Բելգիացի տարեց տուրիստը ծեծի է ենթարկել իտալական Բոլոնյա քաղաքի օդանավակայանի աշխատակցին այն բանից հետո, երբ աշխատակիցը նրանից ուղեբեռի համար հավելյալ գումար է պահանջել։ Այս մասին հայտնում է տեղական SudInfo պարբերականը։

Ըստ հաղորդման 77-ամյա բելգիացի տարեց տուրիստի ուղեբեռի քաշը գերազանցել է թույլատրված նորմը եւ երբ աշխատակիցը օրինական կերպով պահանջել է հավելյալ քաշի համար վճարել, նա իրեն ոչ ադեկվատ կերպով է պահել։ Ականատեսների վկայությամբ, նախ սկսվել է վիճաբանություն, իսկ հետո արդեն բելգիացին հունից դուրս է եկել, գցել է օդանավակայանի աշխատակցին գետնին, քաշել մազերից, եւ սկսել բռունցքով հարվածել նրան։ Տուրիստին հանգստացրել են օդանավակայանի մյուս աշխատակիցները։

Նա արդեն ինքն իրեն տիրապետել կարողանալուց հետո ներողություն է խնդրել, սակայն ծեծի ենթարկված աշխատակիցը դիմել է ոստիկանություն։ Առաջիկա մեկ ամիսը նա կանցկացնի հիվանդանոցում՝ ստացած վնասվածքների պատճառով։