվել էին վրաս, խեղդում էին։ Արյանս հետքերը մնացել էին ոստիկանների հագուստին։ Մեջքս էր ցավում, ողնաշարս, ուղեղի ցնցում էի ստացել, հետ էի տալիս»,- պատմեց տղամարդը։


ԴԱՀԿ աշխատակիցների գալու ժամանակ բնակարանում եղել են նրա կինը եւ մայրը։ Կինը՝ Մարինե Հայրապետյանը, պատուհանից է նկատել, որ ամուսնուն ծեծում են, ահազանգել է տեգրոջը, իսկ մինչեւ նրա տեղ հասնելը դռան զանգը հնչեցրած՝ ԴԱՀԿ աշխատակիցներին հորդորել է սպասել մի փոքր, սակայն նրանք սկսել են հատուկ գործիքներով դուռը բացել։

«Ինձ խաբում է, ասում՝ Գագիկն է, դուռը բացի, ես գամ արձանագրեմ, գնամ։ Ասում եմ՝ 5 րոպե սպասեք, մարդ է գալիս, ասում է՝ հեսա ջարդում եմ դուռը։ Իրենց մոտ գործիքներ կային՝ լոմ, մուրճ, անձամբ Գագիկը սկսեց դուռը կոտրել, բռնակը կոտրվեց։ Դուռը քաշեց, ասում է՝ տղերք, լցվեք։ Իրենք էլ 10 հոգով գումարած մի 10 բանվոր, որ պետք է վտարում անեին։ Ասում ենք՝ ո՞ւր է թուղթը, ցույց չի տալիս, ասում է՝ պետի հրամանով եմ եկել, պետք է տունը ազատեք»,- պատմեց կինը։

Դրանից հետո ժամանել են ոստիկանները, երկու անգամ նաեւ շտապօգնություն են ահազանգել, քանի որ վատացել է տղամարդու տարեց մոր ինքնազգացողությունը։ Բժիշկները ինսուլտ են արձանագրել, սակայն հիվանդանոց չեն տեղափոխել։ Դրանից հետո էլ պոլիկլինիկա են ահազանգել, բայց բժիշկները նշել են, որ ռիսկային է այցելելը՝ կորոնավիրուսով պայմանավորված․ «Ուրեմն բժշկը չի գալիս, ասում է՝ ինֆեկցիա կբերենք, բայց վտարողներին կարելի է 20 հոգով մտնել, վտարել»։

Եղիազարյանների ընտանիքը մի քանի տարի է, ինչ բնակարանային վեճի մեջ է։ Բանկերից մեկում գրավադրած բնակարանը աճուրդի է հանվել, ինչից հետո նրանք բողոքարկել են, կասեցվել է վտարման որոշումը, այժմ էլ կրկին բողոք են ներկայացրել՝ վտարման դեմ, միեւնույն ժամանակ վիճարկել են աճուրդի օրինականությունը՝ դրա ապօրինի եւ գործարքային լինելով պայմանավորված։ Հայցերից որոշները դեռեւս նախաքննության, որոշները՝ դատաքննության փուլում են, բայց դատարանը չի բավարարել քննության փուլում գոնե վտարումը կասեցնելու նրանց պահանջը՝ նշելով, որ եթե աճուրդն ի վերջո ապօրինի լինի, ապա բնակարանը նրանց կվերադարձվի։

«Մենք դատարանին նաեւ ապացույցներ ենք ներկայացրել, որ ցույց են տալիս, թե ինչ ապօրինություն է տեղի ունեցել։ Բնակարանն առել է մեկը, որը իր սեփականը տունն է բանկում գրավ դրել, վաճառել։ Նա քաղցկեղ է ունեցել եւ գնելուց որոշ ժամանակ անց մահացել է, մինչեւ այդ վաճառել բնակարանը նույն բանկի՝ «Հայէկոնոմբանկի» աշխատողներից մեկին, որը բնակարանը աճուրդի էր հանել, եւ երկու տարվա ընթացքում այդ անձը, որը տունը վարկով է գնել, վարկի գումար էլ չի վճարել։ Ընդ որում՝ դեռ այն ժամանակ, երբ մենք ասացինք՝ ուզում ենք առնել մեր բնակարանը, ասեց՝ ես կապ չունեմ, բանկի հետ խոսեք։ Կինն էլ այդ գնումի մասին ցուցմունք է տվել, ասել՝ մեզ որտեղից գումար, որ առնեինք։ Դե երեւի վատառողջ է եղել ամուսինը, առաջարկել են գումար, առել է, մի շաբաթվա ընթացքում վաճառել է բանկի աշխատողին»,- պատմեց Արմեն Եղիազարյանի եղբայրը՝ Կարեն Եղիազարյանը։

Նշենք, որ մարտ ամսին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ արտակարգ դրությամբ պայմանավորված` անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ՝ կասեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից այս հարցի շուրջ NEWS.am-ին պարզաբանել են․ «Արտակարգ դրության սկզբնական շրջանում, երբ սահմանափակված էր քաղաքացիների ազատ տեղաշարժը, նախատեսված էին այլ խիստ սահմանափակումներ, Ծառայության աշխատակիցների մեծամասնությունն աշխատում էր բացառապես առցանց, հարկադիր կատարողները և քաղաքացիներն ապահովված չէին հակահամաճարակային պաշտպանության անհրաժեշտ միջոցներով և առկա էին այդպիսիք ձեռք բերելու դժվարություններ, որոշում կայացվեց ստեղծված իրավիճակը դիտարկել որպես կատարողական մի շարք գործողությունների կատարմանը խոչընդոտող անհաղթահարելի ուժ, որի պայմաններում հարկադիր կատարողներն իրավասու են կասեցնել մի շարք կատարողական գործողությունների՝ ներառյալ վտարումների, քանդումների, երեխաների տեսակցությունների կատարումը, մինչև կասեցման հիմքերի վերացումը:

Ներկայումս սահմանափակումների և նշված դժվարությունների զգալի մասը վերացվել է, ուստի թվարկված կատարողական գործողությունների կատարման համար որևէ խոչընդոտ առկա չէ: Այդ իսկ պատճառով կասեցված վարույթները վերսկսվելեն՝ նպատակ հետապնդելով ապահովել ու այդ վարույթներով պահանջատեր քաղաքացիների և իրավաբանական անձանց՝ դատական ակտերով երաշխավորված իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես են ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ Երեւանում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից մեկնաբանել էին, որ Արմեն Եղիազարյանի նկատմամբ բռնություն չի իրականացվել: Ըստ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեկնաբանության՝ Եղիազարյանը դրսևորվել է ոչ պատշաճ վարքագիծ՝ զուգորդված սադրիչ գործողություններով և անպարկեշտ արտահայտություններով, ինչպես նաև փորձ է կատարել խոչընդոտելու հարկադիր կատարողների ծառայողական պարտականությունների կատարմանը: Ծառայությունից տեղեկացրել էին նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իրականացվում է քննություն և ճշտվում են ենթադրյալ միջադեպի մանրամասները։

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Երեւանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ:

Լուսանկարում՝ Եղիազարյանների բանակարանի դռան կոտրված բռնակը