«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, խոսելով Նախիջևանի մասին, ասել է, որ Իրանը կողջունի ճանապարհի ապաշրջափակումը, սակայն դա չպետք է պատճառ հանդիսանա անտեսելու Սյունիքի մարզով անցնող ցամաքային ճանապարհը և «Հյուսիս-Հարավ» ծրագիրը:

Դեսպանի մտահոգությունը հիմքեր ունի։ Հայաստանի կառավարությունն այնպիսի նախանձախնդրությամբ է փորձում հարաբերություններ կառուցել Բաքվի և Անկարայի հետ, որ Թեհրանում զգացել են Հյուսիս-Հարավ ճանապարհի նկատմամբ Երևանի հետաքրքրության կորուստը։

Հայաստանի կառավարությունը վերացրել է Կոստանդնուպոլիս թռիչքների «օդային հարկը», վերացրել է թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն, խոսում է փաստաթղթերի մասին, որոնցում ակնարկ կա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչման և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին։

Ընդամենը մեկ տարի առաջ Բաքուն ու Անկարան Ռուսաստանի աջակցությամբ հարձակվեցին եւ մասնատեցին Հայաստանը, իսկ հայ-իրանական սահմանը եւ Սյունիքի մարզն առայժմ պահպանվեց գլխավորապես Թեհրանի, ինչպես նաեւ Արևմուտքի կոշտ դիրքորոշման շնորհիվ։ Մեկ տարի էլ չի անցել, և Հայաստանի իշխանությունն արդեն մոռանում է Իրանի, Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին և ասում, որ Նախիջևանով և Մեղրիով ճանապարհ կառուցելն ավելի էժան է։

Դեսպան Զոհուրին իր հարցազրույցում նշել է, որ Հայաստանով անցնող երթուղին Իրանի համար շատ կարևոր է, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը Պարսից ծոց-Սև ծով ծրագրի մի մասն է։ «Հիմնական նախագիծը Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհի չորրորդ տրանշն է, որը պետք է միացնի Քաջարանն ու Սիսիանը կամուրջներով ու թունելներով։ Այս ծրագրի արդյունքում սահմանից Երեւան ճանապարհը կկրճատվի 60 կմ-ով կամ 2-3 ժամով։ Սա գրավիչ ճանապարհ կլինի ոչ միայն Իրանի և Հայաստանի, այլ նաև շահագրգիռ այլ երկրների համար»,- ասել է դեսպանը։

Մեկնաբանելով Նախիջևանով երկաթուղի բացելու Հայաստանի մտադրությունը՝ դեսպանն ասել է, որ «Ջուղա տանող երկաթգիծը պահպանվել է, և եթե ապաշրջափակման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Ջուղա-Նախիջևան երկաթգծով կապ կստեղծվի Երևանի հետ»։

Դեսպանը նշել է, որ Իրանը կարևորում է հայ-իրանական սահմանի Նորդուզից Սյունիքի մարզով Երևան տանող ցամաքային ճանապարհը։ «Սա մեզ համար հիմնական տարանցիկ ուղին է»,- ասել է դեսպանը։ Նա հույս է հայտնել, որ շուտով կսկսվեն «Հյուսիս-Հարավ» ծրագրի ֆինանսավորումն ու իրականացումը Հայաստանում։ «Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները», – ասել է դեպսանը՝ հիշեցնելով վերջերս Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստանի այցի մասին:

«Իրանը ողջունում է տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը, եթե այն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Երկխոսությունը պետք է փոխարինելու գա ուժային մեթոդներին», նշել է դեսպանը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/27/695530/