Շիրակի մարզում առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը Գյումրիում: Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշվեց ձևավորել հատուկ հանձնաժողով: «Գործընթացը ոչ միայն Շիրակում, այլ նաև Լոռիում ու Արագածոտնում է իրականացվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Տարբեր կացարաններ տարբեր կերպ են ապամոնտաժվելու ու տարածքից հանվելու: Խոսքը ոչ թե տնակում բնակվող բնակչին բնակարանով ապահովվելու, այլ քաղաքի, կամ բնակավայրի տարածքը ժամանակավոր կացարանից ազատելու մասին է»,- նշել է Ալբերտ Մարգարյանը: Շատ բարդ խնդիրներ են առաջ գալիս, քանի որ ընտանիքների` տնակում հայտնվելու պատճառները տարբեր են՝ մի մասը երկրաշարժից անօթևան է. ընտանիքի մեծ լինելու պատճառով բնակարան տեղափոխվել է մի մասը, մյուսը մնացել է տնակում, որոշներն էլ ստացել են փոխհատուցում, բայց վաճառել բնակարանը ու մնացել տնակում, կան նաև, որ ներքին միգրացիայի արդյունքով եկել տնակ են գնել և ապրում են Գյումրիում:

«Չկան ընտանիքներ, որոնք մնալով անօթևան երկրաշարժից, կորցնելով բնակարան և ճանաչված լինելով շահառու` նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ կան ընտանիքներ, որոնք ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,- նշել է Ալբերտ Մարգարյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում: