Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը, հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։

«Մինչ օրս սա այս ոլորտում ամենաընդգրկուն միջազգային համաձայնագիրն է, որն օգտագործվում է որպես գործողությունների հիմք Եվրոպայի եւ նրա սահմաններից դուրս շատ երկրների կողմից: Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը կամրապնդի զոհերի իրավական պաշտպանությունը եւ նրանց արդարադատության մատչելիությունը, կպաշտպանի Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք տուժել են բռնությունից ոչ միայն Ուկրաինայում, այլեւ արտասահմանում։ Նախագահի ստորագրած օրենքի համաձայն՝ Ուկրաինայում ոչ մի գաղափարախոսություն պետության կողմից ճանաչված չէ որպես պարտադիր եւ ենթակա չէ իրականացման։ Ուկրաինան կկիրառի Կոնվենցիան Ուկրաինայի Սահմանադրությամբ սահմանված արժեքներին, սկզբունքներին եւ նորմերին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ։