Օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչ «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ «Արտաշատ» բժշկական կենտրոնից վիրավորներից երկուսը, ովքեր երեխաներ են, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 2 մեծահասակներ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։ Նրանք են՝ 36-ամյա Արծրուն Օհանյանը, 32-ամյա Զվարթ Մինասյանը, 6-ամյա Հրանտ Օհանյանը և 8-ամյա Գևորգ Օհանյանը։