Նախորդ երկու նախարարների հեռացումից հետո ՀՀ ԱԳՆ հայտարարությունները ոչ միայն զրկվել են հայկական պահանջների շեշտադրումներից եւ աղքատացել բովանդակային առումով, այլեւ աստիճանաբար վերածվում են քարոզչական մանիպուլյացիաների, լրացնելով Հայաստանի դեմ Մոսկվայի ու Բաքվի քարոզչությունը։

Սոչիից հետո ՀՀ ԱԳՆ հայտարարությունն այս շարքից է։ «Սոչիի եռակողմ հայտարարությամբ կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը», ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նույնիսկ մի կողմ թողնելով հանգամանքը, որ Սոչիում Պուտինը գործածեց միջանցք բառը, իսկ Ալիեւն ու Էրդողանը հայտարարեցին միջանցքների հարցի լուծվածության մասին, նշենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի տարածքով «ադրբեջանն» ու Նախիջեւանն իրար կապող ճանապարհը վերահսկելու է ՌԴ ԱԴԾ-ն։ Նոյեմբերի 9-ի հայտարարության այդ կետը չեղարկվե՞լ է։ Եթե այդ ճանապարհը լինելու է ՀՀ իրավազորության ներքո, ինչպես պնդում են վարչապետն ու ԱԳՆ-ն, ինչո՞ւ է այդ ճանապարհը հսկելու ՌԴ ԱԴԾ-ն։


ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում այսօր նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի եւ Բաքվի ԱԳ նախարարի հանդիպումը։ Նիստից առաջ ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ ԵԱՀԿ-ն կարող է օգտակար դեր խաղալ հակամարտությունների, այդ թվում «հայ-ադրբեջանական վիճելի հարցերի» կարգավորման հարցում։ ՌԴ պաշտոնական դիրքորոշմամբ՝ այդ դերը սահմանափակվում է հումանիտար խնդիրներով, որոնք առաջնահերթություն է հռչակել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, եւ այդ պայմանով է Բաքուն համաձայնել մասնակցել Մինսկի խմբի շրջանակում հանդիպումներին։

«Ալիեւի ականջը քաշելու», գերիների հետեւից ժամանակ առ ժամանակ Մուրադովի մեկնելու, «ադրբեջանական զորքի հետքաշման» եւ նման կարգի ստոր քարոզչական հնարքների մակարդակին իջած մանիպուլյացիաները միջանցքները, սահմանազատումը, ապաշրջափակման անվան տակ Հայաստանի լիակատար մեկուսացումն ու շրջափակումը, հայկական պետականությունը վերացնելու ծրագրերն իրականացնելու նպատակ ունեն։

Բայդենի հրավիրած համաժողովի, Բրյուսելի հանդիպման շեմին Մոսկվան ձգտում է իրականացնել մի քանի անշրջելի քայլեր եւս՝ միջազգային հանրությանը «օբյեկտիվ իրողությունների ճանաչմանը» հակելու համար։ «Եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ կատարումը», ինչին հղում են անում ՀՀ ԱԳՆ-ն ու վարչապետը, բացառում է հայկական շահերն ու միջազգային հարթակներում քաղաքական կարգավորման հարցը։

Աղբյուր՝  https://www.lragir.am/2021/12/02/684976/