ԿԳՄՍ նախարարությունը որոշել է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, ինչը միանշանակ չի ընդունվել Կամերային երաժշտական թատրոնի դերասանների կողմից: Այդ թատրոնի դերասան Գեւորգ Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 3-ին իրենց տնօրենը ժողով է հրավիրել ու տեղեկացրել, որ նախարարությունում եղած խորհրդակցության ժամանակ երկու թատրոնների տնօրեններին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասել է, որ տեղեկացնեն անձնակազմերին երկու թատրոնների միավորման մասին:

«Մենք դեռ փաստաթղթային որեւէ հիմք եւ պաշտոնական մեկնաբանություն չենք ստացել, իրենք հղում են անում այն բանի վրա, որ երկու թատրոններն էլ երաժշտական ուղղվածություն ունեն, դրա համար կարող են համատեղել իրենց աշխատանքը, չնայած որ գեղագիտության, ոճի ձեռագրի առումով Կամերային երաժշտական եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնները իրարից տարբերվում են: Ասում են, որ մենք ամբողջ կազմով, որը 60 հոգի է, միանալու ենք Պարոնյան թատրոնին, որի կազմն ավելի մեծ է: Մեր կարծիքով, եթե երկու կազմերը միանան, բնականաբար, կլինեն կրճատումներ, որովհետեւ չի կարող մի թատրոնում լինել 65 դերասան, այն էլ այն դեպքում, երբ, օրինակ, Պարոնյանում 45 դերասան կա: Բայց եթե նայենք իրենց խաղացանկը եւ զբաղվածությունը, կտեսնենք, որ այնպես չի, որ այդ 45-ը գերծանրաբեռնված աշխատում են: Իհարկե, բոլոր թատրոններում էլ այդ խնդիրը կա: Եվ եթե մենք այստեղ ակտիվ աշխատում էինք, այնտեղ ավելի պասիվ է լինելու մեր աշխատանքը, բայց սա երկրորդ խնդիրն է»,-ասաց Գեւորգ Վարդանյանը:

 «Ի դեպ, վարչական մասով, երբ մեր տնօրենը հարցրել է պարոն Խզմալյանին,թե ինչ է լինելու, փոխնախարարը պատասխանել է` երկու տնօրեններով որոշեք»,-հավելեց մեր զրուցակիցը:

Գեւորգ Վարդանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ օրերս հանդիպել են փոխնախարարի հետ, ապա մանրամասներ ներկայացրեց. «Նախ չկա որեւէ փաստաթուղթ, որին հղում անելով մեր տնօրենը մեզ ինչ-որ բան բացատրի, թե նախարարությունն ինչ նախագիծ է շրջանառում: Իրենց բանավոր հիմնավորումը բանավոր հետեւյալն է` շենքը պետք է տրվի սիմֆոնիկ նվագախմբին, որովհետեւ ունեն պետական կարգավիճակ, բայց շենք չունեն եւ փորձերը տարբեր վայրերում են անում, նույնիսկ նրանց արտասահմանյան գործընկերներն են հարցնում, թե ինչու նվագախումբը շենք չունի:

Հիմա որոշել են, որ երեւի ամենահարմար շենքը կամերային երաժշտական թատրոնինն է: Սերգեյ Սմբատյանի անունը պարոն Խզմալյանը չի տվել մեզ հետ զրույցում, բայց եթե ասում է` պետական սիմֆոնիկ նվագախումբ, ուրեմն խոսքը Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին է: Մի խոսքով, մեր շենքը պետք է տրվի այդ նվագախմբին, ու մեզ էլ տանում են Պարոնյան թատրոն: Ասում են, որ մեզ համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն, նվագախմբի հետ աշխատանքը մեր աշխատանքին օգուտ կտա: Սակայն, խնդիրն այն է, որ թեեւ մեր թատրոնի անունը եղել է կամերային երաժշտական թատրոն, մեր խաղացանկը եւ ուղղվածությունը գնացել է դրամատիկական ներկայացումների կողմը, եւ հանդիսատեսը գալիս է այդ ներկայացումներին ու ունի այդ ներկայացումների պահանջարկը:

Այսինքն մեզ կաղապարել միայն երաժշտական բառի մեջ, արդարացված չէ: Ի դեպ, նախկին մյուզիքլի թատրոնից շատ քիչ մարդիկ են մնացել, եւ թատրոնը համալրվել է դրամատիկական թատրոնի դերասաններով ու մեր ներկայացումներն էլ գնացել են այս ուղղվածությամբ»:

Դերասանն ընդգծում է, որ ի տարբերություն այլ թատրոնների, իրենք ամսվա ընթացքում 20-22 ներկայացում են խաղում: Նա նաեւ տարակուսանք է հայտնում, որ կան թատրոններ, որոնք շենք չունեն, բայց նրանց չեն փակում կամ միավորում այլ թատրոնների հետ, ուրեմն ինչո՞ւ պետք է շենք, կազմ եւ հստակ խաղացանկ ունեցող թատրոնը տարրալուծվի այլ թատրոնի մեջ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում հաստատել էր, որ իսկապես ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին: Նա նաեւ ընդգծել էր, որ հանդիպումը Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվի հետ անցել է բարձր մակարդակով, փոխադարձ ըմբռնման եւ հարգանքի մթնոլորտում։ Ըստ փոխնախարարի, Կամերային երաժշտական թատրոնը իր հիմնական առաքելության և կանոնադրական խնդիրներով մոտ է այն առաքելությանն ու խնդիրներին, որ ունի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ինչ վերաբերվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքին, այն իսկապես հանձնվելու է Պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությանը: