Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ բանակցություններին, ասել է, որ հաղորդակցությունները կարող են բացվել՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները։ «Շատ կարեւոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված նորմերը, որպեսզի բանակցությունները լինեն կառուցողական»,- ասել է դեսպանը։


Հայաստանի և Իրանի ​​պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Սա ապացուցում է այս տարածաշրջանի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար, հավելել է նա։

Հայաստանի Սյունիքի մարզը վերջին օրերին կրկին դարձել է օտարերկրյա դեսպանների «ուխտագնացության» վայր։ ԱՄՆ դեսպանը Սյունիքում հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է օգնել մարզին հաղթահարելու մարտահրավերները, ԵՄ դեսպանը սարքավորումներ է հանձնել Գորիսի հիվանդանոցին։ Իսկ ՌԴ դեսպանը այցելել է ռուս սահմանապահներին՝ կարծես ակնարկելով, որ ցանկացած դասավորության դեպքում Հայաստանի հարավը լինելու է ՌԴ ԱԴԾ վերահսկողության տակ։

Բրյուսելում մայիսյան հանդիպումից հետո Ալիեւն ասել է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Սա դիտվեց որպես նոր ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելու համաձայնություն Հայաստանի կառավարության կողմից: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան ասել է, որ Հայաստանի համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որի մասին խոսվում էր մոտ մեկուկես տարի առաջ, և որը փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ու Բաքուն պայմանավորվել են բացել հաղորդակցություններ, որոնք Արցախի օկուպացված հարավային շրջանները Իրանի տարածքով կապելու են Նախիջևանի հետ։ Հայաստանի տարածքով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասին պնդում են Բաքուն և Մոսկվան, ոչ թե հաղորդակցական, այլ աշխարհաքաղաքական նշանակություն ունի. դա Հայաստանի հարավի օտարումն է եւ Իրանից Հայաստանը կտրելը։ Թեհրանի համար նման տարբերակը կտրականապես անընդունելի է։


Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է զենքով պաշտպանել այդ սկզբունքը։ Հայաստանի իշխանությունը պատրա՞ստ է նույն վճռականությամբ պաշտպանել իր տարածքը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/27/719925/