ՏՂԵՐՔ, ԱՆԽՈՒՍԱՓ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՊԱՀԸ

Հաշված օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ էր բռնի ուժի գործադրումն ու ոստիկանության բաժին բերման ենթարկելը և ահա արդեն բոլորովին թարմ դեպք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ՝ նույն բռնի ուժի կիրառմամբ ու բերման ենթարկելու նույն ծանոթ գործելաոճով։

Ու քանի որ ոստիկանությունը համակերպվել է ոչ թե օրենքին ծառայելու գաղափարին, այլ օրվա իշխանությունների սպասյակը լինելու արատավոր կերպարին՝ գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում իր ջանքերում, ուժի գործադրումն ավելի ու ավելի անկաշկանդ ուղեկցելով մարմնական վնասվածքներ հասցնելով, ընդ որում այնպիսիք, որ քաղաքացին հարկադրված դիմում է բժշկական միջամտության։

Զ․ Փոստանջյանի նկատմամբ կիրառվածը խայտառակ բիծ է համազգեստավոր անձի նկարագրին։ Լռելյայն կուլ տալով ՀՀ պետական սահմանի նկատմամբ թշնամու ոտնձգությունները՝ հայ ոստիկանը, սպան ձեռք են բարձրացնում հայ կնոջ, բազմազավակ մոր վրա։ Իշխող դասի կողմից հայ սպայի կերպարի բարոյական խեղումը հասցվել է օրենքի աստիճանի, հարվածի տակ են առնվում արժեհամակարգային հասկացություններ, որոնցից այն կողմ անդունդ է։


Սթափվելու համար դեռ ուշ չէ։ Հայ ոստիկանությանը ողջամտության կոչ ենք անում՝ հիշեցնելով, որ ոչինչ չի մոռացվում, անխուսափ գալու է պատասխան տալու պահը:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ