ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող
շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ
նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում
պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին:

Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել
էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16- րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է
հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։ Դիմումի կապակցությամբ իրականացված ստուգման արդյունքները, ինչպես նաև վերը նշված օրենքով նախատեսված սահմանափակումների
հանգամանքը զեկուցվել են ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ ժամանակահատվածում պաշտոնավարող տնօրենին, սակայն վերջինս
ցուցում է տվել, այնուամենայնիվ, պատրաստել ՀՀ ԱԱԾ-ում նրան զինվորական ծառայության ընդունելու հրամանի
մասին նախագիծ և ներկայացնել իրեն։ Արդյունքում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հրամանով 51 տարին լրացած և
փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձը Ծառայությունում նշանակվել է
ավագ խմբի պաշտոնում՝ արդյունքում ստանալով նաև գնդապետի կոչում:


Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական
լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության
նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ
հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է ծագել բացատրություն ստանալ ՀՀ ԱԱԾ
նախկին տնօրենից, ինչը հաշվի առնելով, վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հրավիրել է քննչական մարմին՝
հնարավորություն տալով գրավոր կերպով ներկայացնելու իր փաստարկումները:
Հարկ է նշել նաև, որ հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի
վերականգնվել:

Հիշեցնենք, որ այսօր Արթուր Վանեցյանը կանչվել էր ԱԱԾ՝ հարցաքննության, ինչից հետո հայտարարել էր

«Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրել են բացատրություն տալու համար: Ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց, հարգելով ինստիտուտը, ներկայացել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց:Շատ լավ գիտեք՝ մեղադրանքները, որ հնչեցվել են իմ հասցեին, որեւէ մեկը չի հաստատվել: Ինչպես նրանք, այնպես էլ այս մեղադրանքը հօդս է ցնդելու»,-նշել էր նա:

Իսկ , անդրադառնալով կոնկրետ գործին, Արթուր Վանեցյանը նկատել է. «2018-ին վերականգնվել է աշխատանքի մեր նախկին աշխատակիցներից մեկը, ով ըստ ԱԱԾ մեկնաբանության՝ իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու: Բայց երևի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Եթե օրենքը կարդային հստակ, կհասկանային, որ ոչ մի օրենքի խախտում տեղի չի ունեցել», – հավելել է նա: